կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-18 14:38
Քաղաքական

Անպատժելիությունը վտանգավոր երևույթ է. Ադրբեջանը շարունակում է հայատյաց քաղաքականությունը

Անպատժելիությունը վտանգավոր երևույթ է. Ադրբեջանը շարունակում է հայատյաց քաղաքականությունը

Նույնիսկ ադրբեջանական աղբյուրներն են ընդունում, որ 1990-ի այս օրերին Բաքվում տեղի են ունեցել ջարդեր, որոնք կապված են եղել ոչ միայն հայատյացության դրսևորումների, այլ նաև Բաքվում ընթացող ներքաղաքական զարգացումների հետ: Այսօր լրագրողներին նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ, ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

Նրա խոսքով` երբ խորհրդային զորքերը մտան Բաքու, նրանց հիմնական նպատակը ոչ թե հայերին ջարդերից փրկելն էր, որքան խորհրդային կարգերի տապալումը կանխելը:

«Նույնիսկ 2012-ին հարցազրույցներից մեկում այն ժամանակվա քաղաքական գործիչներից մեկը նշել էր, որ անհրաժեշտություն էր հայերին Բաքվից հանելը, քանի որ հայերը դանդաղ ազդեցության ռումբ էին: Բաքվի ջարդերը շարունակականությունն էին 1988-ին Սումգայիթի, 1989-ին Կիրովաբադի դեպքերի: Հայատյացության դրսևորումներով Ադրբեջանը զգալի վնաս է հասցրել նաև իր հասարակական-քաղաքական կյանքին, քանի որ քաջ հայտնի է, որ այդ օրերին նույն «Ժողճակատ» կուսակցության թևերից մեկը հրաժարվեց այդ հանցագործության մի մասը դառնալ և դուրս եկավ այդ կուսակցությունից»,- ասաց Հայրապետյանը:

Նա նշեց նաև, որ այժմ մեր ներուժը պետք է առավելագույնս ուղղենք` ցույց տալու, թե որքանով է այսօր Ադրբեջանը շարունակում իր խտրական վերաբերմունքն ու ատելությունը հայերի հանդեպ: Ըստ Հայրապետյանի` ատելության քարոզի մասին միջազգային հարթակների մակարդակով քննարկումներ է պետք իրականացնել: «Լոբբիստական աշխատանքը երբեմն տարվում է ոչ բացահայտ, և միշտ չէ, որ արդյունքների կամ տարվող աշխատանքի մասին բարձրաձայնել է պետք: Բացի այդ` ադրբեջանական լոբբիստական կառույցները Եվրոպայում լուրջ խնդիրներ ունեն, դրանցից մեկը 2018-ի տարեվերջին փակվեց: Ես համաձայն չեմ այն մտքի հետ, թե ով ավելի բարձր է բղավում, նա է ճիշտ»,- ասաց Հայրապետյանը:

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանն էլ հիշեցրեց, որ ուղիղ 29 տարի առաջ ԵԽ-ն ընդունել էր բանաձև խորհրդային Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին, որում նաև քննադատում էին Բաքվի ու Սումգայիթի ջարդերը: Նրա խոսքով` ԵԽ ընդունած բանաձևում կարևոր կետեր կային, մասնավորապես` կիրառված էր погром բառը, ինչը ենթադրել է տալիս, որ գուցե այն ռուսական մամուլից փոխառված բառ էր, մյուս կողմից` այն իշխանությունների կողմից հրահրման մասին է խոսում:

 «ԵԽ-ի բանաձևում հստակ նշված է, թե ինչ է կատարվել Բաքվում, և փաստվում է, որ այդ ամենը կրել է կազմակերպված բնույթ: Սակայն դա ԵԽ-ի` առաջին և միակ բանաձևը չէր, դեռևս 1988-ի հուլիսի 7-ին ԵԽ-ն ընդունել էր առաջին բանաձևը, որը քննադատում էր Սումգայիթի ջարդերը, ինչպես նաև Բաքվում լուրջ բռնության դեպքերը: Սա էլ ինքնին մեկ անգամ ևս հաստատում է բազմաթիվ ականատեսների վկայությունները, որ Բաքվի ջարդերը չեն սկսվել և ավարտվել 1990-ի հունվարին, բռնություններն ու ճնշումները սկսվել են առնվազն 1988-ից ու շարունակվել մինչև Բաքվի հայերը, ստիպված թողած ամեն ինչ, դուրս են եկել Բաքվից»,- ասաց Հովհաննիսյանը: 

Նրա խոսքով` բազմաթիվ փաստաթղթեր կան, որոնք փաստում են Բաքվի ջարդերի` կազմակերպված բնույթ կրելը:

Հովհաննիսյանի խոսքով` նմանատիպ գործողությունների դեպքում շատ կարևոր է պատժի մեխանիզմը սահմանելն ու դրան անդրադառնալը, քանի որ եթե չես անդրադառնում դրան, նոր հանցագործություններ կարող են ծնվել: «Սումգայիթի ջարդերը հստակ արձագանք չգտան, քայլեր չձեռնարկեցին, ինչն էլ հանգեցրեց Կիրովաբադում ջարդերին: Եթե հիմա էլ միջազգային կառույցները հստակորեն իրերը չկոչեն իրենց անունները, դա կարող է տանել բոլորովին այլ տեղ: Անպատժելիությունը վտանգավոր երևույթ է: Վերջին տարիներին, մասնավորապես, հայերի հանդեպ ատելությունը շարունակվում է: Վերջերս, օրինակ, ազգությամբ հայ ՌԴ քաղաքացին փորձել էր գնալ Ադրբեջան, բայց նրան չէին թույլատրել, և Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակը նշել էր, որ դա բացառիկ դեպք է, ինչն այդպես չէ»,- ասաց ադրբեջանագետը:

Yerkir.am-ը դիտարկմանը, թե Ադրբեջանը տեղեկատվական պատերազմի առումով մեծ գումարներ է ծախսում ու ռեսուրսներ օգտագործում, և Հայաստանը, բնականաբար, չունի Ադրբեջանի հնարավորությունները, սակայն արդյո՞ք պետական քաղաքականություն կամ ծրագիր կա, Հովհաննիսյանը պատասխանեց, որ, այո, այդ ուղղությամբ քայլեր արվում են: «Նախկինում ՀՀ նախագահի աշխատակազմին կից հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ը, իսկ այժմ ՀՀ վարչապետի աշխատակազմին կից ՊՈԱԿ-ն ինչպես բավական երկար տարիներ զբաղվել է այդ խնդրով, այնպես էլ հիմա իր գործունեությունն է ծավալում: Կան բազմաթիվ աշխատություններ, կայքեր, գրքեր, հոդվածներ, որոնք ներկայացնում են պատմական փաստերը: Օրինակ` 2016-17թթ. տպագրվել են ԱՄՆ-ում բնակվող ականատեսների գրքերը, ինչպես նաև բրոշյուրներ ՀՀ դեսպանատների աշխատակիցների համար: Ինքս էլ այդտեղ եմ աշխատում»,- ասաց ադրբեջանագետը: