Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում չմեկնաբանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը՝ նշելով, որ գործընթացը սկսվել է 5 ամիս առաջ, և որ քննությունը շարունակվում է:
Ինչ վերաբերում է Քոչարյանի հայտարարությանը, թե «2008թ․ մարտի 1-ին մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային անկարգությունների գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից», Փաշինյանը նշեց, որ իր նկատմամբ արյան մեղադրանք չի եղել:
«Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացված դատավճռով ինձ վրա արյան մեղադրանք չի եղել: Եվ դուք գիտեք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է Մարտի 1-ի գործով որոշումների հրապարակումը: Կարծում եմ, որ այդ որոշումներն արդեն իրենց մասին խոսում են և ցույց են տալիս, որ 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ նախորդ իշխանությունների վարկածը սկզբից մինչև վերջ շինծու է: Եվ ես համոզված եմ, որ իրական պատկերը, ըստ էության, բացահայտված է, մանրամասներն ու պատասխանատուները կբացահայտվեն»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ 0038 հրամանի մասին տեղյակ չի եղել, Փաշինյանը պատասխանեց, որ դա հնարավոր բան չէ:
Անդրադառնալով դատական համակարգին ցուցումներ տալուն, նա պնդեց՝ նման բան չկա, ցուցումներ չեն տրվել: «Այդ թվում՝ Քոչարյանի դատավարության գործով: Գաղտնալսված հեռախոսազրույցներում դա ապացուցող մասերը կտրված են, մոնտաժված: Պաշտոնապես հայտարարում եմ՝ ՀՀ դատական համակարգը երբեք այսքան անկախ չի եղել, որքան այսօր»,- ընդգծեց Փաշինյանը:
Դիտարկմանը, թե հեռախոսազրույցում ԱԱԾ տնօրենն ասում է՝ դատավորին ինչ պետք է, կասենք, նա արձագանքեց, որ Յուրի Խաչատուրովի կալանավորման մասին իմացել է Սանկտ Պետերբուրգում: «Եթե դա իշխանության կողմից կազմակերպված օպերացիա լիներ, այդ օրը ԱԱԾ տնօրենը Շվեյցարիայում չէր լինի, վարչապետն էլ` Սանկտ Պետերբուրգում: Ամենակարևոր բանը, որ այս նոր ձայնագրությունը հաստատեց՝ ես Սանկտ Պետերբուրգում եմ իմացել այդ կալանքի պրոցեսների մասին: ԱԱԾ տնօրենը զանգում է ինձ և ասում՝ կալանքի են տանում Խաչատուրովին, ես հարցնում եմ՝ ե՞րբ, այսինքն՝ տեղյակ չեմ, առաջին անգամ տեղեկանում եմ դրանից»,- նշեց նա՝ հավելելով, որ Սանկտ Պետերբուրգում հատուկ կապ չկա, և որ «կյանքն է ստիպում սովորական հեռախոսով խոսել»:
Ըստ Փաշինյանի՝ պարտադիր չէ, որ հեռախոսային խոսակցության մեջ ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը, վարչապետը ասեն՝ քրեական դատավարության օրենսգրքի այս կետի այն հոդվածի համաձայն... «Ես չեմ էլ թաքցրել, ես ինքս եմ հայտարարել, որ դատական համակարգից տարբեր մեսիջներ են գալիս, թե ինչ անենք, մենք էլ ասել ենք՝ ինչ ուզում եք, արեք: Այդ հեռախոսազանգի ընթացքում ես շատ կոշտ տոնով ԱԱԾ տնօրենին ասել եմ՝ ի՞նչ է նշանակում, որ դատավորը վախենում է, ի՞նչ է նշանակում, որ դատավորին մեսիջ է գնում, հասնում, չե՞ք կարողանում դատավորի անկախությունը ապահովել: Դա ձեր գործն է, գնացեք ինչպես ուզում եք, ապահովեք դատավորի անկախությունը»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Դավիթ Շահնազարյանի` Արցախի հարցում պետական դավաճանության վերաբերյալ մեղադրանքին, Փաշինյանն ասաց, որ ԱԱԾ-ն ուզում է բացահայտել՝ տեղի է ունեցել պետական դավաճանությո՞ւն, թե՞ ոչ: «Պետական դավաճանությունը թաքցնելը պետական դավաճանություն չէ՞: Եթե պետական դավաճանության է փաստ թաքցվել, նա պետական դավաճանությանն աջակցող, նպաստող մեկը չէ՞: Հետևաբար՝ նրանք, ովքեր մեզ մեղադրում են պետական դավաճանության մեջ և չեն գնում, հաղորդում տալիս, իրենք են պետական դավաճանները»,- շեշտեց վարչապետի պաշտոնակատարը: