կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-22 16:29
Հասարակություն

Սահմանամերձ համայնքների մասին օրինագիծը չմտավ ԱԺ քառօրյայի օրակարգ

Սահմանամերձ համայնքների մասին օրինագիծը չմտավ ԱԺ քառօրյայի օրակարգ

Այսօր տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման դրվեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագիծը: Նախագծով պատգամավորն առաջարկում է մի շարք արտոնություններ տրամադրել այն սահմանամերձ համայնքներին, որոնք անմիջապես գտնվում են հակառակորդի ԶՈՒ դիտակետի ու նշանառության ներքո, այսինքն` առավել խոցելի են` մշտական գնդակոծության առումով:

 

Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ սահմանամերձ պետական քաղաքականությունը որոշակիորեն ճշգտրելու եւ սահմանապահ համայնքների բնակիչներին քաղաքական հավաստիացումներ տալու ժամանակն է առ այն, որ պետությունը կանգնած է այդ համայնքների եւ բնակիչների թիկունքին: Պատգամավորի խոսքով` նախատեսվում է բնակիչներին մասնավորապես տալ հետևյալ արտոնությունները` պետական բյուջեի միջոցներով փոխհատուցել սահմանապահ համայնքների բաժանորդների սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի, խմելու և ոռոգման ջրի ամսական վարձավճարի կեսը, բնակիչներին ազատել հողի և սահմանապահ համայնքների տարածքում ունեցած անշարժ գույքի հարկերից, կրկնապատկել այդ համայնքներին բյուջեից հատկացվող դոտացիաները, մեկամսյա ժամկետում օթևանով ապահովել ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով իրենց տներից զրկված բնակիչներին, սահմանապահ համայնքներում ու դրանց հարակից տարածքներում ականների պայթյուններից, կրակոցներից վիրավորվածներին բուժել պետական միջոցներով, զոհված քաղաքացիների ընտանիքներին հատկացնել միանվագ օգնություն երկու միլիոն դրամի չափով՝ հուղարկավորության ծախսերի համար:

 

«Եղել ենք տեղերում, եւ մարդկանց բարձրացված հարցերի արձագանքն է այս նախագիծը: Կարելի է ասել, որ նախագծի համահեղինակ են սահմանապահ համայնքների բնակիչները»,- ասաց Ն. Փաշինյանը:

 

Պատգամավորի խոսքով` ականի պայթյունից վիրավորվել է բնակիչ, եւ հարազատները ստիպված են եղել դիմել տարբեր մարդկանց` գործարարների, բարեգործական կազմակերպությունների, պատգամավորների, որպեսզի կարողանան հոգալ այդ ծախսերը, հետևաբար` նախագծով առաջարկվում է, որ նման ծախսերը վճարվեն պետական բյուջեից:

 

Նիկոլ Փաշինյանը խիստ կարեւորեց, որ նախագիծը մտնի ԱԺ-ի մեծ նստաշրջանի եւ քառօրյայի օրակարգ: Ըստ նրա` նախագիծը կյանքի կոչելու համար մոտավոր հաշվարկներով անհրաժեշտ է լինելու մեկուկեսից-երկու միլիարդ դրամ:

 

Քննարկումների ժամանակ հանձնաժողովի նախագահ` ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանն առաջարկեց նախագծի քվեարկությունը մի քանի օրով հետաձգել եւ քննարկել բոլոր քաղաքական ուժերի, նաեւ կառավարության հետ, որովհետև գործադիրը եւ խորհրդարանական խմբակցությունները եւս մտահոգված են սահմանամերձ բնակիչների հարցով:

 

Ի պատասխան Ն. Փաշինյանն ասաց, որ այս պահին չկա որեւէ այլ նախագիծ` միեւնույն ժամանակ ընդգծելով, որ այս օրենքի նախագիծն, իհարկե, սահմանամերձ համայնքների բնակիչների խնդիրներն ամբողջությամբ չի լուծի, բայց հստակ է, որ որեւէ վնաս չի պատճառի:

 

ԱԺ պատգամավորը նշեց, որ ինքն անձամբ կհանդիպի խմբակցությունների հետ եւ կքննարկի նաեւ նրանց հետ, որպեսզի գան ընդհանուր հայտարարի: Հետեւաբար, նախագծի քվեարկությունը հետաձգելու անհրաժեշտություն չկա:

 

ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն իր խոսքում նշեց, որ կառավարությունն արդեն իսկ նախորդ տարի ընդունել է մի որոշում, համաձայն որի` հակառակորդի գնդակոծության տակ գտնվող համայնքների բնակիչների հողի հարկը եւ ոռոգման ջուրը հիսուն տոկոսով փոխհատուցվում է:

 

Նախագիծը դրվեց քվեարկության, եւ կողմ արտահայտվեց միայն ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հանձնաժողովի մյուս հինգ անդամները ձեռնպահ քվեարկեցին: Արդյունքում` նախագիծը չընդգրկվեց ԱԺ քառօրյայի օրակարգում: