կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-03 14:07
Առանց Կատեգորիա

Պուտինը հեգնում էր

Պուտինը հեգնում էր

Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած «պուտինիադայում», երբ ՀՀ չինովնիկական դասը մրցում էր ռուս տիրոջը քծնելու ասպարեզում և, որպեսզի տերը քծնանքը բնագրով վայելեր, խոսում միմիայն նրա լեզվով, տիրոջ մի արտահայտություն, ավելի ճիշտ՝ մի խոսք զարմանալի կերպով ուշադրության չարժանացավ: Չնայած խոսքը վերհիշելիս ամեն անգամ քեզ պատում է ամոթի և նվաստացման այնպիսի զգացում, որի դիմաց ոչինչ է թե՛ հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության խաչարձանի բացումը, թե՛ երկրիս նախագահի ու հարևան երկրի տրանսպորտի նախարարի զարմանալի «հավասարեցումն» այդ արարողության ընթացքում, թե՛ երկրի վարչապետի ու նախագահի «հաշվետու» զեկուցումները միջտարածաշրջանային ֆորումում, թե՛ նաև ինքնիշխան երկրիդ ուժային կառույցների չափազանցված ճիգը՝ Պուտինի աչքին հնարավորինս «սիրալիր Հայաստան» երևացնելու նսեմ ջանքով: Այնքան նսեմ, որ ոստիկանության պետի տեղակալը ենթակաների ներկայությամբ կարող է վիրավորել իր դստեր կամ թոռնուհու տարիքի լրագրողին անմեղ ու միանգամայն կոռեկտ հնչած հարցի համար: Այնքան նսեմ, որ «Ինքնիշխան Հայաստան» պաստառը դիտվի իբրև անարգանք հյուրի հասցեին և ջանադրորեն խլվի ցուցարարի ձեռքից: 

 

Բայց ամենանսեմացուցիչը մամուլի ասուլիսում Վ. Պուտինի՝ Մաքսային միությանն անդամակցելու` Հայաստանի ջանքերի մասին հնչեցրած հեգնախառն խոսքն էր, երբ մարդն ուղղակի ասաց, թե հայկական կողմն այնպիսի թափով է լծվել գործընթացին, որ ռուս գործընկերները նրա հետևից արդեն… չեն հասցնում՝ չկարողանալով նույնպիսի արագությամբ արձագանքել մեր կողմի գործողություններին: Ակնհայտ էր՝ Պուտինը հեգնում ու ակնարկում էր՝ ձեզ այդքան մի կոտորեք, մի քիչ արժանապատիվ եղեք, գոնե այնչափ, որ շփվելը ձեզ հետ տհաճ չլինի: Տհաճ՝ ողջագուրանքը մերժելու աստիճանի:

 

Լ. ՍԱՐԳՍՅԱՆ