կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-11 17:17
Քաղաքական

Կառավարության վրա էլեկտրաէներգիայի սուբսիդավորումը նստելու է ամսական 1 մլրդ դրամ

Կառավարության վրա էլեկտրաէներգիայի սուբսիդավորումը նստելու է ամսական 1 մլրդ դրամ

Հաշվի առնելով էլեկտրաէներգիայի` նոր սակագնով ծախսի սուբսիդավորման վերաբերյալ ձևավորված որոշակի թերի ընկալումները և հանրության հետաքրքրությունը` Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն: Հարցրել էինք` հայտնի՞ է, արդյոք, էլեկտրաէներգիայի` նոր սակագնով ծախսի` օգոստոս ամսվա սուբսիդավորման չափը, և արդյո՞ք փոխանցվել է այն, նաև` կա՞ն մոտավոր հաշվարկներ, թե որքան կկազմի սուբսիդավորման չափը սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների համար:

Նախարարության պատասխանում ասվում է. «ՀՀ կառավարության` սույն թվականի օգոստոսի 31-ի նիստում ընդունված`«Էլեկտրական էներգիայի սակագնի մեղմացման միջոցառման և Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի համար 1444-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման համաձայն` ՀՀ կառավարության կողմից բնակիչ սպառողների (ամբողջ սպառման մասով) և 0.38 կՎ և ցածր լարմամբ սնվող` սպառման յուրաքանչյուր առանձին համակարգում (էլեկտրական էներգիայի մատակարարման յուրաքանչյուր առանձին պայմանագրով) ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների`այդպիսի յուրաքանչյուր առանձին համակարգում (ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով) օգտին ս.թ. օգոստոս ամսվա համար էլեկտրական էներգիայի սակագնի սուբսիդավորման ենթակա գումարի չափը դեռևս ճշտված չէ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից այն կհաշվարկվի սեպտեմբերի 12-ին և այդ մասին կներկայացվի տեղեկատվություն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն: Ըստ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նախնական հաշվարկների` օգոստոս-հոկտեմբեր ամիսների համար սուբսիդավորման ենթակա գումարի մոտավոր մեծությունը կկազմի ամսական շուրջ 1 մլրդ դրամ: Որոշման համաձայն` ՀՀ կառավարությունը վերը նշված սպառողների խմբերի օգտին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին սուբսիդիաներ վճարումը կիրականացնի 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը»:

Խորհրդատվական ծառայության աշխատանքի արդյունքները, ամենայն հավանականությամբ, հայտնի կդառնան հոկտեմբերին: Կառավարությունը, ըստ էության, սուբսիդավորելու է բնակիչների և ՓՄՁ-ների սպառած էլեկտրաէներգիայի թանկացած մասը օգոստոս և սեպտեմբերի ամիսների համար միայն: Նշենք, որ այդ մասին երեկ կառավարության նիստում ակնարկեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ սուբսիդավորումը կատարվում է «Որոտան»-ի վաճառքից ստացված գումարներով: