|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Yerkir.am-ի հետ զրույցում տարօրինակ համարեց նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում ծավալված իրադարձությունների ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եւ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ներկայությունը: Փոստանջյանը չի կարողանում հասկանալ` «այդ մարդիկ էլ էին հեղափոխակա՞ն, կամ իրենք է՞լ էին ցանկանում հեղափոխություն անել, որովհետև նրանք այդ օրը այն մարդկանց մեջ էին, ովքեր ոտքի էին ելել երկրի նախագահ Սերժ Սարգսյանի դեմ»:
Խոսելով նոյեմբերի 5-ին ոստիկանների գործողությունների մասին` պատգամավորը դրանք որակեց «ոչ իրավաչափ»: «Հնարավոր է, որ ոստիկանության կողմից բռնություններ կիրառված լինեն: Դրա մասին տեսանյութերն են վկայում, Շանթի որդին է վկայում, ինքս էլ ականատես եմ եղել, երբ մի կնոջ քաշքշելով ոստիկանները տանում էին»,- ասաց Զարուհի Փոստանջյանը` հավելելով, որ եղած իրադարձություններում միակ պատասխանատուն ոստիկանությունն է, որովհետև մինչ անկառավարելի վիճակը նրանք պետք է կանխեին յուրաքանչյուր ոտնձգություն:
Ըստ պատգամավորի` տարածքը վերահսկելի էր, կային տեսախցիկներ, ոստիկանությունը շատ հեշտ կարող էր կանխել ոչ իրավաչափ գործողությունները, բայց դա տեղի չի ունեցել: Փոստանջյանի համար նաև ակնհայտ է, որ այդ իրադարձություններում արհեստականորեն ներդրվել են անձինք, որոնք զբաղվել են` սադրանքներ հրահրելով, ուստի ոստիկանությունը պետք է հստակ պատասխան տա` ովքեր էին այդ անձինք: