կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-02 17:29
Քաղաքական

Իշխանություններին ընդդիմանալը նույնացնում են սահմանադրական բարեփոխումներին ընդդիմանալու հետ

Իշխանություններին ընդդիմանալը նույնացնում են սահմանադրական բարեփոխումներին ընդդիմանալու հետ

Սահմանադրական քարոզարշավի շրջանակներում կազմակերպված ռեալիթի շոուի մասնակից, ՀՅԴ-ական Արթուր Եղիազարյանը Yerkir.am-ի հետ զրույցում, ամփոփելով անցած շաբաթների ընթացքում տեղի ունեցած մարզային հանդիպումները, ընդգծեց, որ բավական արդյունավետ և կառուցողական մթնոլորտում են անցել այդ հանդիպումները: Նա թեպետ նշեց, որ իր համար անսպասելի էր այդ շոուի շրջանակներում այդչափ ծանրաբեռնված գրաֆիկով աշխատելը, սակայն շեշտեց, որ, այնուամենայնիվ, այդ ամենն ունեցավ իր դրական ազդեցությունը` մարդկանց իրազեկվածության բարձրացման տեսանկյունից:   

«Մենք անընդհատ հանդիպումների մեջ ենք: Միայն ուղիղ եթերում երևացող հանդիպումներով չենք սահմանափակվում: Առավոտյան ժամը 11-ից մինչև երեկոյան տասն անընդհատ այդ գործընթացի մեջ ենք: Չնայած այս ամենին` ասեմ, որ արդյունավետ էր, որովհետև  նոր մշակույթ ենք մտցնում: Փաստորեն, կարելի է ունենալ հակադիր տեսակետներ և փորձել քաղաքական կոռեկտ բանավեճի միջոցով, միմյանց հերթ տալով, աշխատել: Իհարկե, փոքրիկ միջադեպեր լինում էին, բայց քաղաքական  այդ գիտակցությունը կար, որ փորձում էին հնարավորինս զսպել, որ ամեն ինչ մնա չափի սահմաններում, այսինքն` մարդկային հարաբերությունները ճիշտ կառուցվեն»,- ասաց Եղիազարյանը` հավելելով, որ անգամ ծայրահեղ հակադիր դիրքորոշումներ ունեցող մարդիկ այս շոուի ընթացքում շատ հարցերում են համակարծիք, և երկրի ապագային վերաբերող մտահոգություններն ընդհանուր են բոլորի համար:

«Շատ կարևոր է, որ մեր հանդիպումները բախումների չէին վերածվում: Մարդիկ կային, ովքեր հստակ դիրքորոշում չունեին սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, սակայն հիասթափված էին իշխանություններից: Կային նաև այնպիսի մարդիկ, ովքեր զարմացնում էին իրենց տեղեկացվածության մակարդակով: Իրազեկվածության պակաս կար հիմնականում գյուղական, կտրված համայնքներում»,- նշեց ՀՅԴ-ականը:

Նա ընդգծեց նաև մի երևույթ, որին ականատես է եղել մարդկանց հետ հանդիպումների ընթացքում. «Այստեղ մի բացասական բան էլ կա, սահմանադրական բարեփոխումների գործընթացը  կապում են իշխանությունների դեմ բողոք արտահայտելու հետ: Իշխանություններին ընդդիմանալը նույնացնում են սահմանադրական բարեփոխումներին ընդդիմանալու  հետ, բայց  վստահեցնում եմ` երբ մարդկանց հետ հանդիպում ենք ու խոսում, շատ բան է փոխվում: Սա  պայմանավորված է նրանով, որ մարդիկ փոփոխություն ուզում են իրականում, չկա մեկը, ով ուզում է, որ այսպես մնա: Կա մարդկանց մի մեծ խումբ, որը չի հավատում, անընդհատ ասում են, որ միայն վատն են տեսել և չեն հավատում, որ լավ բաներ կարող են կյանքի կոչվել: Մենք մարդկանց բացատրում ենք, որ սահմանադրական բարեփոխումների իրականացմանն ընդդիմանալը  իշխանափոխության պահանջի հետ նույնացնելը ճիշտ չէ»:

Արթուր Եղիազարյանի խոսքով` իրենք բնակիչներին բացատրել են, որ եթե «ոչ» ասեն սահմանադրական բարեփոխումներին, իշխանությունը դրանից չի տուժի: «Մենք բացատրել ենք, որ «ոչ» ասելը չի անդրադառնում իշխանության վրա: Այս ամենից հետո մարդիկ սկսում են մտածել մեր ասածների մասին: Մենք բացատրում ենք, որ ներկայիս վիճակը հենց գործող Սահմանադրության պայմաններում է առաջացել, և գործող Մայր օրենքն է հենց լիազորություններ տալիս իշխանական համակարգին` վերարտադրվելու համար»,- նշեց ՀՅԴ ներկայացուցիչը` հավելելով, որ համոզված է` մարդիկ իսկապես փոփոխություններ ուզում են:

«Իրականում բոլորն էլ ուզում են, որ իրենց երկրում, իրենց կյանքում փոփոխություններ լինեն, իսկ թե հանրաքվեի օրն ինչպե՞ս կվճռեն անել, դա կյանքը ցույց կտա: Կարող է այդ «ոչ» ասողն էլ գնա ու «այո» քվեարկի»,- ասաց Եղիազարյանը:

Նա նշեց նաև, որ իրենք 20 օրում 53 համայնքում են եղել, ունեցել են մոտ 90 հանդիպում: