Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2013-04-04 15:37
Քաղաքական

Իշխանությունների զենքերը նրանց չեն լեգիտիմացնում

Իշխանությունների զենքերը նրանց չեն լեգիտիմացնում

Սիրիայում ժողովրդի մի հատվածն ուներ ցանկություններ ու պահանջներ, եւ հենց դրա հիման վրա սկսվեց շարժումը. այնտեղ կան խմբավորումներ, որոնք պատճառաբանելով իրենց պահանջներն ու ցանկությունները, դիմեցին ահաբեկչական գործողությունների. լրագրողներին այսօր ասաց Իրանի արտգործնախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարաստը:

 

Ըստ նրա` իրենց պահանջները խաղաղ ներկայացնելու փոխարեն նրանք դիմեցին ռազմական գործողությունների, ինչի հետեւանքով սպանվեցին բազմաթիվ խաղաղ քաղաքացիներ: Իրանի արտգործնախարարության խոսնակը ներկայացրեց Իրանի արտաքին քաղաքականությունը Սիրիայի հարցում` իրենք հարգում են ժողովրդի իրավունքները եւ համարում, որ եթե որեւէ երկրում բնակչության մեծամասնությունն ինչ-որ ցանկություն է ներկայացնում, ապա այդ ցանկությունը պետք է իրականանա:

 

«Իսկ որտեղի՞ց պետք է հասկանալ, թե որն է մեծամասնության ցանկությունը: Դրա լավագույն ցուցիչը ժողովրդավարությունն է, ուստի համարում ենք, որ պետք է անցկացվեն ընտրություններ, որոնք կարտացոլեն ժողովրդի ցանկությունը: Նրանք, ովքեր իբրեւ ցանկանում են պաշտպանել Սիրիայի ժողովրդին եւ այնտեղ հաստատել ժողովրդավարություն, այդ նպատակով ավելի շատ զենք են տրամադրում ընդդիմադիրներին, ինչո՞ւ են դեմ ընտրություների անցկացմանը»,- նշեց Ռամին Մեհմանփարաստը:

 

Նա ասաց, որ Սիրիայի ճգնաժամի լուծման համար, Իրանի պատկերացմամբ, երկու լուծում կա: Առաջինը` բախումները դադարեցվեն, եւ արգելվի զենքի ներթափանցումն այդ երկիր, ձեւավորվի ազգային երկխոսություն, ստեղծվի անցումային կառավարությունը, որը կկազմակերպի ու կանցկացնի անկողմնակալ համազգային ընտրություններ, եւ ով Սիրիայի ժողովրդի կողմից ընտրվի նախագահ, բոլորը հարգեն նրան: Իրանն այս ուղղության աջակիցն է:

 

Բայց դրա դիմաց, նշեց Իրանի արտգործնախարարության մամլո խոսնակը, կա մեկ այլ կողմնորոշում, ըստ որի` որոշ տարածաշրջանային եւ դրանից դուրս գտնվող երկրներ կարծում են, որ պետք է էլ ավելի սաստկացնել այդ բախումները, որ պետք է ավելի շատ զենք հասցնել ընդդիմադիրներին, որ ավելանան ահաբեկչական գործողությունները: Այդ մարդիկ ասում են, որ Սիրիայում ընտրություններ պետք չեն, իրենք կասեն, թե ինչ պետք է անել Սիրիայում: Այսինքն` Սիրիայի ժողովրդի փոխարեն իրենք են ցանկանում որոշումներ ընդունել:

 

«Կարծում եմ` նրանք վախենում են Սիրիայում ժողովրդավարության հաստատումից եւ ընտրության արդյունքներից: Նրանց չեն հետաքրքրում Սիրիայի ժողովրդի շահերն ու ցանկությունները, նրանք հետապնդում են իրենց շահերը: Հակառակ պարագայում կփորձեին դադարեցնել բախումները, որ Սիրիայի ժողովուրդը քիչ վնասներ կրի»,- ասաց Մեհմանփարաստը:

 

«Բոլոր երկրները, որոնք աջակցում են Սիրիայի ապստամբներին, իրենց ներսում նույնպես ունեն հակառակորդ խմբեր: Պատկերացնենք, որ այդ խմբավորումները զինվեն ու ակտիվանան, ի՞նչ է` իշխանությունները պետք է հանձնվե՞ն այդ զինված խմբավորումներին: Եթե սա դառնա սովորական վիճակ ու նորմ, շատ վտանգավոր նորմ կլինի: Հենց այդ պատճառով է, որ մենք ասում ենք` իշխանությունների ձեռքի զենքերն իրենց չեն լեգիտիմացնում: Լեգիտիմ է համարվում բնակչության մեծամասնության քվեն ստացած իշխանությունը»,- նշեց Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակը: