կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-29 16:00
Հասարակություն

Սահմանային լարվածության պայմաններում հնարավոր չէր սոցիալական խնդիրները տաք պահել

Սահմանային լարվածության պայմաններում հնարավոր չէր սոցիալական խնդիրները տաք պահել

Անցնող ամառվա սոցիալական հուզումներից  մեկն էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ քաղաքացիների բողոքը, քանի որ հասարակությունը այդպես էլ համոզիչ չհամարեց  ՀԾԿՀ այն փաստարկները, թե էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է ֆինանսական կայունության, հուսալի և անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով:

 

Հունիսի 23-ին ՀԾԿՀ շենքի մոտ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ իրենց բողոքի ձայն բարձրացրած քաղաքացիներից 27-ը բերման ենթարկվեցին ոստիկանության բաժիններ, իսկ ոստիկանությունն իր գործողություններով խափանեց քաղաքացիների բողոքի ակցիան:

 

Բերման ենթարկված քաղաքացիներից մեկը` Լևոն Զաքարյանը, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող քաղաքացիները մշակել էին 8 կետանոց պահանջագիր, որը դրվել էր ստորագրահավաքի: 3000-ից ավելի քաղաքացի ստորագրել է այն: Երբ ստորագրահավաքի գործընթացն ավարտվի, փաստաթուղթը ներկայացվելու է պատկան մարմիններին` ԱԺ և կառավարություն:

 

«Օգոստոսի 1-ին էլեկտրաէներգիայի դեմ պայքարող քաղաքացիների կողմից կազմակերպված երթի ժամանակ մենք հայտարարել ենք, որ ժամանակ ենք տալիս կառավարությանը մինչև սեպտեմբերի առաջին շաբաթը, այնպես որ` մենք մեր գնահատականը անպայման հնչեցնելու ենք»,- ասաց Լևոն Զաքարյանը:

 

Նրա խոսքով` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարի կոնկրետ քայլեր այս պահին դեռևս մշակված չեն: Այն հարցին` արդյո՞ք կարելի է արձանագրել, որ պայքարի տեմպը նվազել է, Լևոն Զաքարյանը մասամբ համաձայնությամբ պատասխանեց`ասելով, որ էլեկտրաէներգիայի թանկացումը դեռ մեկ ամիսառաջ է եղել, իսկ օգոստոսի կեսերին Հայաստանի քաղաքացիների ողջ ուշադրությունը սևեռված էր սահմանային լարվածությանը, ահա, թե ինչու էլեկտրաէներգիայի դեմ պայքարող քաղաքացիներն իրենց իրավունք չվերապահեցին արտաքին վտանգի պայմաններում զբաղվել այլ սոցիալական հարցերով:

 

«Մենք որոշեցինք սպասել, և շուտով ակտիվությունը կրկին կվերականգնվի, պայքարը անպայման շարունակվելու է: Մենք կփորձենք հասնել նրան, որ կազմվի անկախ հանձնաժողով, որը կուսումնասիրի էլեկտրաէներգիայի թանկացման հիմքերը: Ամեն դեպքում սոցիալական ըմբոստությունը քաղաքացիական բնույթ ունի, և եթե մենք չզգանք քաղաքացիների մասսայական աջակցությունը և ներգրավվածությունը, ապա 50 կամ 100 հոգով ոչինչ հնարավոր չի լինի փոխել»,- ասաց նա:

 

Լևոն Զաքարյանը նաև կարծիք հայտնեց, որ, ցավալիորեն, շատ մարդիկ անգամ համակերպվել են էլեկտրաէներգիայի անհիմն թանկացման հետ: Ինչևէ, այս պահի դրությամբ պայքարը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ շարունակվելու է: