կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-05 16:19
Հասարակություն

Մեր գյուղում ջարդը սկսվել է ապրիլին՝ Վանի կռիվներին զուգահեռ

Մեր գյուղում ջարդը սկսվել է ապրիլին՝ Վանի կռիվներին զուգահեռ

Աղբյուրը՝ armeniangenocide100

Պողոս Ավետիսյանի վկայությունը

Վան, Արճակի Սևան գյուղ

Հայոց ցեղասպանությունը վերապրած  Պողոս Ավետիսյանը պատմել է Վան գավառի Վան գավառակի Արճակի Սևան գյուղի կոտորածի մասին: Նա նշել է, որ ջարդը սկսվել է ապրիլին՝ Վանի կռիվներին զուգահեռ: Ջարդարարներն իրենց քուրդ համագյուղացիներն էին: Իսկ մինչև այդ թուրքական կառավարությունը ստիպում էր բոլոր հայ տղամարդկանց զինվորագրվել. արդեն անգամ տարիքին չէին նայում և փաստաթղթերը չէին ստուգում., պարզապես մտնում էին գյուղ և բոլոր հարմար տղամարդկանց տանում: Գյուղացիները նաև պարտավոր էին հանձնել ամբաղջ մթերքը: Այս դեպքում ևս անխնա ծեծ ու պատիժներ էին գործի դնում:

 

«Զօրահանութեան աւելի վերջերը այլեւս օրինական թուղթերը չէին պահանջիր, այլ՝ կը մտնէին գիւղ և աչքի ինկողները կը հաւաքէին առանց նայելու տարիքին:

 

Գիւղացիները պարտաւոր էին բոլոր մթերքները իրենց կենդանիներով, իսկ չունեցած պարագային` շալակով փոխադրել օրերու ճամբայ: Այս առթիւ եւս տեղի կունենային անխնայ ծեծ, չարչարանքներ և ամէն տեսակի նախատինք, յաճախ տղամարդիկ ձեռք չգտած ատեն կը ստիպէին, որ կանայք կատարեն նման ծանր աշխատանքներ:

 

Ջարդը սկսած է Վանի ապրիլեան կռիւներուն զուգընթաց, ջարդարարները եղած են համագիւղացի քիւրտերը, որոնց գլուխն է եղած Ռսպի Սալօ և անոր փոքրաւոր Խաշօն:

 

Ջարդի մասին տեղեկութիւն տուողը ինքը ենթակայ եղած է այն բոլորին, ինչ որ կատարուած է: Այսպէս կը պատմէ.

 

«Մի օր համագիւղացի քիւրտերը մեզ համոզեցին, որ մեզ համար պաշար և Համիտիէ թէզգերէսիներ (վաւերական թուղթեր են տարիքի համար) առնելով իրենց հետ քաղաք գնանք, որովհետև Ջևտէթ պէյը այդպէս է հրամայած: Գիւղացիներէն մաս մը, նախազգալով քիւրտերուն մտադրութիւնը, կարողացան անմիջապէս պահուիլ գիւղի հորերուն, ամբարներուն մէջ,իսկ մենք` 74 հոգիս, համոզուելով անոնց, դուրս եկանք գիւղէն քիւրտերով շրջապատուած: Ճանապարհին քիւրտեր ոչ մէկ թշնամական նշան զգացուցին, այլ, ընդհակառակը, աւելի քան բարեկամ կը ձեւանային, պապիրոս կը հրամցնէին և ամէն կերպ կաշխատէին վստահացնել մեզ:

 

Գիւղէն 2-3 վերստ հեռաւորութեան վրայ` Պլնկոց ծառ ըսուած տեղը, ձորի մը մէջ հասնելով, յանկարծ իրենց վերաբերմունքը փոխեցին և սկսան հայհոյել ու մէկէն երեք-երեք մասի բաժնուելով` շրջապատեցին ու սկսան իրար վրայ թօփ անել: Մէկ մասը բռնեց դէպի Վան տանող ճանապարհը, ու երեք կողմէն շրջապատելով` մէկէն համազարկ տուին: Ծառի կակալի պէս հայերը թափուեցին իրար վրայ:  Առաջին համազարկէն ես սկսեցի փախչիլ նստածներու մէջէն, շորերս շատ տեղով այրուեցան, բայց Աստուծով ինծի չդիպան: 

Հասնելով մի սպիտակ կրաքարի` ինքզինքս անոր տակ ձգեցի: Ուրիշներ եւս եղան ինձ նման փախչողներ, բայց քիւրտերը, անոնց ետևէն հասնելով, սպաննեցին, բայց ինձ չնկատելով` անցան մօտէս: Ես մութը ընկնելուն պէս դէպի սար փախայ:

 

Քիւրտերը, իրենց հետ առնելով գիւղի ռէսը, նորէն կը վերադառնան գիւղը: Ռէսին դանակով կը քերթեն, աչքերը կը կուրացնեն ու գլուխը գետին, ոտքերը դէպի վեր պատի ուղղութեամբ կը կանգնեցնեն գիւղին մէջ տեղը:  Վերջը կ՚իյնան գիւղին մէջ և խուզարկելով դուրս կը բերեն պահուած տղամարդիկը ու տեղն ու տեղր կը սպաննեն, յետոյ 10-12-15 տարեկան քսան հատ տղայ հաւաքելով` կը տանին գիւղէն քիչ հեռու և մէկիկ-մէկիկ կը մորթեն: Չարչարանքի ատեն երեխաներէն մէկը կը մխիթարէ իր ընկերները` ըսելով, թէ մեր ազգի ու հաւատի համար է, որ կը մեռնինք:

 

Գեղեցիկ կանայք ու աղջիկները հաւաքելով` կառանձնացնեն ու մի տան մէջ կը բանտարկեն, իսկ մնացածներուն կուղարկին դէպի Վան: Առեւանգած կիներուն թիւը մօտ քսան կը լրանայ, որոնք մինչ օրս էլ անյայտ են:

 

Դէպի Վան ուղարկած կանայք, ճանապարհին ոստիկաններու ու քիւրտերու կողմէն կը խոշտանգուին:

 

Կանանց վերաբերմամբ գործ դնելով ամէն տեսակ վայրագութիւններ` անգամ ստիպած են, որ ասոնք բոլորովին մերկանան և իրենց աչքին առաջ մերկ պտտին»:

 

12 օգոստոսի 1916  թ., Քարավանսարա

 

ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 433, թթ. 1-5, բնագիր, ձեռագիր:

 

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 1, Վանի նահանգ, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 106 – 108: