Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կազմակերպված կամերային համերգի ընթացքում հանդես եկան հայտնի երաժիշտներ՝ դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանը (ԱՄՆ) և ջութակահար Զոհրաբ Թադևոսյանը (Հայաստան/Իսպանիա), ովքեր ապրում և ստեղծագործում են արտասահմանում՝ աշխարհին ներկայացնելով հայ կատարողական արվեստի նվաճումները։ Կամերային համերգի ընթացքում հնչեցին Ֆրանց Շուբերտի (Սոնատ ջութակի և դաշնամուրի համար լյա մաժոր, Ֆանտազիա ջութակի և դաշնամուրի համար դո մաժոր), Ռիխարդ Շտրաուսի (Սոնատ ջութակի և դաշնամուրի համար մի բեմոլ մաժոր) ստեղծագործությունները։
Սոֆյա Մելիքյանն ու Զոհրաբ Թադևոսյանը ծանոթ են վաղուց, երկուսն էլ ուսանել են Իսպանիայում, սակայն համագործակցում են առաջին անգամ։ Զոհրաբը նշում է, որ Սոֆյայի հետ ծրագիրն ընտրելիս որոշել են նվագել գործեր, որոնք Հայաստանում քիչ են ներկայացվում։ Ջութակահարը նշում է, որ իր ստեղծագործական կյանքում առաջնորդվում է մի սկզբունքով՝ ընտրել քիչ կատարվող գործեր: «Միշտ փորձում եմ հանդիսատեսին հասցնել նոր ստեղծագործություններ, որպեսզի մարդիկ ճանաչեն, երաժշտական աշխարհայացքն ավելի լայն լինի»,- ասում է նա։
Զոհրաբ Թադևոսյանը վերջին անգամ Հայաստանում ելույթ է ունեցել 14 տարի առաջ։ Եվ այսօր շնորհակալ է Սերգեյ Սմբատյանին, ով առաջարկեց հանդես գալ Խաչատրյանի անվան փառատոնի շրջանակներում։ Նա նաև նշում է, որ շատ զարմացած է, որ Հայաստանում այսօրվա դժվարին պայմաններում ամենաբարձր մակարդակով կազմակերպվում է նման փառատոն։
Սոֆյա Մելիքյանը բարձր է գնահատում Խաչատրյանի անվան փառատոնի անցկացումը։ Դաշնակահարուհին նշում է. «Դիտելով փառատոնի ծրագիրը, մենակատարներին, հյուրերին՝ զարմանում ես՝ տեսնելով այդպիսի բովանդակություն։ Երեկոյին կատարված գործերն իմ ռեպերտուարում նոր էին, և փառատոնին մասնակցելը, Զոհրաբ Թադևոսյանի հետ համագործակցելն առիթ էին` ռեպերտուարն ընդլայնելու»։
Զոհրաբ Թադևոսյանի հետ Yerkir.am-ի հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ: