Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում նոյեմբերի 24-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Այվազովսկու ցուցասրահում համերգով հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի «Օտրի» տրիոն: Կոլեկտիվի կազմում հանդես են գալիս միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ Ռուզաննա Թովմասյանը (ֆլեյտա), Անժելա Հովհաննիսյանը (ջութակ), Արևիկ Կոսյանը (ալտ):
«Մեր կազմի համար գրված գործերը շատ չեն, և դա է պատճառը, որ մենք հաճախ ենք փոխադրումներ կատարում։ Այս համերգին մեր կազմի համար գրված ստեղծագործություն նույնպես կկատարենք։ Համերգային ծրագիրը շատ բազմազան է լինելու։ Երեկոյի ընթացքում կհնչեն տարբեր ժամանակաշրջանի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Հայդն, Սեն-Սանս, Սիբելիուս, Յան վան Գիլս, Ռավել։ Հատուկ կուզենայի նշել, որ այս համերգին լինելու են պրեմիերաներ»,- նշում է ջութակահար Անժելա Հովհաննիսյանը:
Երեկոյի ընթացքում Հայաստանում առաջին անգամ հնչելու են Յան Սիբելիուսի Դուետը ջութակի և ալտի համար, Յան վան Գիլսի Տրիոն ֆլեյտայի, ջութակի և ալտի համար ու Ռավելի Նախանվագ և ալլեգրո ստեղծագործությունները: Ռավելի ստեղծագործության կատարման ընթացքում տրիոյին կմիանան Երիտասարդական նվագախմբի երաժիշտներ Արփինե Բաբայանը (տավիղ), Դավիթ Գյուլամիրյանը (կլարնետ), Էրիկ Մանուկյանը (ջութակ), Անուշ Յավրումյանը (թավջութակ)։
«Առաջին անգամ տրիոյով ելույթ ենք ունենալու Ազգային պատկերասրահում, ինչը արդեն իսկ հետաքրքիր է, քանի որ մարդիկ գալու են ոչ թե սովորական համերգասրահ, այլ լինելու են թանգարանի պատերի ներսում: Այնտեղ լրիվ ուրիշ մթնոլորտ է, ամենուր արվեստն է տիրում»,- նշում է տրիոյի ալտահար Արևիկ Կոսյանը:
Ի դեպ, տրիոն արդեն երկրորդ անգամ է հանդես գալիս խաչատրյանական փառատոնի շրջանակում: «Փառատոնն իսկապես շատ մեծ հնարավորություն է ընձեռում երիտասարդ կատարողներին` իրենց արվեստը նորովի մատուցելու հանդիսատեսին, մտածելու նոր և հետաքրքիր ծրագրերի մասին: Շատ մեծ պատիվ է ելույթ ունենալ այլ աշխարհահռչակ երաժիշտների կողքին, ինչպես նաև շատ մեծ պատասխանատվություն է կատարողական հայ արվեստը լավագույնս ներկայացնել աշխարհին։ Համերգների օնլայն հեռարձակումը նույնպես շատ է օգնում այն ունկնդիրներին ովքեր հեռու են գտնվում, բայց ցանկությունը մեծ է մասնակիցը դառնալու այս փառատոնին»,- նշում է Անժելա Հովհաննիսյանը:
«Օտրի» տրիոն Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կամերային անսամբլներից մեկն է, որը հիմնադրվել է 2016-ին: Ի տարբերություն դասական դաշնամուրային տրիոների, այս կազմը ներկայացնում է դասական տրիոյի նոր, այլընտրանքային տարբերակ՝ կազմված փողային և լարային գործիքներից: Երաժշտական գործիքների անսովոր համադրությունն անսամբլին հաղորդում է յուրատեսակ գեղեցիկ և հարուստ հնչողություն: