Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների շուրջ հանդիպումներ և քննարկումներ ունեցավ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Նախագահին հանդիպած քաղաքական ուժերի շարքում չէր «Ժառանգություն»-ը:
Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ «Ժառանգություն»-ում խնդիրներ չկան, իսկ Սարգսյանի հետ չհանդիպելու որոշմանը դեմ է եղել անձամբ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Մարտիրոսյանը նշեց, որ Հովհաննիսյանն իր տեսակետը հայտնել է «ժամանակակից կապի միջոցով»:
«Մեր կուսակցության ներսում որևէ խնդիր չկա: Մարդիկ եղունգով միանշանակ եզրակացություն են արել, փորձագիտական կարծիք են հայտնել, տեղեկություն են հայտնում` տեղում չլինելով: Ի դեպ, ասեմ, որ մեր վարչության նիստին Րաֆֆի Հովհաննիսյանը Skype-ի միջոցով չի միացել: Դա էլ են հնարել, ես ասել եմ` ժամանակակից կապի միջոցով է միացել, իսկ ժամանակակից կապի բազմաթիվ միջոցներ կան»,- ասաց նա:
Մարտիրոսյանը չցանկացավ նշել, թե կոնկրետ ի՞նչ կապի մասին է խոսքը: «Հիմա ի՞նչ տարբերություն` հեռախոս է, Skype է, նամակ է, չգիտեմ` ինչ է»,- ասաց նա:
Հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը հստակ մի՞տք է ձևակերպել ու ասել, որ դեմ է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, Մարտիրոսյանը պատասխանեց. «Ինքն անձամբ կգա ու կասի` ինչ միտք է ձևակերպել: Ես նորից եմ ասում`ով ինչ դիրքորոշում ունեցել է վարչության նիստում, ով ինչպես է քվեարկել, ես դա չեմ մեկնաբանում, որովհետև կա միասնական որոշում: Ընդհանրապես, ճիշտ էլ չէ վարչության նիստի քվեարկությունները հրապարակելը»:
Դիտարկմանը, թե ստացվում է` կուսակցությունում ամեն մեկն ունի իր կարծիքը այս հարցի վերաբերյալ, պատասխանեց. «Վարչության տեսակետ կա: Ով ինչ մտածում, պատկերացնում է, ինչ կարծիք ունի, դա արդեն նիստի որոշումից հետո դառնում է երկրորդային, և մենք վարչության որոշում ենք իրականացնում»:
Մարտիրոսյանը նշեց, որ իրենք չեն գնացել հանդիպման, որովհետև առաջին հանդիպումից հետո իրենց առաջարկները, ըստ էության, բովանդակային առումով չեն ընդունվել: Ապա հավելեց, որ չի կարող ասել` Րաֆֆի Հովհաննիսյանը երբ կլինի Հայաստանում:
Հարցին` հնարավո՞ր է` երբ Հովհաննիսյանը ժամանի Հայաստան, «Ժառանգություն» կուսակցության տեսակետը փոխվի և հանդիպում կայանա Սերժ Սարգսյանի հետ, Մարտիրոսյանը պատասխանեց կարճ. «Ոչ»: