| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի միջազգային պայմանագրերով նախատեսված խախտումների դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 390-րդ հոդվածի 6-րդ մասով։ Այս մասին yerkir.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, ապրիլի 10-ին հայկական կողմին են փոխանցվել ս.թ. ապրիլի 2-ից 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում զոհված 18 հայ զինծառայողների դիակները։ Դիակների արտաքին զննությամբ՝ դատաբժիշկների կողմից արձանագրվել են բազմաթիվ վնասվածքներ, խոշտանգումների և անարգանքի հետքեր։
Վարույթն իրականացնող մարմինը նշանակել է դատաբժշկական փորձաքննություններ՝ պարզելու հայ զինծառայողներից յուրաքանչյուրի մահվան պատճառը, մարմնական վնասվածքների բնույթն ու ծանրության աստիճանը, դրանց պատճառահետևանքային կապը մահվան հետ, որ մարմնական վնասվածքը երբ է պատճառվել՝ նախքան զոհվե՞լը, թե՞ մահից հետո։ Դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։