Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տաղանդավոր և անվանի դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանն (ԱՄՆ) այս օրերին Հայաստանում է` մասնակցելու Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնին: Մելիքյանը նախօրեին ջութակահար Զոհրաբ Թադևոսյանի հետ համատեղ հանդես եկավ ելույթով: Դաշնակահարուհին նշում է, որ Հայաստանում նվագելը շատ դժվար է, քանի որ բոլորը քեզ ճանաչում են և ուզում տեսնել` ինչքան ես աճել: Բացի այդ, ըստ նրա, պատասխանատվությունը մեծ է, քանի որ հայ հանդիսատեսն ավելի պահանջկոտ է: Yerkir.am-ի զրուցակիցը Սոֆյա Մելիքյանն է:
13 տարեկանում ներքին հեղափոխություն ապրեցի
Հայրս ջութակահար է, և երաժշտության հանդեպ սերը նա է ներդրել իմ մեջ: Ես երաժշտական մթնոլորտում եմ մեծացել, քանի որ մեր տանը գրեթե ամեն օր երաժշտություն էր հնչում: Երաժշտական գործիքի` դաշնամուրի ընտրությունը ծնողներս են կատարել, բայց բախտի բերումով այդ ընտրությունը համընկավ հետագա իմ որոշման հետ: Տանը դաշնամուր ունեինք, ես էլ միշտ մոտենում, սկսում էի «նվագել», ուղղակի կարծես հայտնաբերում էի` ինչ է գործիքն` առհասարակ: Առաջին շփումը գործիքի հետ չի տպավորվել, բայց տպավորվել է ներքին փոփոխությունը` եթե մինչև 13 տարեկան ստիպողական բնույթ էր կրում իմ` երաժշտությամբ զբաղվելը, 13 տարեկանում ներքին հեղափոխություն ապրեցի և հասկացա, որ առանց դաշնամուրի չեմ կարող ապրել: Այսինքն` եթե մինչ այդ հայրս ստիպում էր պարապել, դրանից հետո այլևս ես չէի հեռանում դաշնամուրից, այն կարծես անհրաժեշտություն դարձավ ինձ համար:
Կուզեի հայ երիտասարդների տալ այն, ինչ «վերցրել եմ» միջազգային երաժիշտներից
Համերգներով շատ եմ շրջագայել տարբեր երկրներում` ԱՄՆ-ում, Կանադայում, Չինաստանում, Ճապոնիայում, Ավստրալիայում։ Ելույթ եմ ունեցել նաև «Քարնեգի հոլ»-ում և «Լինքոլն» կենտրոնի «Բրունո Վալտեր» դահլիճում: Չայկովսկու դպրոցը չհասցրի ավարտել, բայց հետո սովորեցի Մադրիդի թագավորական կոնսերվատորիայում, Փարիզի Ecole Normale de Musique Alfred Cortot կոնսերվատորիայում և Մանհեթենի երաժշտության դպրոցում։ Կուզեի վարպետության դասերով հանդես գալ Հայաստանում, քանի որ տեսնում եմ, որ մի շարք տաղանդավոր երեխաներ կան այստեղ: Մեզ բախտ է վիճակվում շփվել մի շարք աշխարհահռչակ երաժիշտների հետ, ինչի հնարավորությունը շատերը չունեն, դրա համար էլ կուզեի փորձի փոխանակում անել: Կուզեի հայ երիտասարդներին տալ այն, ինչ ես «վերցրել եմ» միջազգային երաժիշտներից:
Դրսում կայանալը դժվար է` մրցակցությունը մեծ է, լավ երաժիշտները` շատ
Դրսում կայանալը դժվար է, քանի որ մրցակցությունը մեծ է, լավ երաժիշտները` շատ: Դժվարությունները կարելի է հաղթահարել այն պարագայում, երբ սիրում ու նվիրված ես գործին, որն ընտրել ես: Կայանում է նա, ով առաջին իսկ անհաջողությունից չի հիասթափվում, քանի որ նման դեպքեր շատ են լինում: Պետք է ինքդ քո հանդեպ նաև պահանջկոտ լինես, որ կարողանաս հասնել մի կետի:
Երջանկություն է, երբ Բաբաջանյանի մասին գիտեն անգամ Ամերիկայի ամենափոքր քաղաքում
Դաշնամուրը հզոր գործիք է և ունի այն առավելությունը, որ դաշնամուրի միջոցով կարելի է հարմոնիայի հասնել: Երբ երաժշտական աշխարհ ես մտնում, սկսում ես աշխարհն այլ կերպ ընկալել, ավելի գլոբալ է դառնում աշխարհընկալումդ, փոքր բաների վրա չես ֆիքսվում, տրամադրությունդ չես գցում մանր խնդիրների պատճառով: Հայկական երաժշտությունը… Հայկականն ավելի հարազատ և բնականորեն է լսվում, երբ կատարում եմ: Օրինակ` հոկտեմբերի 4-ին ԱՄՆ-ում ես համերգ ունեի, որի երկրորդ բաժնում միայն հայկական գործեր էի ընդգրկել: Համերգի կազմակերպիչը համերգի վերջում ինձ ասաց, որ շատ տեղին էր իմ ընտրությունը, և նման բան ասաց ազգությամբ հոլանդացին: Ես միշտ փորձում եմ հայկական երաժշտությունը տարբեր բեմերում հնչեցնել, քանի որ ուզում եմ, որ այն ավելի լայն ճանաչում ունենա, հատկապես` Բաբաջանյանի գործերը, ինձ թվում է, որ նա միջազգային մակարդակի բարձր գործեր է գրել: Մի անգամ Ամերիկայի շատ փոքր քաղաքում Բաբաջանյանի գործերից էինք կատարում և մտածում էինք, որ այնտեղ Բաբաջանյանի գործերը լսած չեն էլ լինի, բայց համերգից հետո մի մարդ մեզ մոտեցավ` Բաբաջանյանի ստեղծագործության նոտաները ձեռքին, ու ասաց, թե այսինչ տեղում ակցենտները պակաս էին: Երջանկություն է, երբ Բաբաջանյանի մասին գիտեն անգամ Ամերիկայի ամենափոքր քաղաքում:
Երբեմն մտածում եմ` ինչ կլիներ, եթե իմ կյանքում չլիներ երաժշտությունը
Երաժշտությունը օգնում է հաղթահարել նաև դրսում գտնվողի մենակության զգացումը: Երբեմն մտածում եմ` ի՞նչ կլիներ, եթե իմ կյանքում չլիներ երաժշտությունը: Հասկանում եմ, որ որևէ այլ մասնագիտություն կընտրեի, բայց, միևնույն է, դատարկություն կզգայի: Հենց նստում ես գործիքի մոտ կամ գնում ես համերգի, զարմանալի փոփոխություն է հոգումդ կատարվում, որի հնարավորությունը միակ երաժշտությունը և արվեստը կարող է տալ մարդուն:
Վախենում եմ մոտենալ Բեթհովենի գործերին
Ես վախենում եմ մոտենալ Բեթհովենի գործերին. նրա վերջին դաշնամուրային սոնատները այնպիսի միստիկ աշխարհ են բացում, որ ինձ թվում է` պետք է շատ երկար ապրել` դրանք ընկալելու համար: Ես տանն ինձ համար նվագում եմ դրանք, բայց դեռ հանդիսատեսին չեմ հանդգնում ներկայացնել: Դժվար է նրա փիլիսոփայական խորությանը մոտենալ հիմա, հուսամ` որոշ ժամանակ անց երկրորդ շունչ կբացվի և դրանք կներկայացնեմ հանդիսատեսին: Հիմա շատերն են դասականը խառնում այլ ժանրերի հետ, յուրաքանչյուրն ազատ է անել այն, ինչ ուզում է, բայց դա իմ թեյի բաժակը չէ: Յուրաքանչյուր ստեղծագործություն փոխում է քո ներաշխարհը, և շատ կարևոր է, որ հանդիսատեսի մոտ էլ մի բան փոխվի: Սակայն լինում են դեպքեր, երբ գնում ես համերգի և անհասկանալի կենցաղային մտքեր են գլխումդ ծնվում համերգի ընթացքում: Դրա համար էլ երաժիշտը պետք է բեմ բարձրանա այն մտքով, որ հանդիսատեսի համար առաջիկա երկու ժամը դարձնի այնպիսին, որ նրա կյանքում այլևս այն չկրկնվի:
Կարինե Հարությունյան