Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` ժամը 11:53-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաղորդագրություն է տարածել ՀՖՖ նախագահի հետ կայանալիք հանդիպման վերաբերյալ: Հաղորդագրության մեջ ասված է. «Այսօր ՀՖՖ գրասենյակում ՀՖՖ նախագահը հանդիպում կունենա մի շարք առաջատար լրատվամիջոցների ղեկավարների, խմբագիրների, ֆուտբոլային լրահոսների պատասխանատուների և վերլուծաբանների հետ: Հրավիրված ներկայացուցիչների հետ զրույցը կընթանա մի շարք ֆուտբոլային խնդիրների շուրջ: Առաջիկայում ՀՖՖ նախագահը հանդիպում կունենա նաև զուտ ֆուտբոլային մեդիայի ղեկավարների հետ»:
Նշենք, որ հաղորդագրության մեջ հանդիպման ժամի մասին որևէ տեղեկություն չկա, իսկ հանդիպման մասին մինչ այդ շատ լրատվամիջոցների, այդ թվում` yerkir.am-ին չի իրազեկվել:
Այսօր, երբ yerkir.am–ի մարզական լրագրողը` «ֆուտբոլային լրահոսների պատասխանատուն», ՀՖՖ մամլո խոսնակից հետաքրքրվել է, թե ե՞րբ է տեղի ունենալու հանդիպումը, և կոնկրետ ովքե՞ր են մասնակցելու, պատասխան է ստացել, որ հանդիպումը լինելու է մի շարք առաջատար լրատվամիջոցների խմբագիրերի և մարզական պատասխանատուների հետ, իսկ մնացածի համար մուտքը փակ է: Թե ի՞նչ եղանակով է ՀՖՖ նախագահն ընտրել առաջատար լրատվամիջոցները, հայտնի չէ:
Այն, որ ՀՖՖ-ն՝ ի դեմս իր ղեկավար Ռուբեն Հայրապետյանի, ունի յուրային լրատվամիջոցներ, բոլորին է հայտնի, սակայն այն, որ Ռուբեն Հայրապետյանը լրատվամիջոցների վարկանիշային աղյուսակ է կազմում և, ըստ այդմ, որոշում «առաջատարներին», զավեշտալի է: Ավելի զավեշտալի է այն, որ ՀՖՖ մամլո ծառայությունը հակասում է իր իսկ հրապարակած հաղորդագրությանը և իրենց դիմած ֆուտբոլային լրահոսի պատասխանատուին հասկացնում, որ նրա մասնակցությունը հանդիպմանը, մեղմ ասած, ցանկալի չէ:
Այն, որ վերջին շրջանում ՖԱՖ-ի բարձրացրած բողոքի հուժկու ալիքն արդեն իսկ իր ազդեցությունն ունեցել է, և Ռուբեն Հայրապետյանը «շտապ» հանդիպում է կազմակերպել` իրավիճակին լուծումներ տալու համար, ակնհայտ է, սակայն այն, որ նա դա անում է իրեն բնորոշ ոճով, փաստում է, որ այս անգամ էլ կձախողի:
Գոնե այսքանից հետո ՀՖՖ-ն համարձակություն ունենա հաղորդագրություն տարածելիս անկեղծ լինել և հայտարարություն տարածել, օրինակ, հետևյալ բովանդակությամբ. «ՀՖՖ գրասենյակում ՀՖՖ նախագահը հանդիպում կունենա իրեն ցանկալի լրատվամիջոցների հետ, անցանկալի հյուրերի մուտքը չի խրախուսվում»:
Հ.Գ. ՀՖՖ նախագահի հետ հանդիպումն արդեն ավարտվել է, այն անցել է առանց անցանկալի հարցերի: