Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեպտեմբերի 7-ի երեկոյան Կրեմլում կայացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի իր գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ: Բանակցությունների արարողակարգային մասում արված հայտարարությունները, սակայն, ավելի շատ խոսում էին այդ հանդիպումից կողմերի ակնկալիքների և առաջնահերթությունների տարբերությունների, քան ընդհանուր հետաքրքրությունների մասին:
Պուտինը շեշտադրումը կատարեց երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների կտրուկ անկման իրողության վրա: Դրան ի պատասխան, Սերժ Սարգսյանն ակնարկեց, որ պատճառները թաքնված են փաստացի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների, կապիտալի և ծառայություններ ազատ տեղաշարժի սկզբունքի չգործելու փաստի մեջ: Սա ոչ միայն ակնարկ էր ՌԴ նախագահին` խնդիրների պատճառները փնտրել Մոսկվայի կողմից վարվող տնտեսական քաղաքականության մեջ, այլև նուրբ ակնարկ էր առհասարակ ԵԱՏՄ-ին անդամակցության արդյունքներից Հայաստանի չբավարարվածության մասին:
Հանդիպման հրապարակային մասում ՌԴ նախագահի խոսքից այնպիսի տպավորություն է, որ Մոսկվային հայ-ռուսական հսկայածավալ օրակարգից հետաքրքրել է բացառապես առևտրատնտեսական հարաբերությունների խնդիրը, և նա Սերժ Սարգսյանի հետ հանդիպել է` դրա պատճառները քննարկելու: Որևէ այլ հարցի, ընդհուպ` տարածաշրջանում կատարվող զարգացումների, առավել ևս` Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման մասին, Պուտինը չի խոսել նույնիսկ այն բանից հետո, երբ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը տեղեկացնում է հայ-ադրբեջանական սահմանագծին լարվածության աճի, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի` արդեն ընդհուպ հրետանու կիրառմամբ խախտումների ինտենսիվացման և այդ հարցը ՀԱՊԿ գագաթաժողովում բարձրացնելու մտադրության մասին: Սա, իհարկե, չի նշանակում, թե այդ հարցը տետ ա տետ չի քննարկվել: Ավելի շուտ` հակառակը: Բայց այս փոքրիկ, առաջին հայացքից ոչ էական դետալը ցույց է տալիս հրապարակայնորեն այդ խնդրի ակտուալությունը թուլացնելու `Կրեմլի տրամադրվածությունը: Հարց է առաջանում` ինչո՞ւ:
Սերժ Սարգսյանի` Մոսկվա մեկնելու հիմնական նպատակներից մեկը, ըստ էության, հենց ԼՂ հակամարտության գոտում սահմանային լարվածությունը չափավորելն էր: Թերևս զուտ պատահական համընկնում չէր, որ Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա համաձայնեցվեց հենց Ադրբեջանի զինուժի կողմից հայկական դիրքերի և սահմանամերձ բնակավայրերի գնդակոծման ամենաթեժ շրջանում, և որ հենց դրա մասին հայտնի դառնալուց հետո լարվածությունը կտրուկ թուլացավ:
Ամենայն հավանականությամբ, դեր են կատարել, մի կողմից, այդ հանդիպումից Ադրբեջանում ձևավորված որոշակի սպասելիքները և զգուշավորությունը, իսկ մյուս կողմից` այն հանգամանքը, որ ներկա դրությամբ հակամարտության գոտում հարաբերական զսպվածություն ապահովելու հիմնական լծակը, լավ է դա, թե վատ, գտնվում է Մոսկվայի, ավելի հստակ՝ հենց անձամբ Վլադիմիր Պուտինի ձեռքերում: Այնուամենայնիվ, շփման գծի առանձին հատվածներում գրեթե պատերազմական իրավիճակի առաջացման վերաբերյալ Պուտինի դրսևորած նկատելի անտարբերությունը, նախ` իբրև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի, ապա` որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարի, չի կարող իր մեջ որոշակի թաքնված, առայժմ անհասկանալի ուղերձներ չպարունակել: Դրա հետևանքները թերևս պարզ կդառնան առաջիկայում` Բաքվի վարքագծից, որտեղ այդ անտարբերությունը գուցե կարող են ընկալել իբրև ռազմական ավանտյուրան խորացնելու, իրավիճակն էլ ավելի լարելու լուռ համաձայնություն: Դա, սակայն կախված է նրանից, թե, ԼՂ հարցի կարգավորման հետ կապված, Մոսկվան ունեցե՞լ է, արդյոք, Երևանին ուղղված առաջարկներ, և եթե` այո, ապա ինչպիսի՞ն է եղել Սարգսյանի արձագանքը դրանց:
Մեկ բան ակնհայտ է` սահմանային լարվածության աճին զուգահեռ Ռուսաստանի որդեգրած` ոչինչ չտեսնելու և չլսելու մարտավարությունն արդեն նյարդայնացնում է Երևանին այն աստիճանի, որ Երևանն այլևս չի կարողանում թաքցնել իր հիասթափությունը: Նախ` սեպտեմբերի 3-6-ն անցկացված «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարա-շտաբային զորավարժություններում հատուկ խաղարկվել է այն սցենարը, թե դիվանագիտական ոլորտում որոնք են լինելու Հայաստանի անելիքները, եթե ՀԱՊԿ գործընկեր պետությունները հրաժարվեն անհրաժեշտության դեպքում կատարել Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու իրենց պարտավորությունը: Ընդ որում` այս սցենարը խաղարկվեց հենց ՀԱՊԿ-ից հրավիրված փորձագետների ներկայությամբ ու թերևս հենց նրանց համար: Իսկ արդեն Պուտինի հետ հանդիպման հրապարակային մասում նախագահ Սերժ Սարգսյանը թափանցիկ ակնարկեց, որ պատրաստվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակի հարցը բարձրացնել առաջիկայում Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովում:
Դժվար է ասել` ինչ դրսևորում է ունենալու այդ հարցի բանաձևումը. Հայաստանը ՀԱՊԿ գործընկերներից պահանջելու է Ադրբեջանի գործողությունները դատապարտող և նախազգուշացնող հայտարարությո՞ւն ընդունել, թե՞, դիմելով ծայրահեղ քայլի, կարող է առհասարակ դնել հստակ դիրքորոշում չհայտնելու պարագայում այդ կառույցում Հայաստանի հետագա մնալու նպատակահարմարության հարցը: Սա կերևա հենց Դուշանբեում: Բայց այն հանգամանքը, որ խնդրի առաջադրման իր մտադրությունը Սարգսյանը հայտնում է Պուտինին, վկայում է առաջնահերթորեն Մոսկվայից հստակ դիրքորոշում ստանալու` Երևանի նպատակը, քանի որ անդամ մյուս պետություններից որևէ սպասելիք չի կարող ունենալ ի սկզբանե: Ու թերևս հենց Դուշանբեում կերևա` ինչ էր նշանակում Պուտինի այս խորհրդավոր լռությունը:
Գևորգ Դարբինյան