Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կդրվի հանրաքվեի: Նախագիծը հանրաքվեի դնելու` նախօրեի որոշմանը ԱԺ-ում կողմ էր քվեարկել 104 պատգամավոր, դեմ` 10-ը, ձեռնպահ 3-ը: Կողմ քվեարկողների մեծամասնության դիրքորոշումը, իհարկե, գաղափարական կամ սկզբունքային հիմք չուներ: Դրանք բխում էին կոնյունկտուրային նպատակահարմարությունից: Բայց, անկախ դրանից, արդյունքը վավերացրեց այս փուլում «Ոչ»-ի պարտությունը:
Կվավերացվի՞ այդ արդյունքը վերջնականապես, պարզ կդառնա այն բանից, թե որքանով հանրությունը նախագծին հավանություն կտա: Հանրային ընկալումներում դեպի «ոչ»-ը հակվածությունն ավելի մեծ է, արտացոլում է ԱԺ-ում քվեարկության պատկերը: Բայց պատճառը ոչ թե խորհրդարանական համակարգին կամ սահմանադրական փոփոխությունների նպատակահարմարությանը հասարակության մեծամասնության սկզբունքորեն դեմ լինելն է, այլ իշխանության, հետևաբար նաև նրա ցանկացած նախաձեռնության հանդեպ անվստահության բարձր մակարդակը:
Սա խնդիր է, որը պետք է հաղթահարի «Այո»-ի ճամբարը: Եվ սա ռեսուրս է, որից կարող է օգտվել «Ոչ»-ի ճամբարը, որը, սակայն, դրա համար ավելի քիչ հնարավորություն ունի: Դա պայմանավորված է մի քանի գործոնով: Նախ` «Ոչ»-ի ճամբար, որպես այդպիսին, չձևավորվեց: Չձևավորվեց ոչ թե իշխանության խառնակչության պատճառով, այլ այդ ճամբարում կոնսոլիադացվելու փորձեր կատարող ուժերի ներքին ռազմավարական ու մարտավարական հակասությունների:
Հստակ չձևակերպվեց` հավաքական իմաստով ինչի՞ն են, ի վերջո, դեմ այդ ուժերը` Սահմանադրությունը փոխելու նախաձեռնությա՞նը, փոփոխությունների բովանդակությա՞նը, նպատակներին կամ այդ նպատակներին հասնելու մեխանիզմների լիարժեքությանը, թե՞ նախաձեռնողներին: Հասկանալի չդարձավ` պայքարն ուղղվելու է բուն Սահմանադրության փոփոխությունների և հանրաքվեի տապալմա՞նը, թե՞ այդ գործընթացը իշխանության հեռացման քաղաքական հենակետ դարձնելուն:
Արդյունքում ստեղծվեց խառնաշփոթ պատկեր, որտեղ հնարավոր չէր տեսնել ո\'չ պայքարի կոնցեպցիան, ո\'չ քայլերի հաջորդականությունը, ո\'չ էլ վերջնական նպատակը: Այլ կերպ ասած` պրոցեսն իներցիայի դաշտից դուրս չեկավ և քաղաքական բովանդակություն չստացավ:
Երկրորդ` իշխանության նկատմամբ ինչպիսի վերաբերմունք ու դիրքորոշում էլ լինի, հնարավոր չէ ժխտել, որ կոնկրետ սահմանադրական փոփոխությունների այս գործընթացը` սկզբից մինչև այս պահը, իրականացվել է աննախադեպ (ոչ թե բացարձակ) թափանցիկ և մասնակցային մթնոլորտում: Պրոցեսի բոլոր փուլերը` սկսած փոփոխությունների հայեցակարգի մշակումից մինչև նախագիծը վերջնական տեսքի բերելը, տեղի են ունեցել բավարար հրապարակային: Իշխանությունն ի սկզբանե որդեգրել էր պրոցեսին արտաքին ու ներքին լեգիտիմություն հաղորդելու մարտավարությունը, ինչով էր բացատրվում նաև մի քանի փուլով քաղաքական բոլոր հիմնական ուժերի հետ քննարկումներ կազմակերպելու` նախագահի նախաձեռնությունը: Դրանց մի մասը զուտ արարողակարգային էին, որոշները` ցուցադրական և անիմաստ:
Բայց, անկախ դրանից, ամեն ինչ տեղի էր ունենում հանրության տեսադաշտում, ինչը զուգակցվում էր մասնագիտական մակարդակով կլոր սեղանների ձևաչափով դիսկուրսների կազմակերպմամբ: Չի եղել հասարակական-քաղաքական որևէ շրջանակ, որը դուրս է մնացել գործընթացից` առնվազն իրազեկման և մասնակցության մակարդակով:
Երրորդ` այս գործընթացը նախկիններից տարբերվեց նաև հանրային-քաղաքական մասնակցության գործնական ազդեցությամբ: Մասնագիտական հանձնաժողովը և նախաձեռնության հեղինակները նկատելիորեն ընկալունակ էին ներկայացվող առաջարկությունների նկատմամբ` նույնիսկ ամենասկզբունքային և արտաքուստ իշխանության հետին պլանները մատնող կետերի փոփոխության հարցում: Հիմնական դժգոհություններից մեկը կապված էր նախագահին «ընտրիչների» միջոցով ընտրելու մեխանիզմի հետ. այդ դրույթը փոխվեց: Նախագծից հանվեց ԱԺ-ում «կայուն մեծամասնություն» ձևավորելու` լուրջ առարկությունների տեղիք տված դրույթը: Փոխվեց նաև միասեռ ընտանիքների ձևավորման իրավունք տվող` մտավախություն առաջացրած դրույթը և այլն: Բացի նրանից, որ սա նախագծին և նախաձեռնությանը ներքին լեգիտիմություն հաղորդելու ակնհայտ նպատակ էր հետապնդում, դրանով նաև ջարդվեցին «Ոչ»-ի կողմնակիցների բոլոր հիմնական փաստարկները:
Իսկ նախագահի հայտարարությունը, թե փոփոխությունների ընդունումից հետո չի հավակնելու երկրի ղեկավարի դերին, ընդհանրապես շփոթ առաջացրեց` իշխանության կոնյունկտուրային մոտիվացիան հասկանալու առումով: Եթե սկզբնական շրջանում հիմնական մեղադրանքը իշխանության վերարտադրման մեխանիզմ ստեղծելն էր, ապա նախագահի այդ հայտարարությունից հետո հիմնական «փաստարկը» դարձել է պրոցեսի լեգիտիմության վիճարկումը` առանց որևէ լուրջ հիմնավորում ներկայացնելու:
Անգամ ներկայումս քիչ, թե շատ ակտիվորեն տիրաժավորվող այն մոտեցումը, թե նախագահը փորձում է ստեղծել պետական կառավարման մի համակարգ, որը կարող է ղեկավարել ՀՀԿ գրասենյակից` չունենալով որևէ իրավական ու վարչական լծակ, ոչ միայն բացարձակապես չի հիմնավորվում, այլև չի ներկայացվում, թե ինչ մեխանիզմով Սարգսյանը կարող է երկարաժամկետ կտրվածքով պահպանել այդ կարգավիճակը:
Ըստ էության` «Ոչ»-ի կողմնակիցների` այս փուլի պարտության հիմնական պատճառը իշխանության նման բաց մարտավարությանն անպատրաստ լինելն էր: Ուղղակի ոչինչ դրան չհակադրվեց: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ այլ տարբերակ չի մնում, քան հանրաքվեն տապալելու համար Սահմանադրության նոր տեքստի բովանդակության շուրջ քաղաքական և գաղափարական բանավեճի մեջ մտնելը: Գալիս է ինչպես «այո», այնպես էլ «ոչ» ասելու պատճառները հիմնավորելու ժամանակը: Դրանից խուսափելը պարզապես կլինի վերջնական պարտության նախերգանքը:
Գևորգ Աղաբաբյան