Միասին կարող ենք
կարևոր
4870 դիտում, 1 տարի առաջ - 2025-04-04 16:55
Հասարակություն

Ադրբեջանում դիտարկում են «խաղաղ ատոմը» - Առաջին ատոմակայանի հավանական կառուցումը կարող է դիտարկվել որպես էներգետիկ ավելի լայն ռազմավարության մաս

Ադրբեջանում դիտարկում են «խաղաղ ատոմը» - Առաջին ատոմակայանի հավանական կառուցումը կարող է դիտարկվել որպես էներգետիկ ավելի լայն ռազմավարության մաս

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում (2025 թ-ի փետրվար) Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հանդիպումը ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հերթական անգամ վկայեց՝ Ադրբեջանը պատրաստ չէ վերջնականապես հրաժարվել ԱԷԿ-ի կառուցումից։ Բացի միջուկային զենքի չտարածման եւ կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրի կատարման հարցերից, կողմերը քննարկել են Ադրբեջանի էներգահամակարգում միջուկային բաղադրիչի ներդրման հեռանկարները: Վերոնշյալ հանդիպումից անմիջապես առաջ՝ 2024 թ-ի դեկտեմբերին Ալիեւը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում չբացառեց՝ երկրին «մի շարք ուղեկցող պայմանների դեպքում» կարող է անհրաժեշտ լինել ԱԷԿ-ը:

Ի՞նչ պայմանների մասին է խոսում Ալիեւը, եւ ինչ ռազմավարական նպատակներ կարող են դրվել Ադրբեջանի ատոմային քաղաքականության հիմքում: Փորձենք պարզել:

Պետք է նշել՝ Ադրբեջանում ԱԷԿ-ի կառուցման գաղափարը նոր չէ։ Առաջին անգամ համապատասխան նախագիծ մշակվել է 1980-ականներին։ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշմամբ՝ երկրի արեւելքում գտնվող Հաջիգաբուլի շրջանի Նավայի ավանում սահմանվել է օբյեկտի կառուցման հարթակ։ Սակայն, 1986 թ-ին Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարը ստիպեց ԽՍՀՄ-ում դադարեցնել մի շարք ատոմային նախագծեր՝ ներառյալ Կասպից ծովի արեւմտյան ափին գտնվող առաջին ատոմակայանի նախագիծը: 2007 թ-ի Բաքվի ճառագայթման խնդիրների ինստիտուտը կառավարությանն առաջարկել է 1500 ՄՎտ հզորությամբ ԱԷԿ-ի կառուցման նախագիծ: Նախնական գնահատումների համաձայն՝  դրա իրականացումը կարող էր տեւել մոտ չորս տարի, իսկ դրա արժեքը կարող էր հասնել 3 միլիարդ ԱՄՆ դոլար։ Եվ չնայած այն հանգամանքին, որ այդ նախաձեռնությունը զարգացում չստացավ, նույն տարվա վերջին ՄԱԳԱՏԷ-ն նախնական համաձայնություն տվեց Ադրբեջանում առաջին հետազոտական միջուկային ռեակտորի կառուցմանը։ Ավելին՝ գործակալությունը պատրաստակամություն է հայտնել ֆինանսական աջակցություն ցուցաբերել նախագծին։

2009-2011-ականներին Ադրբեջանում նախատեսվում էր փոքր հզորության (1 ՄՎտ-ից պակաս) ռեակտոր կառուցել, սակայն նախագիծը կանգնեցրել են փորձագիտական ոչ բավարար հիմնավորման պատճառով: 2011 թ-ին Ադրբեջանի իշխանությունները կրկին վերադարձան ատոմակայանի նախագծին։ Այս անգամ որոշում է կայացվել երկրում առաջին ավանդական հզորության ատոմակայանի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման նախապատրաստման մասին։ Նախատեսվում էր նաեւ միջուկային տեխնոլոգիաների ոլորտում մասնագետների պատրաստման համակարգի զարգացւոմ եւ արտերկրից ներմուծվող ռադիոիզոտոպների արտադրության կարգավորում։

Ադրբեջանում «ատոմային դիսկուրսի» զարգացման հաջորդ փուլը սկսվում է 2014 թ-ից՝ Ալիեւի կողմից կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարությանը կից «Միջուկային հետազոտությունների ազգային կենտրոն» ՓԲԸ ստեղծելու մասին հրամանագրի ստորագրմամբ: Շուտով Ադրբեջանի ատոմային նախագծի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերեց ֆրանսիական VINCI Construction Grands Projects ընկերությունը (որն այդ ժամանակ արդեն իրականացրել էր մոտ 50 նախագիծ)։ 20 ՄՎտ հզորությամբ առաջին հետազոտական ռեակտորի նախագծման մրցույթը նախատեսվում էր հայտարարել արդեն հաջորդ՝ 2015 թ-ին։ Նախագծի շրջանակներում նախատեսվում էր նաեւ 2 կՎտ հզորությամբ ուսումնական ռեակտորի ստեղծում։ «Միջուկային հետազոտությունների ազգային կենտրոնի» կանխատեսումների համաձայն՝ հետազոտական ռեակտորի կառուցման աշխատանքները նախատեսվում էր ավարտել մինչեւ 2020 թ-ը: Սական դրանք ակսելու համար պահանջվում էր ՄԱԳԱՏԷ-ի հավանությունը, ինչն ինքնին բավականին երկար գործընթաց է: Որպես ապագա ԱԷԿ-ի հնարավոր վայր դիտարկվում էր Խիրդալան քաղաքը (Ապշերոնի թերակղզու արեւմուտքում)։ Նախագիծը նախատեսում էր 15 հա տարածքում հետազոտական ռեակտորի, վարչական համալիրի, տվյալների մշակման կենտրոնի եւ անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցում: Փաստորեն, հնարավոր շինարարության հարթակը տեղափոխվել է, չնայած մասնագետների պնդումներին, որ սեյսմիկ անվտանգության տեսանկյունից Նավայինն առավել նպատակահարմար տարբերակ է:

Սակայն, ինչպես նախորդ փուլերում, նախագիծը կրկին չկարողացավ «տեղից շարժվել»։ Պատճառը, թերեւս, Բաքվի կենտրոնացվածությունն է ածխաջրածնային հատվածի զարգացման, նավթի եւ գազի մատակարարման հետզհետե աճող պայմանագրային պարտավորությունների կատարման, իսկ վերջին տարիներին նաեւ կանաչ էներգետիկայի զարգացման վրա։ Նշենք՝ մինչեւ 2030 թ-ը Ադրբեջանը նպատակ ունի միջազգային միջանցքներով արտադրել 7 գիգավատ կանաչ էներգիա եւ արտահանել 5 գիգավատ։ Մինչեւ 2035 թ-ը նախատեսվում է էներգահամակարգում վերականգնվող էներգիայի աղբյուրներ (ՎԷԱ) մասնաբաժինը հասցնել 40 տոկոսի։ Նման ծրագրերի մշակմանը նպաստում է նաեւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) անցումը ՎԷԱ-ի զարգացման իր ներուժով Ադրբեջանի կազմ (արեւային եւ քամու էներգիայի պոտենցիալը գնահատվում է 4500 ՄՎտ):

Սակայն այս ամենի հետ մեկտեղ, վերջին տարիներին, հատկապես 2019 թ-ից հետո, Բաքվի կողմից փորձեր են արվել վերադառնալ միջուկային հեռանկարների քննարկմանը, ինչը կարող է կապված լինել ոչ միայն ներքին կարիքների, այլեւ արտահանման հավակնությունները բավարարելու համար նոր կարողություններ ստեղծելու անհրաժեշտությամբ։ Վերջին անգամ բարձր մակարդակով այն բարձրացել է 2019 թ-ին՝ Վալդայի ֆորումի շրջանակներում Պուտինի եւ Ալիեւի հանդիպման ժամանակ, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ա.Լիխաչովի մասնակցությամբ, որը հայտարարել է. «ԱԷԿ-ը կլինի այնպիսին, որը կընտրի մեր ադրբեջանցի գործընկերը։ Մենք առաջարկում ենք հզոր կայան: Ադրբեջանի յուրահատկությունն այն է, որ լրջորեն աճում է սպառումը։ 2018-ին ադրբեջանցիներն ավելացրել են սպառումն ու էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացրել են գրեթե 14%-ով։ Դա շատ է։ Ընդ որում, ակնհայտ շեղումը՝ ավելի քան 90%-ը, գազա-ջերմային գեներացիա է»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ներքին կարիքներին, ապա 2018-2020-ականներին արդեն 2025 թ-ին պահանջարկի կտրուկ աճի վերաբերյալ արված բազմաթիվ կանխատեսումներն այդպես էլ չարդարացան։ Ըստ Միջազգային էներգետիկ գործակալության՝ 2023 թ-ին Ադրբեջանում էլեկտրաէներգիայի պահանջարկի աճը կազմել է ընդամենը 1 տոկոս, մինչդեռ 2022 թ-ին այդ ցուցանիշը գերազանցել է 4 տոկոսը, իսկ 2021 թ-ին հասել՝ 7 տոկոսի։ Ընդ որում՝ 2024 թ-ին էլեկտրաէներգիայի արտադրության զգալի աճ է գրանցվել՝ ի հաշիվ ՎԷԱ-ի։ Կանաչ էներգիայի արտադրության ծավալը 2023 թ-ի համեմատ ավելացել է 1,729 մլրդ կվտ/Ժ-ով՝ հասնելով 3,851 մլրդ կվտ/Ժ-ի։ Էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրությունը 2024 թ-ին կազմել է 28,3 մլրդ կվտ/Ժ, որից մոտ 3,8 մլրդ կվտ/Ժ-ն բաժին է ընկել ՎԷԱ-ին։

Այսպիսով, Ադրբեջանում էլեկտրաէներգիայի պահանջարկի դանդաղման ֆոնին նկատվում է դրա արտադրության աճ։ Դա կարող է պայմանավորված լինել բացառապես արտաքին գործոններով, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի արտահանման ավելացման նպատակադրմամբ։ Ներկայումս Ադրբեջանից էլեկտրաէներգիայի հիմնական ներկրողներն են Վրաստանը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը, նըդ որում՝ ներմուծման ծավալները բավական խորհրդանշական բնույթ են կրում: Դրան զուգահեռ Բաքուն նպատակ ունի ամրապնդել իր արտահանման դիրքերը եվրոպական ուղղությամբ։ 2019 թ-ին Ադրբեջանը սկսել է (հետագայում դադարեցված) էլեկտրաէներգիայի մատակարարումը Բուլղարիա Վրաստանի եւ Թուրքիայի տարածքներով անցնող էլեկտրահաղորդման գծերով։ Այսօր մշակվում են Ադրբեջանից Եվրոպա էլեկտրաէներգիա արտահանելու նոր երթուղիներ, որոնցից մեկը ենթադրում է Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան եւ Հունգարիան միացնող Սեւ ծովի հատակով ստորջրյա էլեկտրական մալուխի անցկացում, որի միջեւ արդեն ստորագրվել է տրանսսեւծովյան մալուխի նախագծի իրականացման համար համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին համաձայնագիր:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է Կասպից ծովի ափերից ստորջրյա մալուխով կանաչ էներգիայի մատակարարման հեռանկարները։ Սակայն ի՞նչն է այսօր համարվում կանաչ էներգիա։ Հայտնի է՝ վերջին տարիներին էներգետիկ ոլորտում կանաչ գաղափարախոսոոթյունը ենթարկվում է լուրջ վերափոխումների, որոնք առաջացել են բավականին պրագմատիկ հաշվարկներով: 2022 թ-ին Եվրահանձնաժողովը (ԵՀ) ատոմային եւ գազային էներգետիկան դասակարգել է որպես էներգիայի անցումային կանաչ աղբյուրներ, որոնք նպաստում են առանց ածխածնի տնտեսության անցմանը։ Իսկ «ատոմային վերածնունդն» այսօր, ընդհանրապես, գլոբալ կայուն զարգացման մեգատրենդներից մեկն է։

ԱԷԿ-ի կառուցման հարցում Ադրբեջանի ակտիվացումը որոշակի մարտահրավերներ է ձեւավորում նաեւ հարեւանների, մասնավորապես՝ Հայաստանի համար։ Լայնորեն հայտնի է դեռեւս 1990-ական թվականներից մինչ օրս Բաքվի եւ Անկարայի կողմից հայկական ԱԷԿ-ի դեմ իրականացվող արշավը։ Խնդիրը միանգամայն պարզ է՝ Հայաստանին զրկել Հարավային Կովկասի ատոմային հզորություններ ունեցող միակ երկրի կարգավիճակից։ Հայաստանի համար ռիսկերն այսօր, այն պայմաններում, երբ հանրապետությունում չկա «խաղաղ ատոմի» ապագա զարգացման հստակ տեսլական, իսկ Երեւանի պաշտոնական դիրքորոշումը գնալով ավելի է թեքվում ամերիկացիների առաջարկած փորձարարական փոքր ատոմային ռեակտորների ուղղությամբ ավելի շոշափելի են դառնում (տես, fondsk20240704 «Հայաստան․ «Խաղաղ ատոմն»՝ աշխարհաքաղաքական ինտրիգների կիզակետում» հոդվածը-ԳՄ)։ Ավելի վաղ գրել էինք՝ նման որոշումը կնշանակի Հայկական ատոմային էներգետիկայի դադարեցում եւ էլեկտրաէներգիայի ներկրումից Հանրապետության կախվածության կտրուկ ավելացում, ինչին մեծապես կնպաստի նաեւ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման մեկնարկած ծրագիրը: Իր հերթին՝ Ադրբեջանը աճող հավակնություններ է դրսեւորում էլեկտրաէներգետիկայի ոլորտում՝ զարգացնելով միանգամից մի քանի ուղղություններ՝ ստորջրյա մալուխից Սեւ ծովով մինչեւ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» էլեկտրահաղորդման գծի նախագիծը, ընդ որում՝ երկու նախագծերն էլ ակտիվորեն առաջ են մղվում որպես կանաչ միջանցքի հայեցակարգի մաս: Հաշվի առնելով «ատոմային վերածննդի» մեգատրենդը, նշված հաղորդակցություններին միացմամբ Ադրբեջանում ատոմակայանի կառուցման սցենարն արդեն միջնաժամկետ հեռանկարում կարող է միանգամայն հասկանալի ուրվագծեր ստանալ։

 

Վահե Դավթյան

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի