Տիգրան Ալլահվերդիի պատմությունը
1860 թ., Կոստանդնուպոլիս
Աղբյուրը՝ armeniangenocide100
Տիգրան Ալլահվերդիի պատմությունը
1860 թ., Կոստանդնուպոլիս
1914-18 թթ. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զինվորական բժիշկ ծառայելով օսմանյան բանակում, Տիգրան Ալլահվերդին բազմաթիվ օգուտներ է մատուցել Օսմանյան պետությանը և նրա հայ համայնքին: 1915 թ. ապրիլի 11 (24)-ին ի թիվս բազմաթիվ ակնառու հայ մտավորականների, ձերբակալվել է և բանտարկվել Պոլսի կենտրոնական բանտում: 1915 թ. ապրիլի 12-ին, ի թիվս բազմաթիվ ձերբակալված հայ մտավորականների, գնացքով տեղափոխվել է Այաշ ավանի ծայրամասի բլրի վրա գտնվող Սարը կըշլա հին զորանոց-բանտը և մի քանի ամիս արգելափակվել այնտեղ: Հանգամանքների բերումով փրկվել մահից:
Բժիշկ, պետական-հասարակական գործիչ, Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի անդամ:
Ծնվել է 1860 թ., Կոստանդնուպոլսի Ենի կափու թաղամասում՝ կեսարացի ծնողների ընտանիքում:
Ուսանել է Ենի կափուի և Կում կափուի ազգային վարժարաններում ու սուլթան Աբդուլ Ազիզի՝ 1868 թվականին հիմնած՝ Կ. Պոլսի Կալաթասերայի «Մեքթեբի Սուլթանիե» («Սուլթանական վարժարան») բարձրագույն վարժարանում և փայլուն ընդունակություններ դրսևորել:
1882 թ. ստացել է դեղագործի վկայական և Կ. Պոլսի Բահչե կափու թաղամասում դեղագործ աշխատել:
1886/93/95 թ. փայլուն ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը: Ժանտատենդի հարցերին նվիրված նրա ավարտաճառն արժանացել է վարժարանի քննիչ մարմնի «պատվո նիշին»:
Բեռլինի և Վիեննայի բժշկական կենտրոններում մասնագիտացել է ներքին հիվանդությունների գծով:
Վերադառնալով Կ. Պոլիս՝ բժիշկ է աշխատել և կարճ ժամանակում խղճմիտ ու ճարտար մասնագետի մեծ համբավ ձեռք բերել:
Անատոլիայի զանազան քաղաքներում քաղաքային բժիշկ է աշխատել և զինվորական բժիշկ ծառայել:
Երկար տարիներ եղելէ Կ. Պոլսի Կում կափուի, ապա՝ Բերայի թաղային բժիշկը:
Եղել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական ընկերության անդամ: Զբաղվել է հանրային գործունեությամբ:
Դասախոսություններ է կարդացել Բերայի Աղքատախնամի հաստատած հիվանդապահության դասընթացում, Կ. Պոլսի չորս թաղերի ազգային վարժարաններում: Բժշկական հանրամատչեփ հոդվածներով աշխատակցել է Կ. Պոլսի «Ստամբուլ» ֆրանսերեն օրաթերթին:
Եղել է Կ. Պոլսի Կում կափու, ապա՝ Ֆերիգյուղ (Ֆերիքեոյ) թաղային խորհուրդների անդամ:
1901թ-ից եղել է Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի անդամ (այսինքն՝ ազգային երեսփոխան), նաև՝ Քաղաքական ժողովի Դատաստանական խորհրդի անդամ:
Կյանքի վերջին տարիներին եղել է Կ. Պոլսի Կում կափուի չորս թաղերի Աղքատախնամ ընկերության ատենապետը:
Իր ծառայությունների համար արժանացել է ուլայի (իւլա) զինվորական աստիճանին:
Պարգևատրվել է «Մեջիդիե», «Օսմանիե» և «Լիագաթ» պատվանշաններով, ինչպես նաև Հունաստանի «Այոս Յորղոս» (սբ. Գևորգ) ու Սերբիայի «սուրբ Սավվա» շքանշաններով:
1914-18 թթ. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զինվորական բժիշկ ծառայելով օսմանյան բանակում, բազմաթիվ օգուտներ է մատուցել Օսմանյան պետությանը և նրա հայ համայնքին:
1915 թ. ապրիլի 11 (24)-ին ի թիվս բազմաթիվ ակնառու հայ մտավորականների, ձերբակալվել է և բանտարկվել Կ. Պոլսի կենտրոնական բանտում:
1915 թ. ապրիլի 12-ին, ի թիվս բազմաթիվ ձերբակալված հայ մտավորականների, գնացքով տեղափոխվել է Այաշ ավանի ծայրամասի բլրի վրա գտնվող Սարը կըշլա հին զորանոց-բանտը և մի քանի ամիս արգելափակվել այնտեղ:
Հանգամանքների բերումով փրկվել է անխուսափեփ մահից:
Պատերազմից հետո դասախոսել է Աղքատախնամ ընկերության՝ Կ. Պոլսի Բերա թաղամասում հիմնած հիվանդապահների դասընթացում և Կ. Պոլսի 4 թաղամասերի ազգային վարժարաններում:
Մահացել է 1930/32 թ. հունվարի 26-ին, Կ. Պոլսում՝ 71 տարեկանում:
Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 26-29: