Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեղանի մոտ նստել, խոսելը շատ ավելի լավ է, քան ԶԼՄ-ները կամ Թատերական հրապարակն օգտագործելը. անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Նրա կարծիքով` ճիշտ ժամանակն էր, որ մարդիկ նստեն դեմ դիմաց և կարողանան միմյանց ասել այն, ինչ ունեն ասելու: Սակայն բանախոսը բավարարված չէ օրակարգով, քանի որ, ըստ նրա, այն օրակարգը, որը սահմանափակված է ընտրության հարցերով, Հայաստանի համար որևէ խնդիր չի լուծում: «Մինչև մենք չհասկանանք, թե ո՞ր պայմաններն են ստիպում ամեն անգամ ընտրությունները կեղծել, և Հայաստանն, ի վերջո, ինչո՞ւ է վերածվել կոռուպցիոն կառավարման պետության, մենք որևէ արդյունք ակնկալել չենք կարող: Առայժմ, իմ համոզմամբ, կողմերը նստել են սեղանի մոտ` վստահ լինելով, որ այս երկխոսության մեջ հաղթողը հենց իրենք են լինելու»,- նշեց նա:
Իրականում այս երկխոսությունը կողմերին արդյունք բերի, թե չբերի, Հայաստանի հանրության համար այն օգտակար է. կարծում է Արման Մելիքյանը, որովհետև եթե ՀԱԿ-ն ու իշխանությունը կարողանան գալ խելամիտ լուծումների, դա կբխի հանրության շահերից, եթե չկարողանան գալ ընդունելի լուծումների, երկուսի վարկն էլ կընկնի, և երրորդ, չորրորդ այլընտրանքային ուժի պահանջարկը շատ ավելի ակնհայտ կդառնա:
«Այս տեսանկյունից որոշակի ժամանակի համար երկխոսությունը միանշանակ դրական է: Բացի այդ, եթե կողմերը գան ինչ-որ հանրագումարի, որոնք կլինեն նաև հանրօգուտ, դա կհանգեցնի նաև քաղաքական դաշտի խոշորացման: Բոլոր այն մանր-մունր, տզրուկի նման կուսակցությունները, որոնք ի հայտ են գալիս ընտրությունից ընտրություն, դուրս կմղվեն դաշտից, և դա դրական է»,- ասաց Ա. Մելիքյանը:
ՀՀԿ անդամ Մկրտիչ Մինասյանը, համաձայնելով Ա. Մելիքյանի հետ, նշեց, որ երկխոսությունն անհրաժեշտ է: «Ես հուսով եմ, որ այն անպտուղ չի լինելու, և եթե բոլոր դեպքերում նույնիսկ ընդհանուր հայտարարի չգան, այն, որ հակադիր բևեռներում գտնվող քաղաքական ուժերն իրար հետ փորձում են բանավիճել և ընդհանուր հարցադրումներ լուծել ազգի ու հանրության համար, դրական է»,- ասաց նա: