կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-08 12:54
Հասարակություն

Տասնհինգ տարի օգտագործում ենք, հետո դնենք աճուրդի՞. վարչապետը` նախարարին

Տասնհինգ տարի օգտագործում ենք,  հետո դնենք աճուրդի՞. վարչապետը` նախարարին

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության` 2012 թվականի մարտի 22-ի «Ճապոնիայի կառավարության 4-րդ դրամաշնորհի հաշվին տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի հետագա տնօրինման ժամկետների փոփոխման մասին» որոշման նախագիծը:

Կարապետյանն ասաց, որ որոշման արդյունքում գյուղատեխնիկայի վարձակալներին` գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող սուբյեկտներին,  հնարավորություն կտրվի ձեռք բերել 28 միավոր գյուղացիական տեխնիկա, որի դրամայնացումից գոյացած միջոցները կփոխանցվեն ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետրանում բացված հատուկ հաշվեհամարին: Ըստ նրա` սույն որոշման արդյունքում գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող սուբյեկտներին հնարավորություն կտրվի ձեռք բերելու այդ 28 միավոր գյուղացիական տեխնիկան:

Նախարարը նշեց նաև, որ 2001 թվականից դրամաշնորհով 58 տրակտոր վարձակալության է տրվել գյուղացիական տնտեսություններին՝ տասը տարի ժամկետով, հետո ձեռք բերման հնարավորությամբ:

«Հիմա տասնհինգ տարի է անցել, ի՞նչ եք անելու»,- արձագանքեց վարչապետը:

Կարապետյանը, ի պատասխան, ասաց, որ 2011 թվականին այդ հարցը բարձրացվել է, որպեսզի մեկ տրակտորը 400 հազար դրամով վաճառվի նրանց, իսկ եթե չեն ցանկանում գնել, դրվի աճուրդի:

Վարչապետը կարծիք հայտնեց, որ հարցը պետք է հետաձգել մինչև նոյեմբեր՝  այն կրկին քննարկելու համար: «Ավելի ճիշտ կլինի` այն նվիրենք գյուղացիներին, ավարտենք. տասնհինգ տարի օգտագործում են, հետո պետք է վերցնենք, դնենք աճուրդի, դա ի՞նչ է նշանակում»,- ասաց Աբրահամյանը: