Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտադատական կարգով վեճերի լուծման ինստիտուտն ընդունված է աշխարհի շատ երկրներում: Դրանցից առավել հեռանկարայիններն են արբիտրաժը, ֆինանսական համակարգի հաշտարարը եւ հաշտարարությունը: Առաջին երկուսը Հայաստանի Հանրապետությունում իրավական կարգավորում ստացել են, իսկ հաշտարարության ինստիտուտը դեռ նոր է մուտք գործում երկրի իրավական համակարգ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկ ամիս առաջ ստորագրեց Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը, և մի շարք այլ օրենքներ, որոնցով,ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է ներդնել հաշտարարության ինստիտուտը:
Այսօր հանրության շրջանում հաշտարարության նկատմամբ անվստահություն կա, ինչն առաջին հերթին պայմանավորված է հաշտարարության մասին իրավական տեղեկատվության պակասով: Ի՞նչ է հաշտարարությունը, որքանո՞վ է այս ինստիտուտի ներդրումն անհրաժեշտ Հայաստանում, ի՞նչ խնդիրներ կլուծի այն, և ե՞րբ Հայաստանում կգործեն այս ոլորտի իրավական կարգավորումները:
Ի՞նչ է հաշտարարությունը
Հաշտարարությունը կողմերի միջեւ ծագած վեճը հաշտությամբ լուծելու նպատակով միջնորդությունն է: Միջնորդ հանդիսացողն էլ հաշտարարն է, նա, ով, որպես անկողմնակալ երրորդ անձ, հաշտարարության վերաբերյալ համաձայնության հիման վրա իրականացնում է հաշտարարություն: Հաշտարարը չի լուծում վեճը, այլ նրա օգնությամբ վեճը լուծում են կողմերը:
Հաշտարարությունը՝ տարբեր երկրներում
Հաշտարարության ինստիտուտի ակունքները գալիս են ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ավստրալիայից: Սկզբնական շրջանում այն կիրառվում էր ամուսնաընտանեկան վեճերում, որից հետո սկսեց աստիճանաբար կիրառություն գտնել նաև հասարակական այլ հարաբերություններում: Անգլոամերիկյան իրավական համակարգում տարբերում են հաշտարարության չորս տեսակ՝ գնահատողական հաշտարարություն, նպաստող հաշտարարություն, կողմերի շահերին միտված հաշտարարություն և վերափոխիչ հաշտարարություն:
Ավստրիայում 2004 թվականից գործող «Հարևանների իրավական հարաբերությունների մասին» օրենքը պարտավորեցնում է վիճող հարևաններին մինչ դատարան դիմելը ձգտել արտադատական հաշտության: Վեճերն արտադատական կարգով լուծելու հնարավորությունն Ավստրիայում ևս նպաստում է դատարանների բեռնաթափմանը:
Եվրոպական Միությունում 2008 թվականին ուժի մեջ է մտել քաղաքացիական ու առևտրային գործերով հաշտարարության մասին դիրեկտիվը, որը ԵՄ անդամ պետություններն այժմ ներդրում են: Գերմանիայում դաշնային մակարդակով այդ դիրեկտիվը ներդրվել է 2012 թվականին «Հաշտարարության մասին» օրենքով:
Ո՞վ կարող է լինել հաշտարար
Համաձայն հաշտարարության ինստիտուտի ներդրման վերաբերյալ կառավարության առաջարկած նախագծի՝ արտոնագրված հաշտարար է հանդիսանում 25 տարին լրացած գործունակ քաղաքացին, որը ստացել է բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթություն, չունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար, ստացել է արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագիր և սահմանված կարգով գրանցված է արտոնագրված հաշտարարների ռեեստրում::
Արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագիր կարող է տրվել նաեւ նախկին դատավորի, որի պաշտոնավարումը դադարեցվել է սեփական դիմումի հիման վրա կամ լրացել է նրա պաշտոնավարման տարիքը:
Ինչպիսի՞ն պետք է լինի հաշտարարը
Առաջարկվող օրենսդրական լուծումներով՝ հաշտարարը պետք է խստորեն հետեւի հաշտարարության բոլոր սկզբունքներին եւ հաշտարարի վարքագծի (էթիկայի) կանոններին, այն է՝ ապահովել հավասար, հարգալից եւ անկողմնակալ վերաբերմունք վիճող կողմերի նկատմամբ, պահպանել հաշտարության գաղտնիությունը, խուսափել հաշտարարության հեղինակությունը վարկաբեկող վարքագիծ դրսեւորելուց և այլն:
Փաստաբան Կարեն Մեջլումյանի կարծիքով` հաշտարարը պետք է գիտակ լինի որոշակի ոլորտում, որպեսզի վեճի էությունը հասկանա և կարողանա լուծումներ առաջարկել, բնականաբար՝ առանց կողմերի վրա ճնշում գործադրելու և իր կարծիքը փաթաթելու:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կարծիքով էլ` հաշտարարը պետք է առնվազն փորձված լինի, ընդունակ՝ մարդկանց հոգեբանությունը հասկանալու և նրանց կրքերը զսպելու: Հաշտարարը պետք է պայմաններ ստեղծի վիճող կողմերի համար, որպեսզի նրանք հաշտվեն:
Ըստ փաստաբան Վահե Մնացականյանի` որպեսզի ինստիտուտի ներդրումն արդյունավետ լինի, հաշտարարի արտոնագրման ընթացակարգը շատ ճիշտ և մանրակրկիտ պետք է կատարվի: «Պետք է բարձր որակական չափանիշներ դրվեն արտոնագիրը ստանալ հավակնողների առջև (ինչը, ի դեպ, առաջարկվող նախագծում առկա չէ): Արտոնագրված հաշտարարները պետք է լինեն ճանաչված, իրազեկ, հասարակության լայն շրջանակների կողմից հարգված անձինք, հակառակ դեպքում, իմ համոզմամբ, հաշտարարության ինստիտուտի կայացումը լուրջ կասկածների տեղիք կտա»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:
Անհրաժեշտությո՞ւն, թե՞ ձևականություն
Ներկայումս ամբողջ աշխարհում մշակվում են վեճերի` արտադատական կարգով լուծման մեխանիզմներ, ինչը բնորոշ է բարձր իրավագիտակցություն և զարգացածության մակարդակ ունեցող հասարակություններին, և եթե մենք մեզ դասում ենք նման երկրների շարքը, ապա դատական հաշտարարի ինստիտուտի ներդրման անհրաժեշտություն մեր երկրում ևս կա:
Վահե Մնացականյանի կարծիքով, սակայն, ինստիտուտի ներդրումը չպետք է լինի ինքնանպատակ, ինչ-որ միջազգային կառույցին դուր գալու միջոց, այլ այն պետք է այնպես ներդրվի, որպեսզի լինի հասկանալի և պահանջված հասարակության կողմից: Ըստ նրա՝ հարկավոր է մարդկանց իրազեկել, լայն քննարկումներ կազմակերպել և հասկանալ, թե հաշտարարության ինստիտուտն ինչպես պետք է ներդնել՝ ապահովելու համար դրա արդյունավետությունը:
ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանն այն կարծիքին է, որ սկզբնական շրջանում հաշտարարները հաջողություն չեն ունենալու, քանի որ մեր հասարակությանը դեռ երկար ժամանակ է պետք` ընտելանալու և վստահելու այդ նոր ինստիտուտին: Ըստ նրա՝ արբիտրաժի ինստիտուտի փորձը ցույց է տվել, որ մեր հասարակությունը, չվստահելով պետական մարմիններին և դրանց պաշտոնատար անձանց, այնուամենայնիվ, նախապատվությունը տալիս է դատարաններին:
Հաշտարարը կթեթևացնի՞ դատարանների «հոգսը»
Հաշտարարության ինստիտուտի ներդրման դրական կողմերից մեկը ժամանակի տնտեսումն է: Այսինքն` քաղաքացին, դատարան դիմելու և տարիներով սպասելու փոխարեն, կարող է դիմել հաշտարարին և խնդրին օպերատիվ լուծում գտնել: Նախագծի համաձայն՝ հաշտարարությունը պետք է կառուցվի ՀՀ դատական համակարգից անկախ, սակայն` նաեւ դատարանների կողմից եւ դրանց կից: Այն, որ հաշտարարի ինստիտուտի ճիշտ կիրառումը մեր երկրում դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու հնարավորություն կտա, համակարծիք են ոլորտի շատ մասնագետներ: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ որոշակի գործերով դատավարություն անցկացնելուց հրաժարվելու հնարավորությունն, իրոք, բեռնաթափող ու տևական դրական ազդեցություն է ունենում, հետևաբար, նույնը կարելի է ակնկալել նաև մեր երկրում:
Ո՞վ է հոգալու հաշտարարության ծախսերը
Հաշտարարությունը մատուցվող ծառայության տեսակ է և, բնականաբար, ենթադրում է գումարային հատուցում: Նախագծի համաձայն՝ սակայն Դատարանի նշանակած հաշտարարության առաջին չորս ժամերը, որոնք ներառում են նաև հաշտարարության գործի նախապատրաստական փուլը և հաշտարարական գործի կառավարումը, արտոնագրված հաշտարարն իրականացնում է անվճար:
Իսկ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված լրացման համաձայն՝ այն դեպքում, երբ հաշտարարությունը նշանակված է դատարանի կողմից, և կողմերը դատարանի կողմից հաշտարարության համար սահմանված ժամկետում կնքում են հաշտության համաձայնություն, վճարված պետական տուրքը վերադարձվում է պետական տուրք վճարած կողմին հետևյալ չափաբաժիններով.
ա) 50 տոկոս, եթե հաշտարարությունը նշանակել է առաջին ատյանի դատարանը.
բ) 40 տոկոս, եթե հաշտարարությունը նշանակել է վերաքննիչ ատյանի դատարանը:
Որքանո՞վ է հաշտարարությունը համապատասխանում արդարության սկզբունքին
Արդյո՞ք հաշտարարությունը կարող է արդար համարվել, թե՞ ոչ, միշտ կախված է կոնկրետ տեսակետից, որովհետև արդարությունը, ի տարբերություն իրավունքի, շատ սուբյեկտիվ հասկացություն է:
Իրավաբանական գիտությունների դոկտոր, Հագենի համալսարանի դասախոս Գոռ Հովհաննիսյանի խոսքով՝ հաշտարարությունը հաճախ կապում են դատավարական արդարության հետ:
«Հաշտարարության մասնակիցների համար գործում են նույն կանոնները: Քանի որ հաշտարարի դերն անկողմնակալ է, նա կողմերից ոչ մեկին առավելություն չի տալիս, բայց, միաժամանակ, հոգ է տանում այնպիսի միջավայր ստեղծելու համար, որտեղ յուրաքանչյուր կողմ կարող է հանդես գալ այնպես, ինչպես ինքը ճիշտ է համարում: Բացի այդ` հաշտարարության դեպքում վեճը լուծվում է միայն այն ժամանակ, երբ բոլոր կողմերը համաձայն են կոնկրետ լուծմանը: Դատավարական արդարությանը հակադրվում է արդյունքի արդարությունը: Անկախ ընթացակարգից` կարևորն այստեղ վերջնական արդյունքն է, որն արդար է համարվում, եթե այն կողմերին կամ հասարակությանն օգուտ է բերում: Հաշտարարությունը՝ իբրև վեճի ցանկացած լուծում ենթադրող գործընթաց, չի կարող դա միշտ երաշխավորել, օրինակ՝ երբ կողմերը որևէ համաձայնության չեն գալիս: Բայց երբ համաձայնություն է ձեռք բերվում, ապա կարելի է այն արդար համարել, որովհետև որևէ պայմանագիր կարող է կնքվել միայն այն դեպքում, երբ բոլոր կողմերը համաձայն են դրան և այն համարում են պատշաճ»,- yerkir.am-ին բացատրեց Հովհաննիսյանը:
Ինչպես իրավացիորեն նշում է իրավաբանական գիտությունների դոկտորը, կարևորը վերջնական արդյունքն է:
Հաշտարարի ինստիտուտի արդյունավետության մասին հնարավոր կլինի խոսել միայն ներդրումից հետո, այն էլ` տարիներ անց, երբ տեսանելի կլինի արդյունքը, երբ այն իսկապես հասարակությանը օգուտ կբերի:
Ի դեպ, դատական հաշտարարի ինստիտուտը կարգավորող օրենքն ուժի մեջ կմտնի 2015 թվականի սեպտեմբերի 10-ին:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