Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններում, ինչպես և կանխատեսվում էր, քաղաքական մեծամասնություն ձևավորելու իրավունքը ձեռք բերեց նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարած՝ իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը: Սա դժվար է համարել Ալիևի վարչակազմի հաղթանակ, որովհետև պարտվող կողմ, որպես այդպիսին, չի եղել: Երկրի բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը` «Ազգային խորհուրդ» միավորումը, «Մուսավաթ»-ը, NIDA և REAL շարժումները, «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը և Ադրբեջանի դեմոկրատական նախաձեռնությունների ինստիտուտը բոյկոտել էին ընտրությունները` համարելով այն ամենախայտառակը Ադրբեջանի պատմության ընթացքում և պահանջելով իշխանություններից նոր ընտրություններ անցկացնել: Այս իմաստով ընտրություններն «Ենի Ադրբեջանի» կողմից ուղղակի հիանալի «մենահամերգ» էր:
Դրանում, իհարկե, արտառոց ոչինչ չկա: Արտաքուստ արտառոցը ընտրություններին եվրոպական կառույցների արձագանքն է: Ադրբեջանի Մեջլիսի ընտրությունները օրենքին և ժողովրդավարության չափորոշիչներին բավարարող ճանաչեցին ոչ միայն ԱՊՀ դիտորդական առաքելությունը և Իսլամական համագործակցության կազմակերպությունը, որոնցից այլ բան սպասելի չէր, այլև... ԵԽԽՎ-ն և Եվրամիությունը: Վերջիններս բավարարվել էին՝ զուտ մարդու իրավունքների վիճակը, ակտիվիստների` կալանքի տակ պահվելու հանգամանքը բարձրաձայնելով, կարծես դրանք ընտրությունների ելքը կանխորոշող էական գործոններ չէին: Արևմտյան կառույցները, հերթական անգամ տուրք տալով երկակի ստանդարտների քաղաքականությանը, փաստացի աչք փակեցին ալիևյան տոտալիտար ռեժիմի պայմաններում ի սկզբանե նորմալ ընտրություններ կազմակերպելու անհնարինության վրա` առաջնորդվելով ոչ թե մարդու իրավունքների ու ժողովրդավարության` իրենց իսկ կողմից թմբկահարվող արժեքներով, այլ պարզ քաղաքական հաշվարկներով: Դա արվեց ցինիկ սառնասրտությամբ` տպավորություն թողնելով, թե քանի որ բուն քվեարկության ժամանակ լուրջ խախտումներ չեն արձանագրվել, ուրեմն ընտրություններն անցկացվել են իդեալականին մոտ: Եթե Ալիևն իմանար, որ Եվրոպան նման չափանիշով է գնահատելու ընտրությունները, գուցե ոչ թե բավարարվեր՝ նախքան քվեարկությունը պոտենցիալ մրցակիցներին ու քննադատողներին բանտերը լցնելով, այլ հրամայեր գնդակահարել նրանց` քվեախցիկներ ուղարկելով միայն իր կուսակցության ներկայացուցիչներին: Եվրոպական նման «ստանդարտով» Ադրբեջանն այդ դեպքում անգամ սկանդինավյան երկրներից լավ արդյունք ցույց կտար:
Այն, որ սրա հիմքում քաղաքական մոտիվներ են, առաջին հերթին խոսում է այն փաստը, որ Եվրոպայում բոլորը չեն ուզում համակերպվել այս բացահայտ աչքակապության հետ: Եվրոպայի խորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը հայտարարել է, թե ընտրությունները եղել են հակադեմոկրատական: Իսկ ԵԽԽՎ դիտորդական խմբի երեք անդամներ հանդես են եկել առանձին հայտարարությամբ` նշելով, որ չեն կարող Ադրբեջանում անցկացված ընտրություններն անվանել արդար եւ դեմոկրատական:
ԱՄՆ պետդեպն ընտությունների մասին իր հայտարարության մեջ շեշտադրել է Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ վիճակը փաստացի չտալով ընտրությունները բնորոշող որևէ կոնկրետ գնահատական:
Արևմուտքի՝ real politik-ի կանոններով առաջնորդվելու երկրորդ փաստարկն այն է, որ, անտեսելով Ադրբեջանի սուլթանացումը, նրանք շտապում են Ադրբեջանի կառավարության և նոր ձևավորվող խորհրդարանի հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել: «Մենք հավատարիմ ենք մնում Ադրբեջանի ժողովրդի և կառավարության հետ գործակցությանը` ուժեղ կայուն, ժողովրդավարական և ապահով ապագա կառուցելու ցանկություններում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարությունը: «ԵՄ-ն սպասում է ադրբեջանական ինստիտուտների հետ համագործակցության շարունակում, այդ թվում՝ նորընտիր խորհրդարանի հետ` հանուն բոլոր քաղաքացիների բարօրության»,-ի ր հերթին շտապել է հանգստացնել Բրյուսելը: Հարց է առաջանում` ո՞րն է այս երկերեսանիության պատճառը:
Քվեարկությունից առաջ Մոսկվան քննադատել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին` Ադրբեջանի ընտրությունները բոյկոտելու համար` ի սկզբանե հասկանալի դարձնելով, որ Արևմուտքի և Բաքվի միջև խզման խորացումն օգտագործելու է Ադրբեջանն իր լիակատար քաղաքական ազդեցության տակ գցելու համար: Եվ պատահական չէր, որ Ռուսաստանը ԱՊՀ դիտորդների թեթև ձեռքով լիարժեք ճանաչեց ընտրությունների արդյունքները: Արևմուտքի համար պարզ էր, որ Ադրբեջանի նկատմամբ ավելի կոշտացումը, նրան մեկուսացման ենթարկելու փորձերը բացելու են Բաքվին Մոսկվայի գիրկն ուղարկելու ամենակարճ ճանապարհը:
Բաքուն ինքն էր ավելի վաղ հասկացրել, որ հետևանքը դա է լինելու: Սեպտեմբերին ԵՄ-ն Ադրբեջանին ուղղված չափազանց կոշտ բանաձև ընդունեց, որում այդ երկրի նկատմամբ սանկցիաներ կիրառելու ակնարկ էր արվում: Ալիևը հրահանգեց դադարեցնել ԵՄ-ի հետ բոլոր հարաբերությունները, դուրս գալ ԵՄ ԱլԳ ծրագրից և «Եվրանեսթ»-ից: Այսինքն՝ պաշտպանվելու փոխարեն Բաքուն անցավ հակագրոհի` ցույց տալով, որ Արևմուտքի այդ քաղաքականության հետևանքը լինելու է Ադրբեջանը լիովին կորցնելը: Իսկ ընտրությունների նախօրեին արդեն Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության փոխնախարար Սևիջ Հասանովան հայտարարեց, թե Բաքուն հնարավոր է համարում ԵՏՄ-ին անդամակցելը ու հիմա վերլուծում է դրա բոլոր պլյուսներն ու մինուսները: Թե ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցելն ի՞նչ է նշանակում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համար, մեկնաբանության կարիք չունի:
Ու թերևս այս իրողություններն են Բրյուսելին ու Վաշինգտոնին դրդում փոխել կուրսը Բաքվի նկատմամբ և, խորհրդարանական ընտրությունները լեգիտիմացնելով, սիրաշահել Ալիևին: Տրամաբանությունը պարզ է՝ ավելի լավ է բռնատիրական, բայց որոշակիորեն անկախ, քան Ռուսաստանի կրնկի տակ մտնող Ադրբեջան:
Բաքվի այս քաղաքականությունը փայլում կերպով ցույց է տալիս, թե ինչպես կարելի է խաղալ աշխարհաքաղաքական բևեռների հակադրվող շահերի վրա, այդ խաղից դիվիդենդներ ստանալ և ձեռքի հետ նաև մերկացնել այդ նույն բևեռների սկզբունքայնության սնանկությունը:
Գևորգ Դարբինյան