Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էկոնոմիկայի եւ խաղաղության ինստիտուտը (Institute for Economics and Peace) հրապարակել է 2015թ. ահաբեկչության համաշխարհային ինդեքսը, որում Հայաստանը զբաղեցնում է 116-րդ տեղը` համարվելով ահաբեկչության ամենաքիչ ռիսկեր պարունակող երկրներից մեկը: Պատճառը սիրիական հարցում ընդգծված չեզոքության պահպանումն է, ավելի ճիշտ` հնարավորինս աննկատ մնալը: Սակայն ինդեքսի այս տվյալը հանգստացնող է մասամբ:
Նույն ինդեքսով Հայաստանը երեք կողմից սահմանակցում է ահաբեկչությունների ամենամեծ ռիսկերը կամ այդ ռիսկի ամենամեծ աճն արձանագրած երկրների հետ: Դրանք են Թուրքիան (27-րդ տեղ), Իրանը (39-րդ տեղ) և Ադրբեջանը, որը թեև ինդեքսում միայն 93-րդն է, վերջին մեկ տարվա ընթացքում գրանցել է ռիսկայնության բարձրացման ամենամեծ աճերից մեկը:
Թե\' Թուրքիան և թե\' Ադրբեջանը, պոտենցիալ ահաբեկչությունների ռիսկ պարունակող երկրներ լինելուց բացի, նաև այդ ռիսկն «արտահանող» ամենախոշոր ու գուցե ամենաանկառավարելի երկիրներից են` հաշվի առնելով, թե ինչպիսի ինտենսիվությամբ են, ուղղակի, թե անուղղակի, աջակցում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Ադրբեջանի պարագայում դա դրսևորվում է մարդկային ռեսուրսներով և ֆինանսավորման ձևով: Հայտնի է, որ ԻՊ զինյալների շարքերում Սիրիայում և Իրաքում Ադրբեջանի հազարավոր քաղաքացիներ կան, և այդ երկրից ահաբեկիչների «մատակարարումը» ԻՊ-ին դեռ շարունակվում է: Ռուսական «Известия» թերթն այսօր ՌԴ հատուկ ծառայությունների կողմից հավաքված տվյալների հիման վրա տեղեկություն է հրապարակել ԻՊ-ին ամենաշատը ֆինանսավորող երկրների մասին, որոնց թվում է նաև Ադրբեջանը: Ըստ այդ հրապարակման` ԻՊ-ին ֆինանսապես աջակցող 40 երկրների թվում Ադրբեջանն 9-րդ տեղում է, և այդ ցուցակում ընդգրկված հետխորհրդային երկրների կտրվածքով զիջում է միայն Ղազախստանին: Պատահական չէ, որ Ադրբեջանում օրերս խստացվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված և ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղվող դրամական և սեփականության այլ միջոցների օրինականացման դեմ միջոցառումների մասին օրենքը:
Թուրքիան, բացի մարդկային ռեսուրսներից և ԻՊ-ին դրամական միջոցներ փոխանցող ամենահիմնական երկիրը լինելուց, ծայրահեղական այս խմբավորմանն աջակցում է նաև նրա հետ նավթամթերքի ու զինամթերքի անլեգալ առևտրով, ինչպես նաև նրանց տեղաշարժի համար հիմնական «տրանզիտ» ուղին հանդիսանալով:
Թե\' Ադրբեջանից և թե\' Թուրքիայից, սակայն, Հայաստանին ահաբեկչական սպառնալիքն անողւղակի է` չնայած նրան, որ, օրինակ, թուրքական ներքին զորքերի և այդ երկրում ահաբեկչական համարվող քրդական զինյալ խմբավորումների միջև բախումները պարբերաբար տեղի են ունենում հենց Հայաստանի սահմանների անմիջական հարևանությամբ կամ դրանց մերձ բնակավայրերում: Պատճառը նրանց հետ Հայաստանի սահմանների փակ լինելն է, որն այս պարագայում, փաստորեն, դրական դեր է կատարում: Ադրբեջանից և Թուրքիայից ահաբեկիչների Հայաստան ներթափանցման ռիսկերը չափազանց ցածր են այդ սահմանների ուժեղ ռազմական հսկողության և սահմանային անցակետերի բացակայության պատճառով:
