| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արդեն տեղեկացրել ենք, որ այս գիշեր սահմանին լարված է եղել: Հակառակորդը ժամեր շարունակ կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Yerkir.am-ի հետ զրույցում սահմանամերձ Այգեպարի, Մովսեսի, Բաղանիսի և Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետերը տեղեկացրեցին, որ կրակահերթերը սկսվել են 19:00-ից:
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը նշեց, որ 19:00-ից մինչև կեսգիշեր փոխհրաձգությունը շարունակվել է: «Կեսգիշերն անց արդեն իրավիճակը հանգիստ էր, ու առանց կրակահերթերի ենք լուսացրել: Միջպետական ճանապարհը բաց է: Մեզ մոտ, փառք Աստծո, վիրավորներ չկան, բայց նյութական վնասներ ունենք` վնասվել են գյուղացիների տները»,- ասաց գյուղապետը:
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը ևս ասաց, որ կեսգիշերն անց սահմանին արդեն հանգիստ է եղել, կրակոցները հնչել են 19:00-ից մինչև կեսգիշեր:
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն էլ տեղեկացրեց, որ փոխհրաձգության հետեւանքով գյուղացիները նյութական վնասներ են կրել:
Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը ևս հայտնեց, որ նյութական վնասներ են կրել կրակահերթերի պատճառով:
Սահմանամերձ համայնքների ղեկավարները նշեցին նաև, որ գյուղերում խուճապ չկա, իրավիճակը վերահսկվում է, և անխոչընդոտ աշխատում են դպրոցներն ու մանկապարտեզները: