Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԶՈւ գլխավոր շտաբն իր գրություններով, ինչպես նաեւ փաստաբանների հարցումներին ի պատասխան, հայտնել է, որ Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի ընկերության մատակարարած արկերը պատերազմի ժամանակ որեւէ խնդիր չեն առաջացրել, արդյունքները գնահատված են լավ, արկերը համապատասխանել են մարտավարական եւ տեխնիկական հատկանիշներին։ Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Դավիթ Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանի եւ ԳՇ գեներալների հարաբերությունները մեկ այլ ասպեկտով էլ են սրվել։ Ըստ մեր աղբյուրի՝ զինված ուժերի նորանշանակ ղեկավարությունը, մասնավորապես՝ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, Փաշինյանին հասկացրել է, որ Պատրոն Դավիթին վերաբերող քրեական գործը, այսպես ասած, օդ է, պատերազմի ժամանակ անորակ զենքի մատակարարման ապացույցներ չկան։
Մենք նաեւ գրել էինք, որ իրականում, ամեն ինչ ներքաղաքական «ռազբոռկաների» տիրույթում է։ Պատրոն Դավիթի ձերբակալությունն այլ պատճառներ ունի․ բանակի վրա ազդեցությունը մեծացնելու՝ Անդրանիկ Քոչարյանի քաղաքականությունն է: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին անվանարկելու եւ ճանապարհից հեռացնելու՝ նրա քայլերն իրականում երեխայական նախանձի դրսեւորում չէին։ Ինչպես Քոչարյանն էր ասել՝ «ձկնորսի համազգեստով» նախարարն ու նրա ընկեր Պատրոն Դավիթը բանակի հաշվին բիզնեսներ աճեցնելու՝ Անդրանիկ Քոչարյանի «յուղոտ» ցանկություններին խոչընդոտ էին։ Հետեւաբար, Անդրանիկ Քոչարյանն ու նրա մի քանի թիմակիցներ՝ ի դեմս Արման Բաբաջանյանի ու Վաղարշակ Հարությունյանի, Դավիթ Տոնոյանին խաղից դուրս հանելուց հետո անցում կատարեցին Պատրոն Դավիթին։ Դավիթ Գալստյանը կալանավորվեց փետրվարի 2-ին։
Այսպիսով՝ ԳՇ-ն իր տեղեկատվությամբ, ըստ էության, փաստում է, որ Դավիթ Գալստյանն ապօրինաբար է ձերբակալվել, քանի որ փաստաբանական խմբի հարցումներին պատասխաններում հերքում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի տարածած հաղորդագրությունն առ այն, որ Դ․ Գալստյանի ընկերության կողմից մատակարարված արկերն Արցախյան պատերազմի ժամանակ կիրառելիս անորակ են եղել, պայմանագրով նախատեսված՝ 80-ականների արտադրության հրանոթի արկերի փոխարեն ընկերությունը բանակին մատակարարել է 70-ականների՝ այլ արտադրության արկեր, որոնցով իբրեւ անհնար է եղել մարտական խնդիրներ լուծել։
Փաստաբան Հարությունյանի խոսքով՝ այս ամենը կեղծիք է, քանի որ գործի նյութերով հերքվել է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունը, առ այն, որ արկերը 1970-ական թվականների արտադրության են, եւ հաստատվել է, որ դրանք համապատասխանում են պայմանագրով սահմանված հատկանիշներին։
«Այս պայմաններում, թե ինչո՞ւ է Դավիթ Գալստյանն անազատության մեջ, կալանքի տակ՝ խարդախության մեղադրանքով, ինձ համար արդեն զավեշտի է վերածվում։ Աբսուրդ մեղադրանք, աբսուրդ հիմքեր։ Ապրանքի պատվիրատուն՝ ՊՆ-ն, ապրանքը ստացել է, վճարել դրա դիմաց եւ հայտնում է, որ որեւէ խնդիր չկա, սակայն Դավիթ Գալստյանը շարունակում է մնալ կալանքի տակ։ ԳՇ-ն այս տեղեկատվությունն արդեն տրամադրել է նախաքննության մարմնին, բացի այդ՝ բազմաթիվ դիմումներ ենք ուղարկել, միջնորդություններ, առերեսման խնդրանքներ, Դավիթ Գալստյանը ցուցմունքներ է տվել, արտադրող կողմերից տարբեր ինֆորմացիաներ ենք տրամադրել, որոնք նախաքննությունը չի ունեցել, ասել ենք՝ վերցրեք, գործը քննեք։ Նախաքննական մարմինը, գրեթե բոլոր միջնորդությունները մերժելով, առաջ է գնում»,- նշեց փաստաբանը։
Նրա պնդմամբ՝ դատարանները, ակնհայտ ճնշումների տակ, չեն կարողանում օբյեկտիվ որոշում կայացնել։ «Մենք չենք կարողանում հասկանալ՝ ի՞նչ է կատարվում այստեղ։ Եվրադատարան դիմելու նյութեր ենք հավաքել, վերաքննիչ ատյանը սպառելուց հետո կդիմենք Եվրոպական դատարան»,- տեղեկացրեց փաստաբանը։
Նշենք, որ ԳՇ-ի ենթակայությամբ գործող հանձնաժողովն է ուսումնասիրում զենքի պիտանելիությունն ու համապատասխանությունը պայմանագրին։ Եթե չի համապատասխանում, վերադարձնում են։
Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին, առնչվող քրեական գործով ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք են ԱԱԾ-ում հարցաքննվել, այդ թվում՝ նաեւ ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, որը եղել է զենքերի գնման հանձնաժողովի կազմում:
Շարունակելի․․․
Լիանա Սարգսյան