Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցեղասպանությունը վերապրած Սուրեն Սարգսյանը պատմել է, թե ինչի է ականատես եղել իր հասակակից թուրք ընկերների հետ միասին: Նրանք տեսել են, թե ինչպես են թուրքերն իրար կապած հայերին բերում դեպի անդունդի եզրը: Նրանց մերկացրել են, ստիպել չորեքթաթ դիրք ընդունել, այնուհետև նրանցից մեկը նստել է հայի պարանոցին, որ անշարժացնի, իսկ երկրորդը, որպես գերագույն անարգանք, սուրը խրել հետույքը: Այնուհետև մահացած հայերին գլորել են ձորը: Ահռելի կոտորածը սկսվել է երեկոյան և տևել մինչև լուսաբաց:
«Իմ պապը իր բազմանդամ ընտանիքի ապրուստը բարելաւելու համար մի ագարակ էր գնել Քիւրտլէր-Քէօյ կոչուած թրքաբնակ գիւղում, որը գտնւում էր Սեբաստիոյ Մէրէքիւմի հարաւ արեւմտեան ծայրին, Եըլտըզ գետի կանաչագեղ հովտում:
1915 թուականին, երբ սկսաւ հայերի հալածանքը, մայրս եւ մեծ եղբայրս ուզեցին տեղաւորուիլ պապիս ագարակը, որպէս ապահով վայր: Ես այդ ժամանակ հազիւ 10-12 տարեկան մի տղեկ էի: Հասանք մեր ագարակը, ուր գառնարած դարձայ: Բարեկամացայ ինձ հասակակից գառնարած թուրք տղաների հետ, որովհետեւ թուրքերէն ազատ խօսում էի, քանի որ Կաւրայում հաստատուած մեզ հարեւան մի քանի թուրք ընտանիքի երեխաներն ինձ խաղընկեր էի ունեցել:
Մի օր գառները արածելիս հանդիպեցի իմ թուրք ընկերներին, որոնք եռանդով խօսում էին, թէ գիշերը քաղաքից բերելու են եղել շատ հայ մարդիկ, աղաներ, էֆէնտիներ ու բոլորին սպաննելու են իթլէր-Տէրէսիի մէջ, եւ ուզում էին գիշերը գնալ այնտեղ: Ես ալ մանկական միամտութեամբ փափաք յայտնեցի իրենց ընկերանալ: Եւ իսկապէս, երեկոյեան ճանապարհ ընկանք։ Հեռուն` մութի մէջ տեսանք 10-15 բոցավառ խարոյկներ։ Դիմեցինք այդ ուղղութեամբ: Երբ բաւական մօտեցանք, տեսանք շրջակայ թուրք գիւղերից եկած ահագին բազմութիւն, զինուած կացիններով, բիրերով, դանակներով: Նախ սարսափեցի եւ ուզում էի ետ դառնալ, փախչիլ, սակայն ամաչեցի թուրք ընկերներիցս:
Յանկարծ ամբոխի մէջ աղմուկ բարձրացաւ, երբ հեծեալ եւ հետիոտն ժանտարմաներ մտրակի հարուածներով քշելով, սկսան բերել չորսական իրար կապուած մարդիկ եւ շուրջանակ նստեցրին: Բերին ու բերին հարիւրներով։ Նրանք բոլորը արդէն հալ ու մաշ, տանջահար հայեր էին։ Ամենավերջը բերին շղթայակապ 20-30 հոգի եւս, աւելի լաւ հագնուած: Երբ բոլոր կալանաւորները բերուած էին, մէկը բարձրաձայն հրամայեց ամէն աղմուկ դադարեցնել: Տիրեց քար լռութիւն։
Վեր կացաւ մի թուրք պաշտօնեայ եւ սկսեց ճառել, օդին մէթ ճօճելով ձեռքում բռնած ինչ-որ թղթեր, մերթ ցոյց տալով նկարներ. «Իսլամ եղբայրներ,– ասում էր նա,- այս ստոր կեավուրները, այս խոզերը, դաւաճանում են մեր պետութեան. օգնում են մեր թշնամիներին, ուզում են մեր սուրբ հայրենիքի հողերին տիրանալ, անկախ Հայաստան կազմել… մահ դաւաճաններին»…
Դատական այդ կատակերգութեան այլեւս վերջ տուին, եւ հրամայեցին այն 20-30 ընտրանի կալանաւորներին քշել առաջ, դէպի մօտակայ բարձունքը։ Հետաքրքրութիւնից մղուած մօտեցայ տեսնելու համար թէ ինչ է կատարուելու։ Ես տեսայ թէ ինչպէս այդ 30 հոգուն բերին, նախ մերկացրին, յետոյ նստեցրին չորեքթաթ արած, որպէսզի կալանաւորի յետոյքը վեր ցցուի: Իսկ որպէսզի մահապարտը բոլորովին անշարժանայ, իւրաքանչիւրի վզին մի ժանտարմա նստեցրին մազերից բռնած։ Դահճապետի հրամանի վրայ, ժանտարմաներն իրենց սուինները խրեցին նրանց յետոյքը, իբրեւ գերագոյն անարգանք` անպատւութիւն…։ Ահռելի աղաղակներ բարձրացան։ Նահատակների վզերին նստող ժանտարմները վեր կացան, դիակները քարշ տալով, ժայռից վար` ձորը գցեցին։
Ես սարսափից սառած, չէի կարող ոչ փախչել, ոչ էլ արտասուել. ապուշ դարձած նայում էի, առանց բան հասկանալու…:
Յաջորդարար բերում էին կալանաւորները եւ մի քանի տեղից սուինահար անելուց յետոյ, նետում էին ժայռից վար ձորը։ Երբ ժանտարմները այդ քստմնելի կոտորածից յոգնել էին, թոյլ տուին ամբոխին որ քարերով, կացիններով, դանակներով յարձակուի մնացեալ կալանաւորների վրայ։ Այդ ահռելի կոտորածը տեւեց երեկոյեան ժամը 10–ից մինչեւ լուսաբաց: Ամբոխը ցրուեց, իւրաքանչիւրը հետը տանելով զոհուածների արիւնաթաթախ շորերը։
Ես ալ գինովի նման տուն վերադարձայ եւ անմիջապէս մտայ անկողին, առանց մերիններուն որեւէ բան շշնջալու, բայց նրանք արդէն ամէն ինչ իմացել էին թուրք հարեւաններից։ Յետոյ մեզ էլ ընտանեօք տեղահան արին եւ այնուհետեւ ինչ որ տեսայ մինչեւ արաբական անապատները, լի են զարհուրելի, անպատմելի ապրումներով…»
Ազատեան Լ., Հայ որբերը մեծ եղեռնի, գիրք Երրորդ, Լոս Անճելըս, 2002, 263 էջ, էջ 122-124: