կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-15 12:26
Մշակույթ

Այսօրվա Գյումրին նման է խեցու` փողոցներում մարդ չկա

Այսօրվա Գյումրին նման է խեցու` փողոցներում մարդ չկա

Եթե հայ ես, չես կարող քո ֆիլմերում հայկական տարրեր չմտցնել, եթե անգամ ֆիլմի թեմատիկան ոչ մի կապ չունի հայերի, Հայաստանի հետ. այսօր լրագրողներին ասաց կինոռեժիսոր Լևոն Մինասյանը, որի «Սանդվիչ կղզու մարդը» ընդգրկված է «Ոսկե ծիրան»  կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր»  ծրագրում:

Ըստ նրա` ֆիլմը լիովին ֆրանսիական է, բայց այնտեղ նույնպես հայկական տարրեր կան: «Ինչքան էլ ապրենք օտար ափերում, չենք կարող չվերադառնալ /Լևոնն ապրում է Ֆրանսիայում/: Վերադարձի պես մի բան է նաև ոչ հայկական ֆիլմերում հայկական տարրեր մտցնելը: Ֆիլմը երեխաների մասին է, և պետք է խոստովանեմ, որ շատ դժվար է աշխատել երեխաների հետ»,- ասաց ռեժիսորը:

Սակայն այս անգամ նրա բախտը բերել է, քանի որ ֆիլմը նկարահանվել է մի գյուղում, որտեղ երեխաները երբեք տեսախցիկ չէին տեսել, և փոքր-ինչ հեշտ է ստացվել նրանց հետ աշխատելը:

Մինասյանի նկարագրմամբ` իր ֆիլմերը հեքիաթներ են, այնտեղ ամեն ինչ չէ, որ իրական է: «Սանդվիչ կղզու մարդը» ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է երեխան, որը պետք է դպրոցում աշխարհագրության դասին ներկայացնի հոր ծննդավայրը, իրականում չի ճանաչում հորը: Երեխան սկսում է ընկերներին պատմել, թե ինչքան դժվար է հոր կյանքն այդ կղզում, որովհետև նա այնտեղ մենակ է, իսկ հետո արդեն որոշում է ճանապարհորդել այդ կղզի` հոր մոտ:

Մինասյանը նշեց նաև, որ ֆիլմում հնչում է Վարդան Պետրոսյանի երգը: «Ես անընդհատ մտածում եմ Վարդանի մասին. ֆիլմում մի տեսակ ակնածանք կա նրա հանդեպ»,- ասաց նա:

Ծնունդով Գյումրիից ռեժիսորի համար ցավալի է տեսնել ներկայիս Գյումրին: Ըստ նրա` ոչինչ չի փոխվել Գյումրիում: «Ինչ էլ փոխվել է, դեպի վատն է փոխվել: Եթե այն ժամանակ մենք հույս ունեինք, որ ամեն ինչ լավ կլինի` չնայած ավերածություններին, դիակներին, այսօր այդ հույսը չկա: Այսօր Գյումրին խեցու է նման, փողոցներում մարդ չկա, իսկ ում էլ հանդիպում ես, անհույս են: Այս ամենը չգիտեմ` դեպի ուր է տանում. մորս շենքի բոլոր դռները փակ են»,- ասաց Մինասյանը:

Խոսելով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասին` ռեժիսորըը նշեց, որ հիմա նկարահանվում են ֆիլմեր, որոնք չկային, ասենք, տասը տարի առաջ, և «Ոսկե ծիրանի» մատը խառն է այս ամենում: