կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-01 11:26
Քաղաքական

Կառավարությունը էլեկտրաէներգիայի սուբսիդավորումը ՀԷՑ-ի աուդիտի ավարտի հետ չի կապում

Կառավարությունը էլեկտրաէներգիայի սուբսիդավորումը ՀԷՑ-ի աուդիտի ավարտի հետ չի կապում

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով էլեկտրաէներգիայի սուբսիդավորման մասին, հայտարարեց, որ ՀՀ նախագահի հետ պայմանավորվածություն կա՝ փոխհատուցել էլեկտրաէներգիայի բարձրացված գինը մինչև խորհրդատվության ավարտը, ոչ թե մինչև աուդիտի ավարտը:

«Մինչ այդ մենք վճարելու ենք ազգաբնակչության և, ինչպես երեկ ես հայտարարեցի, ՓՄՁ-ներին էլ ենք օգնելու»,- հայտարարեց վարչապետը` ընդգծելով, որ աուդիտը ՀԷՑ-ում է իրականացվելու, իսկ խորհրդատվությունը` ձևավորված հանձնաժողովում:

Հարցին, թե ինչո՞ւ խոշոր բիզնեսին սուբսիդավորում չեն հատկացնում, վարչապետը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ճիշտ կլինի Քաջարանի կոմբինատին սուբսիդավորել կամ ցեմենտի գործարանին սուբսիդավորել: Ինչի՞ համար պետք է սուբսիդավորեմ: Եթե լրացուցիչ գումարներ ունենանք, մենք կուղղենք մեր կենսաթոշակառուների թոշակները և նպաստները բարձրացնելուն, հաշմանդամներին օգնելուն, մեր բանակը վերազինելուն»:

Ուշագրավ է, որ մինչ այս իշխանություններն ասում էին, թե էլեկտրաէներգիան սուբսիդավորվելու է մինչեւ ՀԷՑ-ի աուդիտի եզրակացության ավարտը: «Մինչև եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից (ՀԷՑ-ում աուդիտ անցկացնող ընկերություն- խմբ.) կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Մինչ այս պահը ոչ մի խոսք չի եղել խորհրդատվության ավարտի մասին: