Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Երեկ «Նարեկացի» արվեստի միությունը կազմակերպել էր հանդիպում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ: Հանդիպումը կրում էր «Մտորումներ ինքս ինձ հետ» խորագիրը:
Գինոսյանը խոստովանեց` դժվար է, երբ բեմում միայնակ է` հերիք չէ, դեռ պետք է ոչ թե պարի, այլ խոսի: Հետո արդեն զրույցն ինքնըստինքյան ստացվեց:
***
2000-2001թվականն էր, երբ սկսեցի գրել: Ոչ ոք ինձ հետ չէր, ինչպես այն ժամանակ, երբ սկսեցի պարել: Երբ սկսեցի պարել, ասում էին` ընտանիք-երեխա ունես, ամոթ է` այդ տարիքում պարում ես: Իսկ երբ սկսեցի գրել, ասում էին` թարգի, անգամ Սևակ չեն կարդում: Ուղղակի չեմ կարող չգրել, քանի որ գալիս է մի ժամանակ, և ես լցվում եմ և դատարկվելու կարիք կա: 2006-ին լույս տեսավ իմ «Ողջո՜ւյն, տղե՛րք» ժողովածուն:
***
Կարծում եմ` զոհված տղերքը չեն գնացել, նրանք ուղղակի մեզնից վեր են` իրենց հավերժական խրամատներում: Նրանք ընտրել են հոգևոր սահմանագծում լինելու և մեզ անընդհատ սթափ պահելու առաքելությունը:
Տարիներ առաջ մեր ջոկատի տղաներով Գանձասար էինք գնացել` Էդիկ Բաղդասարյանի շիրիմին այցի: Հայրն ուզեց, որպեսզի ոտքով իջնենք ներքև, որ ճանապարհին ևս մեկ անգամ տեսնենք այն տարածքները, որոնց համար կռիվ էր տվել Էդիկը: Քայլելով, զրուցելով գնում էինք, իսկ ներքևում արդեն սեղան էին գցել և մեզ էին սպասում: Երբ հասանք տեղ, տեսանք, թե ինչպես են զոհված տղերքի մայրերը, սրահի դռան դիմաց կանգնած, լալիս: Հարցրի, թե ինչո՞ւ են լալիս` դրսում կանգնած: Նրանցից մեկը պատասխանեց. «Մտեք ներս և կհասկանաք»: Մտա ներս, սրահում փողկապավոր պաշտոնյաները հոտնկայս զոհված տղաների կենացն էին խմում, իսկ նրանց մայրերը տեղ չունեին նստելու և դրսում կանգնած էին մնացել:
***
Զոհված տղերքը հրամայում են չպառակտվել, չերկնչել, մանրադրամի չվերածվել: Այն, ինչ արել են Սովետական միությունը, Օսմանյան Թուրքիան, հայի մեջ ազնվականության ոչնչացումն է, բայց վստամ եմ` քանի դեռ սահմանին ոչնչով աչքի չընկնող տղերքը հերոսանում են, մեր տեսակը չի կորչի: Երկիրը երկու եզր ունի` այն սկսվում է Եռաբլուրից և վերջանում իրական սահմանով, և քանի դեռ այդ սահմանն արժանապատվորեն պահում ենք, մեզ ոչինչ չի լինի: Բայց մենք պետք է արժանի լինենք մեր սահմանը պահող տղերքին, այնպես անենք, որ զգան` թիկունքում մենք կանք:
***
Ո՞նց կարելի է պատերազմի մեջ գտնվող երկիրը լքել, դա նույնն է, թե խրամատը լքես կռվի ժամանակ: Մենք հիմա պատերազմի մեջ ենք, քանի որ եթե տարեկան 100 տղա է զոհվում, սա մենք խաղաղությո՞ւն ենք կոչում…
***
Ամեն Ամանորին, մարտի 8-ին, այլ տոներին քանի-քանի ծաղիկներ են հայտնվում աղբամաններում: Իսկ եթե այդ գումարները կարող են տղերքին օգնե՞լ: Մի՞թե այդքան քաղքենի ենք դարձել… Երբ մենք, մեր տանը նստած, տաք-տաք Ամանոր ենք նշում, գիտակցո՞ւմ ենք արդյոք, որ սահմանին կանգնած մեկի ոտքերը սառչում են այդ պահին: Սահմանին կանգնած տղերքը պիտի հասկանան, որ հայրենիք են պաշտպանում, այլ ոչ թե հոգևոր անապատ:
***
Շատերն ասում են` կեցցես, հերոս ես, որ կռիվ ես գնացել: Ես չեմ գտնում, որ հերոս եմ, սովորական հայ տղա եմ, որն ուղղակի պարտավոր էր գնալ ու կանգնել այնտեղ: Շատերի նման չեմ ասի, թե անվախ էի, ոչնչից չէի վախենում: Չէ՛: Ամեն անգամ մեկնելուց առաջ մտածում էի, որ այս անգամ էլ չեմ վերադառնա, քանի որ չի կարող բախտն այդքան ժպտալ մեկին: Պատերազմը կարող եմ րոպե առ րոպե հիշել, այդ տարիները տպավորվել են իրենց ամեն մի ժամով, իսկ հիմա տարին անցնում-գնում է, ու մտածում եմ` ի՞նչ եմ արել տարվա ընթացքում, ոչինչ` ճմրթած թղթեր, կենսագրության կորցրած մի տարի…
***
Երբեք ավելորդ ոչ մի բան չեմ անում: Երբեմն, մատնացույց անելով փողկապավոր մարդկանցից շատերին, ինձ հարցում են` սրա՞նց համար եք գնացել կռվել: Օ, ողորմելինե\'ր, ոչ մեկի համար էլ չեն կռվում: Կռվում ես քո պարտքը կատարելու համար, հայրենիքի համար, կռվում են սեփական ոգու ազվվության համար, կռվում են, որովհետև հայրենիքն ունի դրա կարիքը:
***
Սա տեսակի կռիվ է. իշխանության օգնությամբ, թե առանց` մենք հաղթելու ենք: Մենք ուղղակի իրավունք չունենք այս խաղաղությունը պարտվելու, իսկ տեսակ ունեցողներն իրավունք չունեն պարտվելու նրանց, ովքեր անդեմ են:
Կարինե Հարությունյան