կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-03 10:41
Տարածաշրջան

«ՔԲԿ-ականները բոլորը հայեր են». թուրքական Sabah-ը շարունակում է հայատյաց հրապարակումները

«ՔԲԿ-ականները բոլորը հայեր են». թուրքական Sabah-ը շարունակում է հայատյաց հրապարակումները

Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Քրդական բանվորական կուսակցության զինյալների հերթական զինված բախումներից մեկի ժամանակ սպանված թուրք ոստիկան Օլգուն Քուրբանօղլուի հուղարկավորության ժամանակ մի քաղաքացի, որի ինքնությունը չի նշվում, հայտարարել է, թե ՔԲԿ-ի բոլոր անդամները հայ են:

Թուրքական իշխանամետ Sabah պարբերականը քաղաքացու այդ հայտարարությունը, որպես լուր, հրապարակել է իր կայքում՝  «ՔԲԿ-ականները բոլորը հայեր են» վերնագրով:  Լուրին կից տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես է քաղաքացին սպառնալից բղավում. «Այս ՔԲԿ-ականները բոլորը հայեր են, իրենց ինքնությունը թաքցնում են: Ես քուրդ եմ, ես մուսուլման եմ, բայց ես հայ չեմ: Հայերի վերջը գալու է: Աստծո կամքով մենք ձեր վերջը տալու ենք: Ինչ էլ անեք՝ իզուր է, ա\'յ հայեր: Մենք ձեզ գիտենք: Ինչ էլ անեք, իզուր է, հայե\'ր»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել՝ ասելով. «Մենք գիտենք, որ մեր տարածաշրջանում գտնվող ահաբեկչական խմբավորումներում կան նաև օտարազգիներ, ովքեր օժանդակում են Քրդական բանվորական կուսակցությանը: Տեղյակ չենք՝ հակաահաբեկչական մեր վերջին գործողությունների ժամանակ վիրավորվածների կամ սպանվածների թվում հայեր կան, թե՝ ոչ: Խաղաղության գործընթացի նախորդ տարիներին հայտնի էր դարձել, որ ՔԲԿ-ականների թվում կային անդամներ Հայաստանից: Քանդիլ շրջանում ՔԲԿ-ականներին աջակցողների ցուցակը հրապարակվել է, սակայն նրանց թվում հայեր կան, թե` ոչ, անվտանգության ուժերի կողմից ոչ մի հայտարարություն չի եղել»: