Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղբյուրը՝ armeniangenocide100
Հայկանուշ Մուրադյանի պատմություն
1916 թ., Մուշ
Հայկանուշ Մուրադյանը Լիզ գյուղից էր ու պատմում է, որ 1915 թվականին Համբարձման օրը հայտարարել են, որ բոլոր հայերը անհապաղ պիտի հանձնվեն: 500 երիտասարդի 15-20 հոգանոց խմբերի բաժանելով` սվինահարել են, 15-ը` Հայկանուշի ընտանիքից: Որոշ մարդիկ հորերում, թաքստոցներում են մնացել այնքան, մինչև ռուսները եկել են: Շատերի կուրծքն են ստուգել, և այն տղաները,ովքեր կանացի հագուստով են եղել, նույնպես սվինահարվել են:
«Պատմողն է Հայկանուշ Մուրատեան, Պուլանըխի Լիզ գիւղէն, այժմ կ՚ապրի Հին Նախիջևան.
1915-ի Համբարձման Հինգշաբթի օրը կառավարութիւնը յայտարարեց, որ բոլոր հայերը անյապաղ պիտի գան յանձնուին: Անոնք, որ հրապարակի վրան չեն երևար կը նշանակէ, որ անոնք ալ ռուսի կողմն են անցեր: Ամէն տուն, որու տղամարդոցմէ մէկը կամ աւելին չյանձնուին, այդպիսիները պիտի չարաչար տուժեն, ընտանիքի բոլոր անդամները պիտի տան մէջ հաւաքուին և այրուին:
Այս յայտարարութիւնը խորը կազդէ ժողովրդին վրայ: 500 երիտասարդներ ձեռք կը ձգեն, որոնք 15-ական, 20-ական խումբերու կը բաժնեն, կը կապկպեն և խումբերը իրարմէ հեռացնելով, սուիններով կը կոտորեն:
Միայն մեր տունէն 15 տղամարդ սուինահար եղան:
Նախսոյի Եղիշէն չուանով կախուած էր ջրհորէն: Հինգշաբթուան կոտորածէն յետոյ Ուրբաթ օրը, երբ ռուսերը եկան, նոր ջրհորէն դուրս եկաւ:
Գորգէ Սարգիսը մարագի յատակին շինուած տնակի մէջ պահուած կը լինի, երբ թուրք զօրքերը կը գան, կը քանդեն տան առաստաղը վառելու, հողերը և ծածկը վար կը թափեն և Սարգիսը ամբողջ մի ամիս հոն պահուած կը մնայ: Այսպէս բոլոր ազատուողներր պահարաններու մէջ մնացին մինչև ռուսի գալը:
Տագերս տղային` 14 տարեկան Միհրանին նմանապէս կանացի հագուստներ հագցուցինք: Զօրքերը եկան, կանանց կուրծքերը քննեցին, և իմանալով, որ Միհրանը տղամարդ է սուինահար ըրին: Այսպէս և շատերը»:
ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 424, թթ. 3 շրջ., – 4, բնագիր, ձեռագիր:
Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 2, Բիթլիսի նահանգ, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 159 – 160: