Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
2016 թվականի փետրվարի 19-ին ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը Ազգային ժողովում աշխատող լրագրողների խմբին անվանել էր «նախիր», իսկ այն լրագրողին, ով լսել էր պատգամավորի խոսքերը, հայհոյել, ինչը լրագրողը չի լսել, սակայն արձանագրել են տեսախցիկները:
«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համար անընդունելի և խիստ դատապարտելի է պատգամավորի նման վարքագիծը խորհրդարանում աշխատող լրագրողների և առհասարակ լրատվամիջոցի ներկայացուցչի նկատմամբ, անընդունելի է նաև պատկան մարմինների լռությունը:
«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կրկին ականատես է լինում լրագրողների իրավունքների ոտնահարման, վիրավորանքի ու անգամ հայհոյանքի պատգամավորի կողմից, ինչին յուրաքանչուր ազատ մամուլ ունեցող երկրի իշխանություն արդեն արձագանքել էր և տվել համարժեք պատասխան: «Լրագրողների միավորում» ՀԿ-ն պահանջում է Մհեր Սեդրակյանից ներողություն խնդրել լրագրողներից հայհոյանքի և վիրավորանքի համար: Անպատժելության մթնոլորտի վերացման, լրագրողի անձի նկատմամբ հարգանք ու արժանապատիվ վերաբերմունքը վերականգնելու համար «Լրագրողների միավորում» ՀԿ-ն դիմելու է Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության ղեկավարին ու այլ պատկան մարմինների:
Բացի այդ, «Լրագրողների միավորում» ՀԿ-ն կոչ է անում լրագրողական կազմակերպություններին, խմբագիրներին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին դատապարտել Մհեր Սեդրակյանի վարքագիծն ու հրապարակային ներողություն պահանջել պատգամավորից, հետագայում լրագրողի անձի նկատմամբ նմանատիպ որակավորումներն ու վիրավորանքերը կանխելու համար: :ՀԿ-ը կոչ է անում նաեւ ՀՀ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին նկատողություն հայտարարել Մհեր Սեդրակյանին, հատկապես, որ Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է դաշտում հստակություն մտցնելու մասին.«Ժամանակն է ամբարտավանին ցույց տալու իր տեղը, տգետին՝ իր տեղը, իսկ մոլորյալին՝ իրենը: Եվ ժամանակն է հստակություն մտցնելու դաշտում»,-ասել էր Սերժ Սարգսյանը:
Լրագրողների միավորում ՀԿ-ն կոչով դիմում է նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին՝ հորդորելով հրապարակավ կարգի հրավիրել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին և ներողություն խնդրել լրագրողներից, որովհետև նման արարքների նկատմամբ աչք փակելն արժեզրկում է Ազգային ժողովի դերն ու նպատակը, խոսում մամուլի ներկայացուցիչների անպաշտպանվածության և քաղաքական գործիչների անսահմանափակ ազատության, իշխանության կողմից անպատժելիության մթնոլորտի խրախուսման և այլ արատավոր երևույթների մասին:
Հայտարարությունը բաց է, այլ կազմակերպություններ ևս կարող են միանալ պահանջին:
«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն