Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ` կառավարության նախաձեռնած արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ նախագահի ներկայացրած` ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև կնքված`200 միլիոն դոլարի չափով ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի վավերացման հարցը:
Հիմնական զեկուցող` պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին հարց ուղղեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ այն զինատեսակով, որը ձեռք է բերելու Հայաստանը, Ռուսաստանը զինում է նաև Ադրբեջանին, իսկ Հայաստանին ստիպում է այդ զենքը գնելու համար վարկային միջոցներ ձեռք բերել, ինչի արդյունքում մեծանում է Հայաստանի արտաքին պարտքը:
«Սա ռազմավարական դաշնակցի գործելաո՞ճ է, երբ Ռուսաստանը զինում է Ադրբեջանին, իսկ մեզ ստիպում պարտք վերցնել` այդ զինատեսակը գնելու համար: Դուք էլ գնացել, ստորացել եք, հիմա մեզ հրամցնում եք ստորացուցիչ համաձայնագիր»:
Արա Նազարյանը պատասխանեց, որ եթե Զարուհի Փոստանջյանը ուսումնասիրեր վարկային համաձայնագիրը, ապա նման տոնով չէր խոսի ու նման հարցադրումներ չէր անի:
Զարուհի Փոստանջյանը արձագանքեց. «Ես պատկերացնում եմ շատ լավ այն, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում: Փաստորեն, կառավարությունն իր սխալ քաղաքականության հետևանքով մեր պաշտպանական կարևոր ձեռնարկությունները զիջել է Ռուսաստանին: Սա ստորացուցիչ պայմանագիր է, որը կապ չունի մեր պաշտպանության հետ: Ռուսաստանը նույն զենքը վաճառում է Ադրբեջանին, դուք ձայն չեք հանում, մյուս կողմից` այդ զենքը գնում եք վարկային միջոցներով»:
Փոխնախարար Արա Նազարյանը նշեց. «Այն պատասխանատվությունը, որը կրում ԶՈՒ-ն, Դուք չունեք, դրա համար նման ձևով եք խոսում: Նման հարցերում պետք է պահպանել չեզոքություն, իսկ Դուք ուզում եք այդ չեզոքությունը բերել քաղաքական դաշտ, դա ճիշտ չէ»: