Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցին որոշ ԲՀԿ-ականների միջազգային պատվիրակություններից հետ կանչելու վերաբերյալ: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ միջազգային պատվիրակություններից բոլորը հետ են կանչվել, այդ թվում` ինքը: «Ես ինքս ինձ հետ եմ կանչել երկու կարևոր առանցքային պատվիրակություններից՝ «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովից. ես քաղաքական հանձնաժողովի փոխնախագահն էի, ինչպես նաև` Ֆրանկոֆոնիայի վեհաժողովից»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նման խնդիր էր առաջացել այն բանից հետո, երբ ԲՀԿ խմբակցությունում որոշվեց հետ կանչել ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանին և Ստեփան Մարգարյանին միջազգային պատվիրակություններից:
«Ստեփան Մարգարյանը հետ է կանչվել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովից և Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական վեհաժողովից, Էլինար Վարդանյանը՝ ՆԱՏՕ-ից: Միքայել Մելքումյանը Սևծովյան համագործակցության մեկ նիստի կմասնակցի, կարևոր ելույթ է ունենալու և ևս վայր կդնի այդ պատվիրակությունում իր լիազորությունները: Բոլորն արդեն հետ են կանչված: Գալուստ Սահակյանի գրությունը ստացել ենք, որ` ձեր դիմումի համաձայն` վերոնշյալ անձինք, այդ թվում` ես, հետ ենք կանչվել պատվիրակությունների կազմից»,- ասաց Զոհրաբյանը:
ԲՀԿ ղեկավարի խոսքով` այս պահին հինգ ազատ քվոտա կա միջազգային պատվիրակություններում, ուստի առաջիկա օրերին խմբակցությունում կքննարկեն այդ հարցը, և անհրաժեշտ փոխատեղումներ կլինեն:
Ինչ վերաբերում է այն հարցին, որ Ստեփան Մարգարյանը և Էլինար Վարդանյանը դեռ վարում են հանձնաժողովների նիստեր, արդյո՞ք նրանք շարունակելու են մնալ այդ պաշտոններում, Զոհրաբյանը նշեց. «Երբեմն ինձ համար հասկանալի չէ, կամ իմ որոշ լրագրող գործընկերներ միտումնավոր միջազգային պատվիրակություններից հետկանչը շփոթում են մշտական հանձնաժողովներից հետկանչի հետ. մշտական հանձնաժողովներից հետկանչի խնդիր չենք քննարկել, խոսքը վերաբերել է բացառապես միջազգային պատվիրակություններին»: