Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի հանրաքվեի վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունը, որը խիստ տոնայնություն ուներ, ասաց, որ ՀՀԿ-ն, առհասարակ, սպառնալիքներին սպառնալիքներով չի պատասխանում:
«Լռում ենք, որովհետև ոչ թե խոսք չունենք ասելու, այլ լռում ենք պատշաճության համար: Բնականաբար, մենք էլ ենք շահագրգիռ, որ եթե խախտումներ են եղել, ապա դրանք բացահայտվեն ըստ արժանվույն, օրենքի շրջանակներում: Ես այդտեղ խնդիր չեմ տեսնում»,- ասաց նա:
Հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ ԱՄՆ դեսպանատունը նման խիստ հայտարարությամբ հանդես եկավ, ԱԺ նախագահը կարծիք հայտնեց, թե նայած որ պետությունը ինչ մոտեցումներ ունի տվյալ երկրի նկատմամբ և թե ինչ քաղաքական շահ ունի տվյալ երկրում: «Նրանք կարող են անել հայտարարություներ, որոնք մեզ համար ընդունելի կամ մերժելի կլինեն»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Լրագրողների դիտարկմանը, որ հայտարարության հեղինակը՝ ԱՄՆ-ը, համարվում է աշխարհի ամենաժողովրդավար պետություններից մեկը, նա պատասխանեց` «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օրինակը բերելով. «Եթե ԱՄՆ-ում նման ձևով իրեն դրսևորի որևէ պատգամավոր, ապա նման պատգամավորի նկատմամբ պատիժները ավելի խիստ կլինեն»:
Ըստ Գալուստ Սահակյանի` ընտրությունների նկատմամբ վստահությունը բարձրացնելը կախված է ոչ միայն իշխանություններից, այլև համակարգից, որովհետև հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը` ոչինչ, դրա համար էլ կրքերը լարվում են ամեն ընտրություններից հետո: Իսկ բարեփոխված Սահմանադրությամբ այդպես չի լինելու, և պարտվողն էլ կկարողանա իր դիրքերն ունենալ: Գալուստ Սահակյանը հավելեց, որ չի ուզում կշռելի դարձնել ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը, որովհետև ՀՀԿ-ն գիտի, թե այդ հայտարարությունն իրականում որտեղից է գալիս:
«Ինչո»ւ ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն տարածեց, այլ ոչ Ճապոնիայի կամ Չինաստանի դեսպանատունը: Աշխարհաքաղաքական դրությանը տեղյակ ենք և գիտենք: ԱՄՆ դեսպանը Հռոմի պապը չէ, որ սրբություն համարենք, մենք գիտենք` ամեն մեկի հայտարարությունը որտեղից է գալիս»,- ասաց նա:
Ըստ Սահակյանի` ԱՄՆ դեսպանատունը նաև գովասական հայտարարություններ է արել, որ հանրաքվեն լավ է անցել, բայց դրա մասին լրագրողները չեն ասում: