կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-15 19:45
Քաղաքական

Իրավիճակը սրելու ադրբեջանական կողմի փորձերը հղի են ամբողջ տարածաշրջանում իրավիճակի անկայունացմամբ. Սերժ Սարգսյան

   Իրավիճակը սրելու ադրբեջանական կողմի փորձերը հղի են ամբողջ տարածաշրջանում իրավիճակի անկայունացմամբ. Սերժ Սարգսյան

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նեղ կազմով բանակցություններին, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահները և Կազմակերպության Գլխավոր քարտուղարը, հաջորդել են ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ բանակցությունները:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, հյուրընկալող երկրի Նախագահ Էմոմալի Ռահմոնի ողջույնի խոսքից և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի զեկույցից հետո ելույթ է ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընդլայնված կազմով նիստում

«Հարգելի՛ պարոն նախագահող,

Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,
Նիստի հարգելի՛ մասնակիցներ,

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահողին՝ Տաջիկստանի Նախագահ Էմոմալի Ռահմոնին հյուրընկալության և գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Մեր Կազմակերպությունում Տաջիկստանի նախագահությունը եղել է ռիթմիկ` ուղղված դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարմանը և կոնկրետ արդյունքների ձեռքբերմանը:

Աստիճանաբար զարգացել է ՀԱՊԿ փոխգործակցությունը միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ. ՄԱԿ-ի հետ՝ խաղաղապահության գծով և ԵԱՀԿ-ի հետ՝ միջինստիտուցիոնալ երկխոսության ընդլայնման հարցերով:

Ս.թ. մայիսի 12-21-ը անցկացվել է ըստ նշանակության խնդիրները լուծելու ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի զորակազմի պատրաստվածության հանպատրաստից ստուգում:

Այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներկայացրած առաջնայնություններն ապահովում են ՀԱՊԿ գործունեության արդյունավետության և դրա միջազգային հեղինակության բարձրացմանն ուղղված Կազմակերպության քաղաքականության ժառանգորդությունը: ՀԱՊԿ գծով համագործակցությունը հանդիսանում է Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային առաջնայնություններից մեկը, և մենք, որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, պատրաստ ենք ակտիվորեն փոխգործակցել գործընկերների հետ՝ ի նպաստ Հավաքական անվտանգության պայմանագրի մասին դրույթների ապահովման: Համոզված եմ, որ դա մեր ընդհանուր դիրքորոշումն է:
Նեղ կազմով հանդիպման ընթացքում մենք մտքեր փոխանակեցինք արդիական հարցերի շուրջ: Ինչպես միշտ, ըստ ավանդույթի, այն կրում էր բաց, վստահելի բնույթ:

Ես տեղեկացրեցի ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի մասին՝ ուշադրությունը սևեռելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության էական բարձրացման վրա: Այս հարցի վրա կրկին կանգ չեմ առնի և միայն կնշեմ, որ իրավիճակը սրելու ադրբեջանական կողմի փորձերը, միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայության պայմաններում, հղի են ամբողջ տարածաշրջանում իրավիճակի անկայունացմամբ:

Հարգելի՛ գործընկերներ,

Մեր ուշադրության կենտրոնում այսօր միջազգային հարթակներում արտաքին քաղաքականության համակարգման կատարելագործման, մեր երկրների պաշտպանունակության բարձրացման, հավաքական ուժերի մարտունակության, ճգնաժամային արձագանքման համակարգի ներմուծման ու կատարելագործման հարցերն են:

Այս խնդրի լուծմանն է միտված ռազմական և հատուկ ստորաբաժանումների օպերատիվ և մարտական վերապատրաստման կատարելագործման, դրանց վերազինման, ռազմաարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության, պաշտպանության նպատակներով տրանսպորտային և տարանցիկ հարցերի օպտիմալացման ուղղություններով մեր աշխատանքը։

ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության հետագա զարգացման գործում միանգամայն պատեհաժամ է հավաքական օդային ուժերի ստեղծումը։ Այս համատեքստում մեծապես կարևորում ենք «ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերի կազմի և տեղակայման մասին արձանագրության» վերաբերյալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման իրականացումը:

Այսօրվա հանդիպման արդիական հարցն անվտանգության ոլորտում գործնական համագործակցության ընդլայնումն է, այդ թվում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգը համատեղ ջանքերով կատարելագործելու հարցը։ Այս ոլորտում կարևոր ուղղություն է արագ արձագանքման հավաքական ուժերի մարտական վերապատրաստման կատարելագործումը, դրանց վերազինումը ժամանակակից զենքով, ռազմական և հատուկ տեխնիկայով։

Հաշվի առնելով այն փաստը, որ միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամենագլխավոր մարտահրավերներից է շարունակում մնալ ծայրահեղական կազմակերպություններից ու խմբավորումներից բխող ահաբեկչության սպառնալիքը՝ վերոնշյալ ուղղություններով ձեռնարկված համատեղ քայլերը  թույլ են տալիս նվազագույնի հասցնել այդ սպառնալիքները և  դրանց դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ մշակել:

Համոզված եմ, որ ձեռքբերված պայմանավորվածությունները կոնկրետ բովանդակությամբ լցնելու ուղղությամբ մեր հետագա ջանքերը կբարձրացնեն ՀԱՊԿ-ի իրական ներդրումը տարածաշրջանային կայունության, անվտանգության ամրապնդման և զարգացման գործում»։