Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՀԷՑ-ի վաճառքին: Նշենք, որ այսօր ՀԾԿՀ-ն պաշտոնապես հաստատեց ՀԷՑ-ի վաճառքը «Ինտեր ՌԱՕ»-ի կողմից «Տաշիր գրուպ»-ին պատկանող ընկերություններից մեկին:
Մեր հարցին, թե արդյո՞ք մտահոգիչ չէ այն, որ ՀԷՑ-ը գնում է օֆշորային ընկերություն, Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Օֆշորային լինելու հետ կապված ես առանձնահատուկ մտահոգություն չունեմ, որովհետև բոլոր դեպքերում ՀԷՑ-ի գործունեությունը, որպես բնական մենաշնորհ, կարգավորվում է և\' մեր օրենսդրությամբ, և\' կարգավորիչ մարմնի որոշումներով: Այնպես որ` դա կլինի օֆշորային, թե` ոչ, որևէ բան չի փոխում, որովհետև կարգավորող հանձնաժողովը մշտադիտարկման գործառույթ ունի»:
Պատգամավորը նշեց, որ իրեն ավելի շատ մտահոգում է էներգետիկ համակարգի առողջացումը, և այդ առողջացման հիմքում պետք է դրվեն իրավա-պայմանագրային նորմալ հարաբերություններ արտադրող կայանների, էլեկտրական ցանցերի ու սպառողների և, մյուս կողմից, պետական կառույցների` «Էլեկտրաէներգետիկ համակարգի օպերատոր» ՓԲԸ -ի և «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի միջև:
Միքայել Մելքումյանի խոսքով` ՀԷՑ-ի նոր սեփականատերը ժառանգում է բոլոր այն պարտքերը, որոնք եղել են: Ներկա պահին ՀԷՑ-ը վարկունակ չէ, մինչդեռ` ՀԷՑ-ի պարտքերն այն ծավալների են հասնում, որ կարող են բացասաբար անդրադառնալ բանկային համակարգի վրա, այնպես որ, ըստ Մելքումյանի, նոր սեփականատիրոջ առկայությունը որոշակի դրական լիցքեր կարող է բերել այդ ոլորտին:
«Իհարկե, կյանքը կարող է ցույց տալ, թե ինչպիսին կլինի նոր սեփականատիրոջ գործունեությունը»,- հավելեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի վաճառքի գնին, որն առայժմ չի հրապարակվում, Միքայել Մելքումյանը նշեց, որ դա էլ գաղտնիք չի կարող մնալ, քանի որ կառավարությունն է հաստատում այդ գործարքը: «Ես, իհարկե, վաճառքի գնի մասին ոչինչ չգիտեմ, բայց, հաշվի առնելով շուկան, մասնավորապես այն, որ կա 1 միլիոն 80 հազար բաժանորդ, և այդ ընկերության պարտքերի ծավալը, կարծում եմ, որ դա մոտիկ կլինի 400-ից 500 միլիոն դոլարի սահմաններին»,- ասաց պատգամավորը: