կարևոր
4960 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-23 19:08
Արցախ

Արցախի ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ հավանություն է տվել Սահմանադրության փոփոխության նախագծին. Կդիմեն Գերագույն դատարան

Արցախի ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ հավանություն է տվել Սահմանադրության փոփոխության նախագծին. Կդիմեն Գերագույն դատարան

Արցախի Ազգային ժողովն այսօր՝ մարտի 23-ի իր նիստում երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել Սահմանադրության փոփոխության նախագծին:

ԱԺ գլխադասային՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ առաջարկություն չի ստացել: Խորհրդարանը քվեարկությամբ միաձայն հավանություն է տվել Սահմանադրական փոփոխությանը:

ԱԺ նախագահը ներկայացրել է փոփոխության Սահմանադրությանը համապատասխանելիությունը որոշելու հարցով Գերագույն դատարան դիմելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը: 32 կողմ ձայնով այն հավանության է արժանացել: Հարցի քննարկումը ընդհատվել է մինչև Գերագույն դատարանից պատասխան ստանալը:

Հաջորդիվ խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ՝ 21 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱՀ Վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակել Արսեն Ամիրջանյանին:

Օրինագծերից պատգամավորները քննարկել են  «Անշարժ գույքի գնահատման  գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և  «Էներգետիկայի  մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերը:

«Անշարժ գույքի գնահատման  գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը ընդունվել է առաջին ընթերցմամբ, «Էներգետիկայի  մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը՝ վերջնական տեսքով:

«Յոթերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին»  2020 թվականի մայիսի 21-ի ԱԺՈ-001-7 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» հարցը ներկայացրել է պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը: Նա փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորել է ԱԺ բնականոն գործունեության ապահովմամբ: Որոշման նախագիծը հանձնաժողովում քննարկելու առաջարկով հանդես է եկել պատգամավոր Արթուր Հարությունյանը: Առաջարկն ընդունվել է:

Օրակարգի վերջին կետով նախատեսված պատգամավորական  հայտարարություններ չհնչեցին: