կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-21 21:09
Քաղաքական

ԵՄ-ի հետ հարաբերություններում մենք հասել ենք հերթական պատասխանատու հանգրվանին. Սերժ Սարգսյան

ԵՄ-ի հետ հարաբերություններում մենք հասել ենք հերթական պատասխանատու հանգրվանին.  Սերժ Սարգսյան

Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մադրիդում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին: Այն վարել է ԵԺԿ Նախագահ Ժոզեֆ Դոլը: Համագումարին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարներ:

Համագումարի օրակարգի շրջանակներում ԵԺԿ Նախագահի ընտրություններն են, կուսակցության նոր ծրագրի, ինչպես նաև կանոնադրության փոփոխությունների քննարկումն ու հաստատումը: Հոկտեմբերի 21-22-ին համագումարի պատվիրակների ուշադրության կենտրոնում են լինելու համաեվրոպական նշանակության հարցերը, նաև` փախստականների խնդիրները, տնտեսական ճգնաժամի հետևանքները և դրանց հաղթահարման հնարավորությունները: Անդրադարձ կլինի Եվրոպական հարևանության խնդիրներին, Արևելյան գործընկերության ոլորտում առկա զարգացումներին, միջազգային արդի մարտահրավերներին:
Հանրապետության Նախագահը համագումարում հանդես է եկել ելույթով:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համագումարի ժամանակ


Հարգելի՛ գործընկերներ,

Նախ` ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵԺԿ Նախագահ պարոն Ժոզեֆ Դոլին այս համագումարին մասնակցելու հրավերն ուղարկելու համար: Շնորհակալ եմ, պարոն Նախագահ:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովը ողջունեց Հայաստանի և Եվրամիության միջև գործակցության ապագա շրջանակի շուրջ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելը: Այսօր ուրախ եմ նշելու, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում մենք հասել ենք հերթական պատասխանատու հանգրվանին. անցած շաբաթ Լյուքսեմբուրգում Եվրոպական Միության խորհուրդը տրամադրեց Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու մանդատը: Լիահույս եմ, որ բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը՝ դառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառության լավագույն երաշխիք։

Անշուշտ, մեր ճանապարհն այսքան հարթ չէր լինի, եթե չլիներ մեր գործընկերների, այդ թվում նաև ԵԺԿ ընտանիքի աջակցությունը: Լիահույս եմ, որ բանակցությունների ընթացքում ևս ԵԺԿ-ն մեր կողքին կլինի՝ դրանք հնարավորինս արագ ավարտին հասցնելու և արդեն նոր իրավական հիմքով Հայաստանի եվրոպական օրակարգը շարունակելու համար:

Մենք մեր երկրում շարունակում ենք զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, իշխանության ճյուղերի հավասարակշռումը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու դատական համակարգի անկախությունը: Այդ ուղղությամբ մենք մեծ քայլ ենք կատարել՝ նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումներ մեր երկրում, ինչն իրականացնում ենք Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ: Եթե մեր ժողովուրդը դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ հավանություն տա սահմանադրական փոփոխություններին, ապա Հայաստանը կիսանախագահական կառավարման մոդելից կանցնի խորհրդարանական մոդելի, ինչն էլ ավելի արդյունավետ կդարձնի իշխանության տարբեր թևերի փոխգործակցությունը, հիմքեր կստեղծի տնտեսության ավելի ինտենսիվ զարգացման համար, կբարձրացնի մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը, կուժեղացնի ընդդիմության ինստիտուցիոնալ դերակատարումը: Հանրաքվեն դիտարկելու համար մենք հրավիրել ենք ԵՄ, ԵԽԽՎ, ԵԱՀԿ և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչների. վստահ եմ, որ ձեր մասնակցությամբ և ձեր լավագույն փորձով էլ ավելի կխթանեք Հայաստանում ժողովրդավարական գործընթացների առաջընթացը:

Հարգելի՛ ներկաներ,

Նախքան խոսքս եզրափակելը մեկ անգամ ևս նշեմ, որ հայ ժողովուրդը մեծապես գնահատում է Եվրոպական խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման գործում ԵԺԿ ունեցած ներդրումը, ինչպես նաև ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևը: Սրանք գալիս են փաստելու, որ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը՝ որպես Եվրոպական խորհրդարանում ներկայացված ամենամեծ քաղաքական խումբ և եվրոպական ինքնության ու գաղափարի առաջ մղող ուժ, անկախ ամենատարբեր քաղաքական նկատառումներից, հանձնառու է մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը:

Եվ վերջում, երկխոսության այս յուրատեսակ հարթակին մաղթում եմ շարունակական և արդյունավետ աշխատանք:

Շնորհակալություն: