կարևոր
3301 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-05 10:56
Քաղաքական

Շատ հնարավոր է՝ գա այդ պահը և մանդատները վայր դնենք․ «Հրապարակ»

Շատ հնարավոր է՝ գա այդ պահը և մանդատները վայր դնենք․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Տեւական բոյկոտից հետո խորհրդարանական ընդդիմությունը, ավելի ճիշտ՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորները, երեկ ներկայացան կառավարության հետ հարցուպատասխանին։ Այս եւ ներքաղաքական այլ թեմաների շուրջ զրուցել ենք դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ։

- Ընդդիմադիրները բոյկոտն արդարացնում էին, թե անիմաստ է հարցեր տալ Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը, միեւնույն է` նրանք ստելու են, առաջ են քաշելու իրենց թեզերը, հիմա ի՞նչ է փոխվել, որ վերադառնում եք ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, Փաշինյանն այլեւս չի՞ ստում։ Թե՞ ընդառաջում եք հանրային տրամադրություններին, համաձայն որոնց՝ վախենում եք Փաշինյանի հետ առճակատումից։

- Բազմաթիվ հանդիպումներ ենք ունենում ժողովրդի հետ, դրանց արդյունքում բազմաթիվ հարցեր են կուտակվում, մեր հայրենակիցները մեզ հորդորում են, որ պետք է գնալ եւ  կառավարության այս կամ այն անդամին տալ այդ հարցերը, պարզաբանումներ պահանջել։ Կառավարության վերջին հաշվետվության ժամանակ ես մի քանի նախարարությունների հարցեր եմ ուղղել, այո, շատ դեպքերում ճիշտ պատասխաններ չեմ ստացել, խոստումներ են տրվել, որ չեն արվել, ես, այդուհանդերձ, պարտավորված եմ կրկին հարցապնդել, իրենց սուտը վեր հանել, սրա հնարավորությունն է տալիս հարցուպատասխանը։ Իհարկե, երբեմն իրենց տված խոստումները կատարվում են, բայց դա չնչին դեպքեր են։

- Փաստորեն, քաղաքացիները ձեզնից պահանջում են ոչ թե ձեր տված իշխանափոխության խոստումը կատարել, այլ իշխանության ստերը վեր հանել։

- Ես ինձնից կախված ամեն ինչ անում եմ՝ օր առաջ իշխանափոխության հասնելու համար, իմ գործընկերները՝ եւս, մենք ո՛չ մեր առողջությունը, ո՛չ ջանքը, ո՛չ եռանդը չենք խնայում։ Այս տարիների ընթացքում երբեք չենք թողել պայքարի առաջնագիծը, հալածանքների ենք ենթարկվել, հետապնդումների, բազմաթիվ քրեական գործեր են կարվել մեր գործընկերների վրա եւ այլն։ Բայց շատ կարեւոր բան կա՝ անվերջ խավարն անիծելու փոխարեն ճիշտ կլինի ամեն մեկս մեր մոմը վառենք։ Պետք է օբյեկտիվ լինել եւ ասել, որ այն գործընթացները, որ մենք անում ենք՝ թե՛ Դիմադրության շարժման ժամանակ, թե՛ դրանից առաջ, հասարակության մեղադրող շերտը չմիացավ այդ պայքարին։

- Գուցե վճռական չեք, երկարատեւ չեք պայքարում, շուտ հոգնում եք, մարդիկ էլ չեն հավատում ձեր հաջողությանը։

- Իմ գնահատմամբ՝ Հայաստանում մարդկանց փոքր խումբ գոյություն ունի, որոնց հետաքրքիր են ազգային խնդիրները, եւ կա մի զգալի հատված, որոնց համար ազգայինն այդքան էլ կարեւոր չէ։ Երկրորդ խմբի հետ աշխատանքների, իրենց սոցիալական խնդիրները վեր հանելու հետ միասին կարելի է նաեւ Արցախի, ազգային խնդիրներն առաջ մղել, հիմա մենք փորձում ենք այդ մարդկանց հետ աշխատանքներ տանել եւ նրանց ներգրավել մեր պայքարի մեջ։ 

- Այսինքն, Հայաստանում մեծ խումբ մարդիկ կան, որոնց Արցախի կորուստը չի՞ հետաքրքրում։

- Մարդիկ, որոնք պատրաստ են պայքարի, որոնց համար ազգայինն ավելի առաջնային է, քան սոցիալականը, տնտեսականը, գաղտնիք չէ, որ ․․․ Եթե մենք Արցախի համար հավաք ենք կազմակերպում, եւ դրան մասնակցում է 10-20, լավագույն դեպքում՝ 30 հազար մարդ, արդեն իսկ մտահոգիչ է, խնդիր է։

- Մենք առաջին ամիսներին 40-50 հազարանոց հավաքներ էլ ենք տեսել, բայց վճռական գործողություններ չեն եղել։

- Ես 50 հազարանոց հավաքի ականատես չեմ եղել, իմ գնահատմամբ՝ 50 հազար մարդ չի հավաքվել։

- Իշխան Սաղաթելյանն ավելիի մասին էլ է հայտարարել։

- Շատ դժվար է ասել, թե ինչքան մարդ է հավաքվել, իմ ասածը հետեւյալն է՝ կան բազմաթիվ մարդիկ, որոնք, մինչեւ իրենց գրպանին չեն կպնում, խնդիրն իրենց ուղղակի չի առնչվում, իրենց մաշկի վրա չեն զգում, տեղից չեն շարժվում։

- Իսկ դուք այդ մարդկանց չե՞ք ասում, որ Արցախը վերցնելուց հետո թուրքը Հայաստան է մտնելու, ու ոչ միայն իրենց գրպանը, այլեւ իրենց գոյությունն է վտանգվելու։

- Ես ու մեր գործընկերները գյուղ առ գյուղ, տուն առ տուն հանդիպում ենք մարդկանց հետ, բայց նաեւ խնդիր կա, պետք է մարդկանց հետ խոսել ոչ միայն․․․ Այո, այսօր ամենակարեւորն Արցախի խնդիրն է, բայց շատ մարդիկ կան, որ սոցիալական խնդիրներն իրենց ավելի շատ է հուզում։

- Բայց ընտրություններից առաջ ընդդիմության քարոզչաթեզերից մեկն էլ այն էր, որ միայն «պողոսները» կարող են այս իրավիճակում ընտրել իշխանություններին, հիմա ստացվում է՝ ընդդիմության էլեկտորատն էլ են «պողոսները» կազմում։

- Կա բնակչության մի հատված, որոնք միշտ նեյտրալ դիրքորոշում են ունեցել, ընտրական գործընթացներին չեն մասնակցել, հավատը կորցրել են բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ։ Մեր խնդիրն այն է՝ այդ զգալի հատվածի հետ ճիշտ աշխատանք տանել եւ պայքարը գեներացնել։

- Ձեզ ձեր էլեկտորատին անգամ չի հաջողվում ոտքի հանել, չե՞ք կարծում՝ երբ դուք խորհրդարանի ամբիոնից, դիցուք, նախօրեին հայտարարում եք, որ՝ իշխանություն, այս ի՞նչ օրակարգ ես բերել, կտրված ես իրականությունից, Արցախում ադրբեջանցին անցակետ է դրել, դու այստեղ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենք ես քննարկում, բայց այսքանից հետո շարունակում եք մնալ դահլիճում, ակտիվորեն մասնակից եք դառնում բոլոր նախագծերի քննարկումներին, հավատ չեք ներշնչում անգամ ձեր ընտրողներին։ Նրանք ասում են, որ եթե ամեն ինչ այդքան վատ է, Արցախը ձեռքից գնում է, ինչո՞ւ եք ՔՊ-ի հետ նման օրենքներ քննարկում։

- Հանրությունը մեզ չհավատալու հիմքեր չունի, մենք ի՞նչ վատ բան ենք արել, որ չհավատա։ Շատերն ասում են, որ դուք չլինեք պայքարի մեջ, կգան այլ ուժեր։ Մենք ամիսներ շարունակ ոչինչ չենք անում, կողքի ենք կանգնել, ո՞ւր է, ինչո՞ւ չեն գալիս։ Մեզնից կախված ամեն ինչ մենք անում ենք, եթե մենք իմանանք՝ խորհրդարան չգալը, ամբիոնը չօգտագործելը մեզ ավելի լայն հնարավորություն է տալու․․․ Գիտեք՝ ոչ մեկիս հաճելի չէ՝ ամեն օր գալիս ենք, կոնֆլիկտի մեջ ընկնում, այդքան էլ հաճելի մթնոլորտ չէ այստեղ։

- Հանրության ռադիկալ շերտերն ակնկալում են, որ եթե ամեն ինչ այդքան վատ է, պետք է վայր դնեք մանդատները, հայտարարեք, որ այս իշխանությունը դավաճան է, որի հետ այլեւս սահմանադրական ճանապարհով հարցի լուծում չկա։

- Շատ հնարավոր է՝ գա այդ պահը, եւ մանդատները վայր դնենք ու ուրիշ գործողություններ անենք։ Բայց ինչքան հնարավոր է մանդատն օգտագործել ի շահ ժողովրդի, պետք է օգտագործել։ Իմացեք, ոչ մեկը մանդատից կառչած չէ։ Մենք պիտի ճիշտ ժամանակին, ճիշտ պահին մոբիլիզացիան իրականացնենք եւ մարդկանց տանենք կարճատեւ պայքարի, որովհետեւ երկարատեւ պայքարից մարդիկ հոգնում են։

- Իսկ ե՞րբ է գալու այդ պահը, էլ ի՞նչ պիտի լինի, Հայաստանն էլ հանձնվի՝ նո՞ր։

- Վերջիվերջո, միայն մեր խնդիրը չէ, մեր աշխատանքն այն է, որ կարողանանք մարդկանց համոզել ճշմարտությունը, հավատացեք՝ այդքան հեշտ չէ, եթե այդքան հեշտ լիներ, մարդիկ պատերազմից հետո հարյուր հազարներով պիտի փողոց դուրս գային եւ քշեին այս իշխանություններին։ Դժվար է այս հասարակության հետ աշխատելը, եթե մարդը մինչեւ հիմա հավատում է, որ նախկիններն են հողերը տվել։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում