Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ` ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Մինչ նիստի մեկնարկը իր նստավայրում՝ Բելառուսի Անկախության պալատում, պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Ողջունելով հյուրերին՝ նախագահ Լուկաշենկոն կարևորել է Անկախ պետությունների համագործակցության դերը որպես կայացած միջպետական միավորում, որը թույլ է տալիս մասնակից երկրներին լուծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Այն արդյունավետ հարթակ է երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության տարբեր ուղղությունների շուրջ քննարկումների համար: Լուկաշենկոյի խոսքով՝ հենց ԱՊՀ-ի շրջանակում ձևավորված քաղաքական և տնտեսական համագործակցության հիման վրա է կազմավորվում Եվրասիական տնտեսական միությունը և միասնական տնտեսական տարածքը: Ալեքսանդր Լուկաշենկոն նաև տեղեկացրել է, որ 2014 թվականի հոկտեմբերին Մինսկում տեղի կունենա ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը:
Քիչ անց Մինսկում կմեկնարկի ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: