Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ իր կուսակցությունը չի միանալու ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության կազմակերպած դիմում-ստորագրահավաքին, որով ՀԱԿ-ը ցանկանում է դիմել Սահմանադրական դատարան` վիճարկելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները: Հաշվի առնելով, որ ստորագրահավաքը կազմակերպվում է բացառապես ԱԺ-ի պատգամավորների շրջանում, տրամաբանում ենք, որ երբ Րաֆֆին հայտարարում է, թե «Ժառանգությունը» դրան չի միանալու, ինքը խոսում է այդ կուսակցության` ԱԺ-ում ներկայացված 5 հոգանոց խմբակցության մասին: Դե այսինքն` Զարուհի Փստանջյանը, Ռուբեն Հակոբյանը, Ալիկ Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը եւ Թեւան Պողոսյանը, երբ իրենց մոտենա ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի օգնականը` խնդրելով ստորագրել, մերժելու են տղային` հիշատակելով Րաֆֆիի խոսքերը: Բայց սա մեծ հաշվով:
Իրականում բոլորս էլ գիտենք, որ Ալիկ Արզումանյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը չնայած «երկար ճանապարհ» էին սկսել «Ժառանգության» հետ, բայց նախ` երբեք չեն եղել այդ կուսակցության շարքերում, հետեւաբար երբեք Րաֆֆիի խոսքերից մահու չափ չեն ազդվել, Թեւան Պողոսյանը եւս երբեք «ժառանգական» չի եղել, ու ուրեմն Րաֆֆիի խոսքերը նրա համար էլ «ասնավանի» չեն, դե իսկ Ռուբեն Հակոբյանը բոլորովին վերջերս հայտարարեց, որ դուրս է գալիս «Ժառանգություն»-ից, այսինքն ինքը եւս պարտավոր չէ անել այնպես, ինչպես ուզում է Րաֆֆին: Մնում է Զարուհի Փոստանջյանը: Վերջինս, սակայն, արդեն իսկ ստորագրել է ՀԱԿ-ի դիմումի տակ, այլ կերպ ասած` ԱԺ-ում «Ժառանգություն» կուսակցությունը ստորագրել է ՀԱԿ-ի դիմումի տակ, չնայած կուսակցության նախագահի որոշմանը, որ իրենք նման բան չեն անելու:
Հարց է առաջանում, ո՞ւմ նկատի ունի Րաֆֆին, երբ ասում է, որ «Ժառանգությունը» չի մասնակցելու ՀԱԿ-ի ստորագրահավաքին: Երկրորդ հարցն էլ է առաջանում, չգիտի՞ արդյոք Րաֆֆին, որ իր կուսակցության խմբակցությունը արդեն իսկ մասնակցել է այդ ստորագրահավաքին: Եթե չգիտի, ուրեմն չի վերահսկում իրավիճակը սեփական կուսակցությունում, եթե գիտի, ուրեմն դիտմամբ խեղաթյուրում է իրավիճակը` տպավորություն ստեղծելով թե վերահսկում է իրավիճակը սեփական կուսակցությունում:
Երկուսն էլ, հասկանալի է, վատ են: Բայց մեկ այլ, շատ ավելի վատ բան կա եւ հավանաբար մենք առաջինն ենք, որ այդ մասին ասում ենք, եւ ուրեմն դա անում ենք ընկերաբար, սրտի ցավով, թախծոտ դեմքով, ընկճված ներքինով, տխուր երգ լսելու ցանկությամբ. «Ժառանգություն» չկա, պարո\'ն Րաֆֆի, իսկ դուք նմանվել են դպրոցի ֆիզիկայի այն ուսուցչին, որը գրատախտակին ակտիվորեն ֆիզիկական սահմանումներ է գրում եւ բացատրում` առանց թեքվելու դեպի դասարանը եւ երբ ավարտելուց հետո թեքվում է, տեսնում է, որ ողջ դասարանում ինքը մենակ է մնացել, բոլորը, քանի որ բան չեն հասկանում, աննկատ դասից փախել են, այդ թվում` գերազանցիկ Զառան:
Հովիկ Աֆյան