Ադրբեջանի և Թուրքիայի դեպքում վտանգը, սակայն, մեծ է այլ առումով. Սիրիայում ԻՊ-ի դեմ լայնածավալ օդային և ցամաքային գործողությունների հետևանքով ահաբեկիչների կանխատեսելի փախուստը հանգեցնելու է մուսուլմանական կամ խոշոր մուսուլմանական տարր ունեցող երկրներում նրանց կուտակումներին: Սա կարող է Հայաստանի հարևան երկրներում ստեղծել պայթյունավտանգ իրավիճակ: Խնդիրը լուրջ է հատկապես Ադրբեջանի դեպքում, որը ԻՊ-ի հիմնական թիրախներից մեկն է: Չի կարելի բացառել, որ այն կարող է վերածվել նոր Սիրիայի` առաջին հերթին հայրենիք վերադարձող ադրբեջանցի ծայրահեղականների թեթև ձեռքով: Հայաստանն այդ պարագայում վերածվելու է երկրորդային թիրախի:
Խնդիրն ավելի կբարդանա ԼՂ խնդիրը ռազմական փուլ տեղափոխվելու դեպքում, քանի որ որևէ կասկած չկա, որ այդ կոնտինգենտը ոչ միայն ներգրավվելու է ռազմական հնարավոր գործողություններում, այլև, չի բացառվում, փորձելու է հայ-ադրբեջանական առճակատմանը տալ կրոնական ենթատեքստ ու վերածել, այսպես կոչված, «սրբազան պատերազմի»: Եթե Ղարաբաղյան պատերազմի ժամանակ դա սահմանափակվեց միայն չեչեն ահաբեկչական կամ անջատողական խմբավորումներով ու որոշ թվով վարձկաններով, քանի որ ջիհադական գաղափարախոսությունը դեռևս այս աստիճանի ակտուալացված չէր, ապա ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների, մթնոլորտի ազդեցությամբ այդ քարզչական հնարքը կարող է աշխատել:
Ահաբեկչության ներթափանցման որոշակի վտանգ կա նաև հարավային ուղղությունից` Իրանից: Թեև Իրանը, լինելով շիա երկիր, ԻՊ-ի ոչ միայն գաղափարական, այլև քաղաքական կատաղի հակառակորդն է, չպետք է մոռանալ Իրանի հյուսիսում զգալիորեն կենտրոնախույս ադրբեջանական տարրի կենտրոնացվածության գործոնը, որը հատկապես ադրբեջանական ծագմամբ ծայրահեղականների համար կարող է Հայաստան ներթափանցելու պոտենցիալ «խողովակի» դեր կատարել, խողովակ, որով Իրանի անձնագրով «էթնիկ» ադրբեջանցիներն անցած տարիներին բազմիցս են հատել հայ-իրանական սահմանը:
Այլ կերպ ասած` չնայած ահաբեկչությունից համեմատաբար ավելի ապահովագրված լինելուն, դրա սպառնալիքից Հայաստանը ոչ միայն զերծ չէ, այլև իրադարձությունների որոշակի ուղղությամբ զարգացման դեպքում կարող հայտնվել ջիհադական նոր օջախների հարևանությամբ և թիրախում: Այս սպառնալիքների աստիճանական առարկայացումն առաջ է բերում Հայաստանի անվտանգության դոկտրինը վերանայելու խնդիր: Իշխանությունները, սակայն, դեռ չեն շտապում: Գուցե համարում են, որ ռիսկը լուրջ չէ: Կամ էլ ուղղակի ժամանակ չունեն:
Գևորգ Դարբինյան