Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստորեն, ԲՀԿ-ում միայն մի մարդ էր դեմ սահմանադրական բարեփոխումներին` Գագիկ Ծառուկյանը: Համենայն դեպս, երբ նա հեռացավ ակտիվ քաղաքականությունից, իր հետ տանելով «քաղաքականությունից եւ սահմանադրությունից խորապես ոչինչ չհասկացող» մի խումբ մարդկանց, նոր ԲՀԿ-ն հայտարարում է, որ իր դիրքորոշումը, կապված սահմանադրական բարեփոխումների հետ այլեւս բացասական չէ, այլ` անհայտ:
Սա արդեն մի քայլ առաջ է, սա արդեն նշանակում է, որ ԲՀԿ-ն այս պահին գոնե դեմ չէ սահմանադրական բարեփոխումներին: Այսինքն` երբ Ծառուկյանը ԲՀԿ-ում էր, կոնկրետ Վահան Բաբայանը բազմիցս հայտարարում էր, թե սահմանադրական բարեփոխումներով Սերժ Սարգսյանը ցանկանում է ապահովել իր վերարտադրությունը, նույն բանն ասում էր Նաիրա Զոհրաբյանը: Հիմա այս մարդիկ կա'մ այլեւս այդպես չեն կարծում, կա'մ եւս ցանկանում են, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը վերարտադրվի:
Ստացվում է, որ նրանց ճշմարտությունը հասկանալ եւ ճշմարտության կողմն անցնել խանգարում էր Գագիկ Ծառուկյանը. Ծառուկյանի հետ նրանք մի տեսակ կաշկանդված էին, ասում էին բաներ, որոնց չէին հավատում, չէին ուզում ասել, ստիպված էին, ստիպում էին, ավելի ճիշտ` ստիպում էր: Համենայն դեպս, այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնել է, որ այս պահին ԲՀԿ-ի հետ տարվում են սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ` վերջինիս դիրքորոշումը հստակեցնելու նպատակով քննարկումներ:
Իսկ ԲՀԿ նոր մամուլի խոսնակ Վահան Բաբայանը, հաստատելով այդ քննարկումների ընթացքը, նշել է, որ այս պահին ԲՀԿ-ն ոչ թե, փաստորեն, դեմ է այդ բարեփոխումներին, այլ հարցը պետք է քննարկեն, հիմա իրենց դիրքորոշումն, իհարկե, անհայտ է: Դա նշանակում է, որ շուտով ԲՀԿ-ն կարող է հայտարարել, որ ինքը շատ էլ կողմ է սահմանադրական բարեփոխումներին, որին մի ժամանակ` բոլորովին վերջերս, ընդամենը օրեր առաջ, անվանում էր Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման նպատակով ձեռնարկված գործընթաց:
Ի դեպ, ԲՀԿ-ից զատ, Սերժ Սարգսյանն այսօր սահմանադրական բարեփոխումների գործընթացը քննարկելու նպատակով հանդիպում է ունեցել նաեւ Միավորված աշխատանքային կուսակցության ներկայացուցիչների հետ` կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի գլխավորությամբ: Այս կուսակցությունն այս պահին եւս չի հստակեցրել իր դիրքորոշումը` կապված բարեփոխումների հետ:
Բայց ուշագրավը դա չէ, այսինքն` միայն դա չէ, այլ նաեւ այն, որ Գուրգեն Արսենյանը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր է: Չի բացառվում, որ շուտով ԲՀԿ-ի հետ «կռված տղերքից» «Ժառանգությունը» եւս հայտարարի, որ ինքը առնվազն քննարկում է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կուսակցական դիրքորոշումը:
Կմնա ՀԱԿ-ը, որն, ինչպես գիտենք, «կրկին միայնակ մնաց ընդդիմադիր դաշտում», որն ամբողջովին շրջապատված է «սրիկաներով»:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Հ.Գ. Երբ հոդվածն արդեն պատրաստ էր, պարզվեց, որ ԲՀԿ-ականները հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ: