կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-09 03:27
Քաղաքական

Հայաստանում ձեւավորվել է հարուստների իշխանություն

Հայաստանում ձեւավորվել է հարուստների իշխանություն

Հայաստանում ժողովրդավարության հիմքերի խաթարման երկու պատճառ կա: Առաջինն այն է, որ մեր երկրում անցկացված ընտրությունները երբեք ժողովրդավարական և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան չեն եղել: Իսկ մյուս պատճառն այն է, որ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներ չեն իրականացվել: Արդյունքում` մեր երկրում ձեւավորվել է ոչ թե ժողովրդի իշխանության համակարգը, այլ` հարուստների իշախանությունը` պլուտոկրատիան:

 

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ այս ամենի արդյունքում ստեղծվել է ներհասարակական ճգնաժամ երկու մակարդակում` իրավական և սոցիալ-քաղաքական:

 

Առաջինի դեպքում կա «դե յուրե» ամրագրված կարգ, բայց իրականում գործում է չգրված օրենքը, որի դեմն առնելու միջոց չկա Հայաստանում: Օրինակ, խորհրդարանական ընդդիմությունը կարող է այս հարցով դիմել Սահմանադրական դատարան, սակայն ընդդիմադիր պատգամավորները կազմում են ընդհանուրի 1/5 մասը, և չեն կարող հարցը բարձրացնել այդ ատյանում:

 

Ա. Ռուստամյանն ասաց, որ երկիրը երկատվել է, և կա փոքրամասնության ու մեծամասնության պետություններ. «Փոքրամասնությունը արտոնյալների այն խավն է, որն այնքան արտոնյալ է, որ կարող է օրենքներ գրել իր համար ու շրջանցել գրված օրենքները: Եվ կա մեծամասնության պետություն, որին անտերության են մատնել»:

 

Երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ պետությունը, իշխանությունը և կուսակցությունը (իշխանական) նույնացվում են: Այս ամենի արդյունքում էլ հասարակության և իշխանության միջև ճեղք է գոյացել: Եվ այսօր, ցավոք, շատերը անարդարություններից խուսափելու համար արտագաղթում են: 

 

Այս ամենին վերջ դնելու համար պետք է ձեւավորվի նոր որակի իշխանություն: Սա պետք է կատարվի ոչ թե իշխանության վերարտադրության, այլ իրապես իշխանափոխության միջոցով: