կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-11 12:45
Հասարակություն

Հայ որբերին ողջ-ողջ նետում էին Տիգրիսը

 Հայ որբերին ողջ-ողջ նետում էին Տիգրիսը

Աղբյուրը՝ armeniangenocide100


Ականատեսի պատմությունը

Տիգրանակերտ

Տիգրանակերտի ջարդերի ականատեսը պատնմել է, թե ինչպես է Կառավարությունը  1-ից 3 տարեկան հայ որբերին հավաքել, կառքերով տարել կամուրջի մոտ ու ողջ-ողջ նետել գետը: Որոշ որբերի ձեռքերից ու ոտքերից բռնել են, ու իրենց ուժը փորձելու համար երկու մաս արել: Մյուսների վրա էլ իրենց խանչալների ու թրերի սրությունն են ստուգել՝ գլխատելով կան անդամահատելով: Դրանից հետո մոտ վեց ամիս Տիգրիսի ջրերը կարմիր ու պղտոր են եղել: Տիգրիսի եզերքի բնակիչները չէին կարողանում ուտել գետի ձկները, որոնց միսը գարշահոտ և փորը լեցուն էր մարդու մազերով ու ոսկորներով:

 

Տիգրանակերտի նահանգի ջարդերը

 

Ժանտարմաները, քիւրտ աշիրէթները և չէրքէզները գործի վրայ էին գիշեր և ցերեկ: Տիգրանակերտ վիլայէթին բոլոր սանճագներուն, գիւղախմբերուն միւտիրիյէթներուն մէջ գտնուող հայ գիւղերն ու աւանները ամբողջովին կողոպտած, փճացուցած և բնակչութիւնն ալ տարագրութեան և աքսորի ճամբուն վրայ տասանորդած էին:

 

Կարգը եկաւ Տիգրանակերտ քաղաքին:

 

1915 յուլիս ամիսը յատկացուած էր Տիգրանակերտ քաղաքին հայ բնակչութիւնը տարագրելու և զանոնք աքսորի ճամբուն մէջ բնաջնջելու:

 

Միլիսի հազարապետ Եասին զատէ Շէվգը պէյ և ժանտարմա գօմանտանը Չէրքէզ Րիւշտի պէյ, ամէն օր կէսօրէ առաջ քանի մը փօլիսներով և չէրքէզներով հայ տուները կը մտնէին, կարձանագրէին տան անդամները, և միլիսներէն պահակներ կը դնէին առջեւ, արգիլելով դուրսի հետ յարաբերութիւնը: Նոյն օրը արեւամուտէն յետոյ բռնի ճամբայ կը հանէին մօտ հարիւր ընտանիք, խումբ մը Մարտինի ճամբով դէպի հարաւ, ուրիշ խումբ մը Գարապաղչէի ճամբով դէպի արեւմուտք կը ղրկուէին Մարտին, Տարա, Ուաուէյլէի ձոր, Ռաս էլ Այն, Նսէպին և Տէր-Զօր երթալու` միլիսի և չէրքէզներու հսկողութեամբ` անոնց քմահաճոյքին խաղալիք: Անհնար է նկարագրել աքսորեալներու աղիողորմ ճիչերը, աղաղակներն ու պաղատանքը, երբ մութին, փօլիսներ, միլիսներ և չէրքէզներ տուները կը մտնէին և բռնի կիներու և աղջիկներու ձեռքերէն և մազերէն քաշելով ու քաշկռտելով դուրս կը հանէին ու կը տանէին զանոնք…

 

Վեր. Յակոբ Անտոնեան ընտանիքով, իր փեսային Մաւլեան Պետրոսին` և ընտանիքին, և ուրիշ շատ մը բողոքական ընտանիքներու հետ Գարապաղչէի ճամբով կ՚աքսորուին` ու կը նահատակուին ամենքն ալ: Հոս է, որ երեսփոխան Ստեփան Չրաճեանի յարգելի տիկինը, Տուտու, և ուրիշներ մորթազերծ կ՚ըլլան…

 

Ֆրանսական հիւպատոսարանի թարգման և pro-consul Հաճի Յարութիւն Գասապեանի կինը` Կատար և երկու աղջիկները` Ռօզ ու Վիրժին, նոյնպէս տարագրուեցան իրենց կարգին և ճամբան նահատակուեցան ամենքն ալ:

 

Հայ տարագիրներէն մեծ թիւ մը, Տիգրանակերտ քաղաքին հարաւը մէկ ժամ հեռու Չարոխիկ գիւղին մօտ, Գօզան Տէրէի մէջ չարաչար սպաննուած և յօշոտւած էին միլիսներու և քիւրտերու ձեռքով:  Իթթիհատ Ճէմիյէթին անզգամօրէն խորհուրդը կը յղանա հաւաքելով այս մեռելներուն դիակները, էրիկ մարդոց գլուխը ճերմակ փաթթել կուտայ և կիներուն ալ լաջակ, ու այդ վիճակին մէջ լուսանկարել կուտայ:

Բազմաթիւ օրինակներ Գերմանիա և Պոլիս կը ղրկեն, կցեալ ստապատիր տեղեկութիւններով, զրպարտելով թէ «Հայ ապստամբներն ու ֆետայիները այսպէս անգթօրէն սպաննած են խեղճ քիւրտ մարդիկը, կիներն ու երախաները, այս պատճառաւ տեղային իշխանութիւնները անկարող եղած են զսպելու քիւրտ աշիրէթներու բարկութիւնն ու ցասումը` ընդդէմ Հայոց» և այլն: Գարաճատաղի հիւսիսային բնակիչներէն քիւրտ Թրքան աշիրէթը 24.000-ի մօտ տարագիր հայեր կողոպտեց և սպաննեց Շէյթան Տէրէսիի և Գայնաղ գիւղին մօտ Պիկութլան ձորի միջեւ գտնուող եօթ ժամու տարածութեան վրայ: Սպանուածները, արու և էգ, անթաղ, յօշոտուած վիճակի մէջ թողուած մնացին ամիսներով ցիր ու ցան և կեր եղան գիշատիչ թռչուններու և վայրի գազաններու: Այս դժոխային վիճակը տեւեց մինչեւ 1915 հոկտեմբեր ամսուն վերջը:

 

Քանի՜ քանի՜ կիներ ու աղջիկներ կիսամեռ ջախջախուած վիճակի մէջ հորերու յօշոտուած ու նեխած դիակներու դէզակոյտին մէջ մնացին և օրերով կեանքը քաշկռտեցին ապրելու յոյսով… ոմանք ալ թոհ ու բոհին մէջ առիթն ու պատեհութիւնը գտան կամա ինքզինքնին նետելու այդ հորերուն մէջ` փրկելու համար իրենց պատիւը, և վերջ դնելու իրենց անտանելի տառապանքներուն:

 

Կառավարութիւնը 400-էն աւելի 1-3 տարեկան հայ երկսեռ որբեր հաւաքելով կը լեցնէ բողոքականաց դպրոցին շէնքին մէջ: Օր մըն ալ կէսը կառքերու մէջ լեցնելով կը տարուին կամուրջը (քաղաքէն կէս ժամ հեռու, հարաւը, Տիգրիս գետին վրայ Սարակինոսներէ շինուած հին կամուրջ մը) և ողջ ողջ ամենքն ալ ոտքերէն կամ գլուխներէն բռնելով կամուրջին վրայէն կը նետեն սուրացող Տիգրիսին մէջ…, մնացեալ կէսն ալ` ուրիշ օր մը Գարապաշ կը տանին  (Տիգրանակերտի արեւելքը մէկ ու կէս ժամ հեռու գիւղ մը), ոմանց ոտքերէն բռնելով, իրենց ուժը փորձելու համար, երկուքի կը ճեղքեն, ոմանց վրայ ալ իրենց խանչարներու կամ յոտոցի սրութիւնը փորձելու համար կ՚անդամահատեն ձեռք, ոտք, գլուխ, մէկ հարուածով կը կտրեն կամ մէջտեղէն երկու կտորի կը բաժնեն. ոմանք ալ ողջ նիզակներու գլուխը կ՚անցնէին, և ուրիշներ ալ կատղած շուներու առջեւ կը նետեն յօշոտուելու համար…:

 

Մինչեւ վեց ամիս Տիգրիսի ջուրերը կարմիր ու պղտոր հոսեցան: Տիգրիսի եզերքի բնակիչները կը գարշէին, չէին կրնար ուտել Տիգրիս գետին այնքան համեղ ձուկերը` որոնց միսը հիմա գարշահոտ և փորը լեցուն էր մարդու մազերով ու ոսկորներով…: Աւելին` մինչև անգամ օրերով ու շաբաթներով շատ գիւղի բնակիչներ չի կրցան խմել Տիգրիսի զուլալ ջուրը, որ հիմա արիւնահամ էր և հոտած` ու հարիւրաւոր մարդերու մարմինները ալիքներուն մէջէն կը տարուէին շարունակ…:

 

Մկրտիչեան Թ., Տիգրանակերտի նահանգի ջարդերը եւ քիւրտերու գազանութիւնները: (Ականատեսի պատմութիւն), Գահիրէ, 1919, 125 էջ, էջ 70–78: