Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
Արդեն երկու ամիս է, ինչ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվում է Բաղրամյան պողոտայում լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու, նրանց մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով հարուցված քրեական գործը, սակայն մինչ օրս գործի ընթացքի վերաբերյալ ՀՔԾ-ն որևէ տեղեկություն չի հաղորդում:
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն իր դժգոհությունը հայտնեց ՀՔԾ-ի գործունեության կապակցությամբ՝ նշելով, որ իրենց կողմից ուղարկված գրավոր հարցումներին ՀՔԾ-ն չի պատասխանել՝ պատճառաբանելով, թե նախաքննական տվյալները հրապարակման ենթակա չեն:
Մինչդեռ, Մելիքյանի խոսքով, իրենք ՀՔԾ-ից գաղտնիք պարունակող տվյալներ չեն հարցրել: Ընդամենը հետաքրքրվել են` արդյո՞ք երկարաձգվելու է գործի քննության ժամկետը, գործով կա՞ն կասկածյալներ կամ մեղադրյալներ, քանի՞սն են տուժող ճանաչվել և այլն: Մելիքյանը հայտնեց, որ ՀՔԾ-ն օգտվում է օրենսդրական բացից, սակայն օրենքը չի սահմանում, թե ինչն է նախաքննական տվյալ, ինչը՝ ոչ: Այս կապակցությամբ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն մտադիր է դիմել դատախազություն, ապա` նաև այս հարցը վիճարկել Սահմանադրական դատարանում:
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել հունիսի 23-ին, բռնություն գործադրելով, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ:
Եվ չնայած ՀՔԾ-ն մինչ այժմ այս գործի կապակցությամբ որևէ տեղեկություն չի հրապարակել, կոմիտեն տուժած լրագրողների միջոցով է փորձել ինֆորմացիա ստանալ: Արդյունքում` պարզվել է, որ այս ծավալուն գործը քննում է ընդամենը մեկ քննիչ, տուժած 24 լրագրողներից 6-ը չեն հարցաքննվել: «Եթե ՀՔԾ-ն ակտիվ գործողություններ չիրականացնի, պետք է արձանագրենք, որ պետությունն անհրաժեշտ միջոցներ չի գործադրում այս գործի բացահայտման ուղղությամբ»,- ասաց Մելիքյանը:
Անդրադառնալով Բաղրամյան պողոտայի դեպքերից հետո միջազգային կառույցներում Հայաստանի վարկանիշին` խոսքի ազատության տեսանկյունից, Մելիքյանը նշեց, որ Հայաստանի վարկանիշն իջնելու է: