կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-30 10:27
Հասարակություն

Քանաքեռում կատարված` ամուսինների սպանության մանրամասները. «ՀԺ»

Քանաքեռում կատարված` ամուսինների սպանության մանրամասները. «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է. «Երեկ դաժան սպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Կարապետ Ուլնեցու փողոցում, սպանվել են ամուսիններ 53-ամյա Հովհաննես և 44-ամյա Լուսինե Մխիթարյանները: Վերջիններս սպանվել են իրենց ավտոտնակի դիմաց: Մեր տեղեկություններով, ամուսիններից մեկը հրազենային վնասվածքը ստացել է գլխի շրջանում, իսկ մյուսը՝ կրծքավանդակի: Նույն այդ տեղեկություններով, ամուսինները իրենց բնակարանը վարձով էին տվել և ապրում էին ավտոտնակում:

Սպանված Հովհաննես Մխիթարյանը աշխատում էր հացի փռում՝ առավոտյան խանութներին հաց էր մատակարարում, իսկ երեկոյան այդ նույն ավտոտնակում մեքենաներ էր վերանորոգում: Հարևանների պատմելով սպանված ամուսինները մեկ դուստր և մեկ որդի ունեին: Որդին մոտ 6 ամիս է՝ ծառայում է բանակում, և արդեն տեղյակ են պահել դեպքի մասին, իսկ դուստրն ապրում է արտասահմանում:

Երեկ մեր զրույցում, սպանված Հովհաննես Մխիթարյանի ընկերը որոշ մանրամասներ ներկայացրեց: «Շատ խելոք ամուսիններ էին, ախր էդ կրակողն էլ էր խելոք մարդ, իր տարիքի, թե ի՞նչ պատահեց չգիտեմ, շատ զարմանալի էր: Հովհաննեսը միշտ օգնում էր իրեն, իրար հետ հաց էին մատակարարում խանութներ: Լավ, կնո՞ջը ինչի սպանեց, էդ ա հարցական մնում, էդ ի՞նչ պատահեց, որ հանկարծ սենց ստացվեց: Մեկին բերես, պահես վերջում սենց բան անի»,- պատմեց սպանվածի ընկերը՝ հավելելով, որ ամուսինները սոցիալապես վատ պայմաններում էին ապրում: Սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով պատժվում է ազատազրկմամբ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ) և 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենքը պահելը կամ կրելը, պատժվում է ազատազրկմամբ երեք տարի ժամկետով):

 Երեկ կեսգիշերին մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանները հայտնաբերել են Ուլնեցու փողոցում ամուսինների սպանության մեջ կասկածվող անձին: Ձերբակաւության պահին նա փորձել է ինքնասպանություն գործել՝ իր վրա կրակելով:

Մեր այս տեղեկությունը ոստիկանությունից չհերքեցին, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։