Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներկայումս նշվող եւ իր մանկության Նոր տարիների միջեւ համեմատության եզրեր ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը չի կարողանում անցկացնել:
«Մեր մանկության տարիներին շատ աղքատիկ ենք նշել Նոր տարին: Մայրս մի հնդկահավ էր մորթում, սպասում էինք, որ հայրս գար աշխատանքից, եւ լամպի լույսի տակ սեղան էինք նստում: Հետո արդեն էլեկտրաէներգիա կար, այն էլ` մինչեւ ժամը 12-ը, որից հետո անջատում էին: Ամենահետաքրքիրը հաջորդ օրն էր. դպրոցում պարտադիր տոնածառ էին դնում, եւ մենք պարտադիր երգում էինք «Տոնածառ ջան, տոնածառ, ինչ սիրուն ես ու պայծառ»: Իսկ նվեր ասվածը թղթի մեջ փաթաթված մի քանի կոնֆետը, պեչենին ու մի փոքր աղանձն էին»,- Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց ՀՀԿ-ական պատգամավորը եւ ընդգծեց, որ իրենց ժամանակ տոնածառի գաղափարն ավելի մեծ էր, քան Ձմեռ պապին:
Ծնունդով ղարաբաղցի պատգամավորը պատմեց, որ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում մարդիկ կան, ովքեր Նոր տարվա սեղան գցելու եւ մարդկանց զարմացնելու համար կարող են անգամ բանկից վարկ վերցնել:
«Ցուցամոլությունն իմ սերնդին շատ խորթ բան է: Ես մեծացել եւ դաստիարակվել եմ բոլորովին այլ արժեքային համակարգում, ուր ցուցամոլությունը դատապարտելի էր: Հակառակը` մեր ժամանակ համեստությունը, համեստ ապրելն էր օրինակ հանդիսանում, բոլորն ասում էին, որ այս մարդը հնարավորություն ունի, բայց` տեսեք` որքան համեստ է իրեն պահում»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Անդրադառնալով ամանորյա նվերներին` պատգամավորն ասաց, որ այսօր ոչ ոք նվերներից ո'չ զարմանում է, ո'չ էլ` ուրախանում, գնին են նայում:
«Հիմա մարդիկ չեն ասում` թոռնիկիս խաղալիք եմ առել, ուրախացել է, ասում են` էս գնանոց բռլիանտից զարդ եմ գնել, ու այդ թոռնիկն էլ փոքր տարիքից հասկանում է գները: Հիմա շատ ճոխ են Նոր տարի անում, բայց շատ տխուր է անցնում»,- նշեց Համլետ Հարությունյանը:
Հարցին, թե` պատգամավորները Ձեր տուն այցելո՞ւմ են Ամանորին, նա պատասխանեց. «Ոչ ոչ... Այսօր դասակարգային հզոր շերտավորում կա, ես չեմ պատկանում խոշոր բուժուազիայի դասին, հետեւապես` գան իմ տուն, ի՞նչ անեմ: Ես էլ չեմ գնում, որովհետեւ համապատասխան նվեր չեմ կարող գնել: Ես դեմ եւ թշնամի եմ ցանկացած տեսակի ճոխության, այդ ճոխությունը լավ բանի չի բերի, այդ ճոխությունը ոչնչացնում է ամեն տեսակի մարդկային, արժեքային համակարգ, այդ ճոխությունը, ի վերջո, դժբախտություն է բերում ե'ւ այդ ընտանիքին, ե'ւ այս ազգին»:
Նշենք, որ Համլետ Հարությունյանը, սովորույթի համաձայն, Ամանորն անցկացնում է հայրական տանը` Ղարաբաղում: